Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.05.2009
1. Սույն օրենքը սահմանում է պետական սուրհանդակային կապի (այսուհետ` սուրհանդակային կապ) կազմակերպման սկզբունքները, այն իրականացնող մարմնի իրավունքներն ու պարտականությունները, ուժերն ու միջոցները, կարգավորում է այդ մարմնի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են  հետեւյալ հիմնական հասկացությունները.

թղթակցություն` պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաթեթներ, ծանրոցներ, նամակահակեր, ինչպես նաեւ այլ ծառայողական (այդ թվում` ոչ գաղտնի) առաքանիներ, որոնք, սույն օրենքի համաձայն, ենթակա են առաքման.

սուրհանդակային կապ`  մեթոդների ու միջոցների ամբողջություն, որն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց եւ պետական մարմինների թղթակցության օպերատիվ առաքումն ու երաշխիքային պահպանվածությունը.

սուրհանդակային կապի մարմին` սույն օրենքով սահմանված կարգով   սուրհանդակային կապի բնագավառում գործունեություն իրականացնող մարմին.

սուրհանդակային երթուղի` թղթակցության առաքման համար սահմանված սուրհանդակային կապի մարմնի աշխատակցի ընթացուղին.

սուրհանդակային կապի ծառայությունների մատուցում` թղթակցության (բացա՟ռությամբ դիվանագիտական փոստի) ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման եւ հանձնման հետ կապված գործունեություն:

Հոդված 2. Սուրհանդակային կապի մարմինը

1. Սուրհանդակային կապն ապահովում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` սուրհանդակային կապի մարմին):

Հոդված 3. Սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքը

1. Սուրհանդակային կապի մարմնի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Ազգային անվտանգու՟թյան մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Սուրհանդակային կապի մարմնի խնդիրները

1.  Սուրհանդակային կապի մարմնի խնդիրներն են`

1) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը`

ա. Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ նրա աշխատակազմին,

բ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

դ. Հայաստանի Հանրապետության վարչապետին,

ե. Հայաստանի Հանրապետության նախարարություններին,

զ. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմիններին,

է. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը,

ը. Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտական գործող հանձնաժողովներին, խորհուրդներին,

թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին,

ժ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմիններին,

ժա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններին,

ժբ. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի),

ժգ. Հայաստանի  Հանրապետությունում  հավատարմագրված  Անկախ Պետությունների Համագործակցության երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին.

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված արտասահմանյան պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումը:

2. Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը սուրհանդակային կապի մարմնի կողմից ապահովվում է միայն սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց եւ պետական մարմինների, ինչպես նաեւ դրանց ինքնուրույն կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանումների միջեւ եւ Հայաստանի Հանրապետությունում սահմանափակվում է մարզկենտրոններով եւ Երեւան քաղաքով:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց եւ պետական մարմինների թղթակցությունն անձեռնմխելի է եւ ենթակա չէ զննության:

3. Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող մարմինները պարտավոր են իրենց իրավասության սահմաններում աջակցել թղթակցության օպերատիվ առաքման կազմակերպմանը, թղթակցության երաշխիքային պահպանվածության պայմանների ապահովմանը, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերել սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցներին թղթակցության փոխադրման պարտականությունները կատարելիս:

Հոդված 5. Սուրհանդակային կապի մարմնի գործունեության սկզբունքները

1. Սուրհանդակային կապի մարմնի գործունեությունն իրականացվում է հետեւյալ սկզբունքներով.

1) օրինականության.

2) մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու.

3) պետական եւ ծառայողական գաղտնիքի, ինչպես նաեւ օրենքով պաշտպանվող այլ տեղեկությունների պահպանության.

4) թղթակցության առաքման օպերատիվության եւ երաշխիքային պահպանվածության:

Հոդված 6. Թղթակցության ընդունման եւ առաքման կարգը, առավելագույն չափաքանակները

1. Թղթակցության ընդունման եւ առաքման կարգը, առավելագույն չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 2

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Սուրհանդակային կապի մարմնի իրավունքները

1. Սուրհանդակային կապի մարմինն իրավունք ունի`

1) թղթակցությունը եւ այն ուղեկցող աշխատակիցներին փոխադրելու գործող օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիներով.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործելու հատուկ տրանսպորտային միջոցներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցելու կապի բնագավառում գործունեություն իրականացնող մարմինների հետ:

Հոդված 8. Սուրհանդակային կապի մարմնի պարտականությունները

1. Սուրհանդակային կապի մարմինը պարտավոր է`

1) սուրհանդակային կապի ծառայություններ մատուցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց եւ պետական մարմիններին.

2) ապահովել մշտապես գործող սուրհանդակային երթուղիների ցանցի, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հատուկ սուրհանդակային երթուղիների միջոցով թղթակցության օպերատիվ առաքումը.

3) իրականացնել միջոցառումներ առաքվող թղթակցության պահպանման ուղղությամբ` ընդհուպ դրա ոչնչացումը, եթե բացակայում է պահպանությունն ապահովելու հնարավորությունը.

4) իր գործունեության ընթացքում կազմակերպել ու ապահովել պետական եւ ծառայողական գաղտնիքի, ինչպես նաեւ օրենքով պաշտպանվող այլ տեղեկությունների պահպանությունը.

5) ապահովել սուրհանդակային կապի համակարգի մոբիլիզացիոն պատրաստ՟վածությունը` ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում գործելու համար.

6) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում, լիազորված պետական կառավարման մարմնի իրավական ակտերի համաձայն, ապահովել սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների մասնագիտական պատրաստությունը՝ անցկացնելով համապատասխան պարապմունքներ նրանց հետ:

ԳԼՈՒԽ 3

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 9.  Ծառայությունը սուրհանդակային կապի մարմնում

1. Ծառայությունը սուրհանդակային կապի մարմնում կարգավորվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Սուրհանդակային կապի մարմնում պայմանագրային կարգով սպասարկման  աշխատանքներ իրականացնող անձանց գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հոդված 10. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների իրավական  պաշտպանությունը եւ սոցիալական պաշտպանվածությունը

1. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո:

2. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները կատարող աշխատակցին դիմադրելը, պատվին ու արժանապատվությանը վիրավորանք հասցնելը, բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Ծառայողական պարտականությունների հետ կապված` սուրհանդակային կապի մարմնի աշխատակցի եւ նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, պատվի, արժանապատվության եւ գույքի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործուղվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

5. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով` ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների համար սահմանված կարգով:

Հոդված 11. Սուրհանդակային կապի մարմնի տեխնիկական միջոցները

1. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցները թղթակցության առաքման ժամանակ երաշխիքային պահպանվածությունն ու օպերատիվությունն ապահովելու համար իրենց իրավասության սահմաններում օգտագործում են կապի տեխնիկական միջոցներ: Նշված տեխնիկական միջոցների կիրառումը չպետք է սպառնալիք դառնա մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ վնաս պատճառի շրջակա միջավայրին:

ԳԼՈՒԽ 4

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ: ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման պայմանները

1. Սուրհանդակային կապի մարմնի զինծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կիրառելու ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ:

2. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին պարտավոր է կիրառման պահից սկսած` 24 ժամվա ընթացքում, գրավոր զեկուցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին:

Հոդված 13.  Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների պատասխանատվությունը

1. Սուրհանդակային  կապի  մարմնի  աշխատակիցներն  իրենց պարտականությունները չկատարելու  կամ ոչ պատշաճ ձեւով կատարելու համար ենթարկվում են պատասխանատվու՟թյան Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ  5

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 14.  Սուրհանդակային կապի մարմնի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը

1. Սուրհանդակային կապի մարմնի ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինների վարչական շենքերում սուրհանդակային կապի մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները կամ աշխատակիցներին տեղաբաշխելիս վերջիններիս նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է այդ մարմինների միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

10.06.2009
ՀՕ-134