Armenian   Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.06.2009

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի 8-րդ հոդվածը  «հոդվածով» բառից հետո լրացնել  «, բացառությամբ 7 հոդվածի  «ժթ» ենթակետի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 7 հոդվածի «ժթ» ենթակետով նախատեսված գործունեության դեպքում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 59.3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում  իրացված գազի ընդհանուր ծավալի  նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով  20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում  ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:

Ստացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը կարող է վերցնել  գազալցման կայանի աշխատանքային ժամերին եւ հաշվիչի վրա դնել դրոշմակնիք.»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 59.4-րդ  եւ 59.5-րդ հոդվածները:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 59.6-րդ հոդվածով.

«Հոդված 59.6.  Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն  ամսական չափը

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել`

Երեւան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար`  1500000 դրամ,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների  համար`  1125000 դրամ,

այլ վայրերում գտնվող գազալցման կայանների  համար`  900000 դրամ:»:

Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը «մեծությունը» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ 7 հոդվածի «ժթ» ենթակետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի» բառերով, իսկ «մեծությունից» բառից հետո` «(հաստատագրված վճարի չափից)» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող  ամսվա մեկից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.06.2009
ՀՕ-152