Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.06.2009

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաuտանի Հանրապետության եւ oտարերկրյա օդանավ շահագործողների պատաuխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի uահմանաչափերը` նրանց գործունեության հետեւանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնաuները փոխհատուցելու համար:

Հոդված 2. Դեպի  Հայաստանի  Հանրապետություն,  Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ՝ օդանավ շահագործող) գործունեության հետեւանքով պատճառած հնարավոր վնասների, ներառյալ` երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնաuները միասին (այսուհետ՝ համակցված պատասխանատվություն), ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար, սահմանել ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի` համաձայն հավելվածում ներկայացված սահամանաչափերի:

Հոդված 3. Համակցված  պատասխանատվության  մաս  հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների, հետեւյալն են`

1) ուղեւորներին, թռիչքային եւ սպասարկող անձնկազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ եւ ուղեկցորդներ) անդամներին պատճառած մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղեւորի, օդանավում գտնվող թռիչքային եւ սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ եւ ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս, քան 100.000 (հարյուր հազար) Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր.

2) ուղեբեռների փոխադրման ժամանակ դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատավության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղեւորի համար սահմանվում է 1000 (հազար) ՀՓԻ  միավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղեւորն ուղեբեռի ձեւակերպման եւ փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` ուղեբեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին եւ անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղեւորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղեւորի ուղեբեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը.

3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը սահմանվում է 17  ՀՓԻ (SDR) յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղեւորը կամ բեռ առաքողը բեռի ձեւակերպման եւ փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` բեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին եւ անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղեւորի կամ բեռ առաքողի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղեւորի կամ բեռ առաքողի բեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը.

4) օդային փոխադրումն ուշացնելու հետեւանքով ուղեւորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 4150 ՀՓԻ հանրագումարով, եթե նրանք չեն ապացուցում, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ միջոցները` ուշացումից խուսափելու համար:

Հոդված 4. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջեւ, փոխադրողների եւ փոստային ծառայություն մատուցողների միջեւ հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում, մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն:



Հավելված

«Օդանավ շահագործողների
 պատաuխանատվության ապահովագրության
 նվազագույն ծածկույթի uահմանաչափերը
սահմանելու մասին» ՀՀ օրենքի

ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ

դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա օդանավ շահագործողների գործունեության հետեւանքով պատճառած հնարավոր վնասների համակցված պատասխանատվության  փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթի` յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար


Օդանավի սերտիֆիկացված առավելագույն թռիչքային քաշը (կգ)
 Օդանավ շահագործողի համակցված պատասխանատվության ապահովագրության նվազագույն սահմանաչափը` յուրաքանչյուր առանձին ապահովագրական դեպքի համար Հատուկ փոխառելիության իրավունքի ( SDR) միավոր
Մինչեւ 500
750.000
501-ից մինչեւ 2.000
1.500.000
2001-ից մինչեւ  6.000
3.000.000
6001- ից մինչեւ   9.000
6.000.000
9001- ից մինչեւ  12.000
18.000.000
12001-ից մինչեւ 25.000
80.000.000
25001-ից մինչեւ 50.000
150.000.000
50.001- ից մինչեւ   100.000
200.000.000
100.001- ից մինչեւ 200.000
300.000.000
200.000-ից ավել
500.000.000



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.07.2009
ՀՕ-156