ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2009

Հոդված 1. Օրենքի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչեւ 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):

Հոդված 2.  Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման հրապարակի ընտրությունը

1.  Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի եւ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2.  Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողատարածքները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման համար, օտարվում են «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:

Հոդված 4. Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքում հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին  պարբերաբար, բայց ոչ ուշ քան վեց ամիսը մեկ, տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին:

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.11.2009
ՀՕ-192


24.10.2018 «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին