Armenian   Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.10.2009

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 18. ԱԱՀ վճարող համարվող անձինք կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին ապրանք մատակարարելիս կամ ծառայություն մատուցելիս պարտավոր են դուրս գրել սույն օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթուղթ, եթե այդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի 20% (16.67%` հաշվարկային) դրույքաչափով հարկման: Հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանք մատակարարելու կամ ստացողի կողմից ծառայությունն ընդունելու օրը` մինչեւ այդ գործարքի մասով ԱԱՀ-ի պարտավորության ծագման պահը: Մանրածախ առեւտրի եւ բնակչությանը ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային հաշիվ դուրս է գրվում միայն գնորդ կազմակերպության կամ ֆիզիկական անձի պահանջով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի համաձայն, ապրանքի մատակարարում համարվող եւ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով կարող է դուրս գրել հարկային հաշիվ` միայն գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պահանջով, եւ եթե այդ ֆիզիկական անձն ունի հարկ վճարողի հաշվառման համար:

Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով լրացված եւ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը:

ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ ենթակետերով`

«4) այն գործարքների մասով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը (ներառյալ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքները).

5) այն գործարքների մասով, որոնք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, ազատվում են ԱԱՀ-ից.

6) պետական կառավարչական հիմնարկներին ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը «հաշվարկային փաստաթղթում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կրճատ հաշիվ-ապրանքագրերի)» բառերով.

2) առաջին պարբերությունը «ԱԱՀ-ի դրույքաչափը եւ գումարը,» բառերից հետո լրացնել «հարկային հաշվի սերիան եւ համարը» բառերով.

3) երրորդ պարբերության`

- առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով, «տեղեկություններ» բառը` «տեղեկանք» բառով, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի)» բառերով,

- երկրորդ նախադասությունում «տեղեկություններում» բառը փոխարինել «տեղեկանքում» բառով.

4) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքերում գնորդի պահանջով հարկային հաշվում առանձնացվում է նաեւ ակցիզային հարկի գումարը:

Հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել`

1) էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կամ

2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձեւերի լրացման միջոցով: Սույն մասում նշված հարկային հաշիվների ձեւերը ենթակա չեն այլ անձանց օտարման կամ պատճենահանման միջոցով բազմացման: Հարկային հաշիվների տրամադրման, դրանց լրացման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված եւ չօգտագործված հարկային հաշիվների վերադարձման կարգերը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հարկային մարմնից հաշիվների ձեւերի գինը եւ ձեռքբերման կարգը, հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձեւերի տպագրության, հարկային հաշվի սերիայի եւ համարի գեներացման, ինչպես նաեւ սույն հոդվածով ներկայացվող պահանջներին համապատասխանող հարկային հաշիվների դուրսգրումն ու հաշվառումն ապահովող այլ կարգերը:».

5) լրացնել հետեւյալ բավանդակությամբ նոր պարբերություններով`

«Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմին կարող են չներկայացվել այն հարկային հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել սույն հոդվածի երրորդ մասի 1-ին կետում նշված կարգով: Ընդ որում, սույն հոդվածի երրորդ մասի 1-ին կետում նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ չեն ներկայացվում, եթե հարկ վճարողի կողմից հարկային մարմնին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կապի միջոցով կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրվել է տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 22. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել եւ առնվազն մինչեւ դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Անձինք պարտավոր են առնվազն մինչեւ ստացման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:

Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել` դուրս գրված հարկային հաշվով առաջացած պարտավորության կատարման տարվանը հաջորդող երեք տարուց,

ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:»:

Հոդված 5. Օրենքի  43.1-րդ հոդվածում`

1) «տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման եւ ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները» բառերը փոխարինել «տեղեկանքում ապրանքների մատակարարմանը կամ ձեռքբերմանը եւ ծառայությունների մատուցմանը կամ ստացմանը վերաբերող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ» բառերով.

2) «ներկայացված» բառից հետո լրացնել «կամ չներկայացված» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք ներկայացվել են (ներառվել են տեղեկանքում) հարկային հաշվի ստացմանը հաջորդող որեւէ հաշվետու ժամանակաշրջանում, հաշվանցվում են տեղեկությունների ներկայացման ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.2-րդ հոդվածով`

«Հոդված 43.2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգի խախտմամբ կամ ապօրինի ձեռք բերված կամ պատճենահանված ձեւերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:»:

Հոդված 7. Օրենքի 44.1-րդ հոդվածում`

1) հանել «կամ պարզեցված հարկով հարկվող» բառերը.

2) առաջին նախադասության «դուրս գրված» բառերը փոխարինել «մատակարարների  կողմից դուրս գրված կամ սույն օրենքի 43.2 հոդվածում կամ անապրանք փաստաթղթում նշված,» բառերով.

3) երրորդ նախադասությունը «վերաբերող» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 43.2 հոդվածում նշված» բառերով:

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հոդվածների կամ կետերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը, 6-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.11.2009
ՀՕ-203