Armenian      
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2010

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «է» կետից հետո առաջին պարբերությունում «գրավոր հայտարարություն» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր հայտարարություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «` մինչեւ այդ գործարքի մասով ԱԱՀ-ի պարտավորության ծագման պահը» բառերը.

2) 2-րդ մասը «հաշվարկային» բառից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային» բառերով, եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Էլեկտրոնային հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է եւ պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հարկային հաշիվ չեն օրենսդրությամբ կրճատ հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթերը:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Թղթային կամ էլեկտրոնային հարկային հաշվում պարտադիր նշվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները.

2) ԱԱՀ-ի դրույքաչափն  ու գումարը` առանձին տողով.

3) հարկային հաշվի սերիան ու համարը.

4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում հարկային հաշվում առանձնացվում է նաեւ ակցիզային հարկի գումարը:

Հարկային հաշվում առանձին տվյալների բացակայության (բացառությամբ ԱԱՀ-ի գումարի) կամ սխալ լրացման դեպքերում հարկային հաշիվը համարվում է սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվ:

Հարկային հաշիվները դուրս են գրվում`

1) էլեկտրոնային եղանակով կամ

2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձեւերի լրացմամբ:

Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձեւերը ենթակա չեն այլ անձանց օտարման կամ պատճենահանման: Հարկային հաշիվների թղթային ձեւերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձեւերի օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված եւ չօգտագործված հարկային հաշիվների ձեւերի վերադարձման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` մինչեւ դրան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկանք հաշվետու ժամանակաշրջանում իրենց ձեռք բերած ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց մատակարարների դուրս գրած հարկային հաշիվների եւ իրենց մատակարարած ապրանքների եւ մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Տեղեկանքում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը: Սույն մասում նշված տեղեկանքը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում) եւ հարկ վճարողի հաշվառման համար նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:

Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններն այդ հաշիվները դուրս գրողի կողմից չեն ներառվում սույն հոդվածով սահմանված տեղեկանքում`

1) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել ինտերնետային կապի միջոցով.

2) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել առանց ինտերնետային կապի, եւ որոնց վերաբերյալ տեղեկատվությունը մինչեւ տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը էլեկտրոնային եղանակով ներկայացվել է հարկային մարմին:

Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները չեն ներառվում այդ հարկային հաշիվները ստացողի կողմից ներկայացման ենթակա` սույն հոդվածով սահմանված տեղեկանքում, եթե այդ հաշիվների ստացումը էլեկտրոնային եղանակով մինչեւ տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը հավաստել է ստացողը:

Սույն հոդվածով սահմանված տեղեկանքը հարկային մարմին չի ներկայացվում, եթե այլ պայմաններում դրանում ներառվելիք բոլոր հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները սույն հոդվածի համաձայն ենթակա չեն ներառման հարկային մարմին ներկայացվող տեղեկանքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է  ԱԱՀ վճարողների հաշվառման կարգը, հարկային հաշիվների դուրսգրման կարգը,  հարկային մարմնից հարկային հաշիվների թղթային ձեւերի ձեռքբերման գինն ու կարգը, հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձեւերի տպագրության, հարկային հաշվի սերիայի եւ համարի գեներացման կարգը:»:

Հոդված 5. Օրենքի  23-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2010
ՀՕ-192