Armenian English     English  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառում (այսուհետ` անձնավորված հաշվառում) իրականացնելուն առնչվող հարաբերությունները, սահմանում է անձնավորված հաշվառման գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Հոդված 2. Անձնավորված հաշվառման իրավական կարգավորումը

1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Անհատական տվյալների մասին», «Եկամտային հարկի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Uույն oրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) աշխատող ` գործատուների (հարկային գործակալների) հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող անձ.

2) ինքնազբաղված ` օրենքով չարգելված որեւէ գործունեությունից եկամուտ ստացող` աշխատող, անհատ ձեռնարկատեր, նոտար չհանդիսացող անձ.

3) ֆիզիկական անձ ` աշխատող, ինքնազբաղված, անհատ ձեռնարկատեր, նոտար.

4) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա (տեղեկատվական բազա)` ֆիզիկական անձանց վերաբերող ` սույն օրենքով սահմանված տվյալների ամբողջություն.

5) անձնավորված հաշվառում ` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկը, տարեկան եկամուտների մասին հաշվարկը եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի           8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված` անձնավորված հաշվետվությունները (այսուհետ` անձնավորված հաշվետվություններ) ստանալը, անձնավորված հաշվետվություններում ներառված տվյալները տեղեկատվական բազա ներառելը, պահպանելը, տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը.

6) անձնավորված հաշվետվություն ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված` սույն օրենքով սահմանված տվյալներ պարունակող էլեկտրոնային փաստաթուղթ.

7) գործատու` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտային հարկը պահող (գանձող) հարկային գործակալ:

Հոդված 4. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրները

1. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրներն են`

1) հարկային օրենսդրության կիրառման եւ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ճշտության ապահովումը.

2) մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծումը եւ հաշվարկ- կանխատեսումների իրականացումը.

3) կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բնականոն գործունեության ապահովումը.

4) ֆիզիկական անձանց կենսաթոշակային իրավունքների իրականացման ապահովումը:

Հոդված 5. Անձնավորված հաշվառման սկզբունքները

1. Անձնավորված  հաշվառման սկզբունքներն են`

1) անհատական տվյալների  հաշվառման անձնավորված լինելը.

2) եկամտային հարկ եւ պարտադիր կուտակային վճար վճարած յուրաքանչյուր ֆիզիկական անձի` անձնավորված հաշվառման համակարգում պարտադիր ընդգրկված լինելը.

3) իրեն վերաբերող տվյալների հասանելի լինելը ֆիզիկական անձին (տվյալների սուբյեկտին).

4) տեղեկատվական բազայում ներառված տվյալների օգտագործումը բացառապես օրենքով նախատեսված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 6. Անձնավորված հաշվառում իրականացնող մարմինը

1. Անձնավորված հաշվառումն իրականացնում է եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

Հոդված 7. Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները

1. Տեղեկատվական բազան ներառում է`

1) ֆիզիկական անձանց վերաբերող հետեւյալ տվյալները.

ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան oրը, ամիuը եւ տարին, անձի մահվան դեպքում` մահվան oրը, ամիuը եւ տարին,

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչեւ 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տվող մարմնի ծածկագիրը,

գ. uոցիալական ապահովության քարտի կամ uոցիալական ապահովության քարտ չունենալու մաuին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

դ. uեռը,

ե. բնակության վայրի հասցեն.

զ. քաղաքացիությունը.

2) աշխատողի դեպքում նաեւ`

ա. աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու օրը, ամիսը, տարին,

բ. աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք համարվող փաստաթղթերի (պայմանագրի, հրամանի եւ այլնի) տվյալները, մաuնագիտությունը (պաշտոնը),

գ. գործատուի (գործատուների) հարկ վճարողի հաշվառման համարը, լրիվ անվանումը, գտնվելու վայրը կամ պետական գրանցման վայրի հասցեն, պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին եւ գրանցման համարը,

դ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի չափը` ըստ գործատուների եւ ըստ ամիսների,

ե. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարված պարտադիր կուտակային վճարի չափը` ըստ գործատուների եւ ամիսների,

զ. կամավոր կուտակային վճարի չափը.

3)   անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաեւ`

ա. պետական գրանցման oրը, ամիuը եւ տարին, պետական ռեգիստրում գրանցման համարը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու oրը, ամիuը եւ տարին,

բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) եւ ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու)  oրը, ամիuը եւ տարին,

գ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած եկամտային հարկի չափը, հարկի վճարման oրը, ամիuը եւ տարին,

դ. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու oրը, ամիuը եւ տարին,

ե.  վճարած եկամտային հարկի կանխավճարների չափը` ըստ եռամսյակների, վճարման oրը, ամիuը եւ տարին.

4) նոտարի դեպքում նաեւ`

ա. պաշտոնում նշանակվելու եւ պաշտոնից ազատվելու oրը, ամիuը եւ տարին,

բ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած եկամտային հարկի չափը, հարկի վճարման oրը, ամիuը եւ տարին,

գ. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ  վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու oրը, ամիuը եւ տարին.

5)  ինքնազբաղվածի դեպքում նաեւ`

ա. գործունեության տեսակը,

բ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ վճարած եկամտային հարկի չափը, հարկի վճարման oրը, ամիuը եւ տարին,

գ. կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ  վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու oրը, ամիuը եւ տարին,

դ. արտոնագրային վճար վճարողների կողմից վճարած արտոնագրային վճարի չափը, այն կատարելու oրը, ամիuը եւ տարին.

6) աշխատանքային ստաժում հաշվառվող` օրենքով սահմանված այլ գործունեության ժամանակահատվածների մասին տեղեկատվություն.

7) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի, թաղման նպաստի գումարների չափերը, այդ գումարները վճարելու oրը, ամիuը եւ տարին:

Հոդված 8. Անհատական հաշիվը

1. Անհատական հաշիվը յուրաքանչյուր ֆիզիկական անձի` տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալների ամբողջությունն է:

2. Անհատական հաշիվ բացում է լիազոր մարմինը` ֆիզիկական անձի կողմից վճարներ կատարելու փաստի մասին տեղեկատվություն ստանալու հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված անձնավորված հաշվետվությունում ներառված տվյալները:

3. Անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 9. Տեղեկատվական բազայի ձեւավորումը եւ վարումը

1. Տեղեկատվական բազան ձեւավորելու եւ վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է`

1) գործատուներից (հարկային գործակալներից).

2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանցից.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողից.

4) պետական կառավարման մարմիններից:

2. Գործատուները (հարկային գործակալները) եւ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձինք սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են անձնավորված հաշվետվությունների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ:

Լիազոր մարմինը գործատուներին եւ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանց ապահովում է անձնավորված հաշվետվությունները ձեւավորելու եւ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողը, պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են էլեկտրոնային տարբերակով:

3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալների անվտանգությունն ապահովվում է oրենքով uահմանված կարգով:

4. Անձնավորված հաշվետվությունը ձեւավորելու եւ լիազոր մարմին ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ անձնավորված հաշվետվությունների ներքին եւ արտաքին ձեւը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 10. Տեղեկատվական բազան ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացնելը

1. Գործատուները (հարկային գործակալները) անձնավորված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացնում մինչեւ յուրաքանչյուր ամսվա 20-ը:

2. Գործատուների (հարկային գործակալների) ներկայացրած անձնավորված հաշվետվությունները տեղեկություններ են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իր աշխատողների եւ նրանց համար հաշվարկած եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:

3. Գործատուների (հարկային գործակալների) ներկայացրած անձնավորված հաշվետվությունները նաեւ ամփոփ տեղեկություններ են պարունակում նախորդ ամսվա ընթացքում տվյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասսիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

4. Օրենսդրությամբ  սահմանված  կարգով  հարկային  գործակալի պարտականություններից ազատված գործատուն աշխատողների վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է անձնավորված հաշվետվություններ, բացառությամբ հաշվարկված (վճարված) կուտակային վճարների եւ եկամտային հարկի:

Հոդված 11.  Տեղեկատվական բազան ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողների կողմից ներկայացնելը

1. Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղվածները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողները անձնավորված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողների ներկայացրած անձնավորված հաշվետվությունները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իր ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված անձանց դեպքում` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատողների կողմից ներկայացվող` սույն հոդվածով սահմանված հաշվետվությունները  տեղեկատվություն են պարունակում նաեւ իրենց գործատուների մասին:

Հոդված 12. Ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը

1. Լիազոր մարմինը ներկայացված տվյալները համադրում է տեղեկատվական բազայում առկա եւ պետական կառավարման մարմինների տրամադրած տեղեկատվության հետ:

2. Եթե ներկայացված տվյալներում անճշտություններ չեն հայտնաբերվում, ապա լիազոր մարմինը տվյալները ներառում է տեղեկատվական բազա:

3. Ներկայացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը մերժում է հաշվետվությունն ընդունելը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին: Այդ դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված:

4. Եթե ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ, որոնք մեխանիկական վրիպման արդյունք են (մեխանիկական է համարվում այն քերականական կամ թվային ակնհայտ վրիպակը, որը չի բերում տվյալներ ներկայացնողի եւ տվյալների սուբյեկտի իրավունքների եւ պարտականությունների ծավալի եւ բովանդակության փոփոխություն, կապված չէ թվաբանական մեծությունների հետ (գումար, քանակ), ապա լիազոր մարմինն ընդունում է հաշվետվությունը եւ տեղեկատվական բազա է ներառում ճիշտ տվյալները` վրիպակի մասին տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում տվյալներ ներկայացնողը ներկայացնում է նոր հաշվետվություն` սույն օրենքով սահմանված կարգով:

6. Տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը  սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 13.  Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը

1. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում, եթե`

1) տվյալներում առկա են անճշտություններ.

2) փոխվել է ֆիզիկական անձին վերաբերող որեւէ տվյալ:

2. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու համար կարող են դիմել`

1) գործատուն (կամ նրա իրավահաջորդը).

2) ֆիզիկական անձը (տվյալների սուբյեկտը):

3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում`

1) գործատուի կամ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձի ներկայացրած` ճշտված անձնավորված հաշվետվության հիման վրա.

2) լիազոր մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական, այդ թվում` ստուգման ակտի հիման վրա.

3) հարցն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:

Սույն մասի 1-ին կետով սահմանված ճշտված անձնավորված հաշվետվությունը ներկայացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 14.  Տեղեկատվական բազայից պետական մարմիններին եւ այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելը

1. Տեղեկատվական բազայից լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տվյալներ է տրամադրում`

1) Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած` կենuաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին.

2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին.

3) Հայաuտանի Հանրապետության օրենքով եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններին, պետական կառավարման այլ մարմիններին:

Հոդված 15.  Աշխատողների, ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների իրավունքները եւ պարտականությունները

1. Աշխատողը, ինքնազբաղվածը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը իրավունք ունեն`

1) լիազոր մարմնից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ստանալու իր անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

2) իր անհատական հաշվում առկա անհատական տվյալները ճշտելու (ուղղելու) համար գրավոր դիմել լիազոր մարմնին կամ գործատուին.

3) գործատուից (հարկային գործակալից) անվճար ստանալու լիազոր մարմին ներկայացված իր անհատական տվյալների  կրկնօրինակը.

4) դատական եւ վարչական կարգով բողոքարկել կամ վիճարկել լիազոր մարմնի կամ գործատուի (հարկային գործակալի) պաշտոնատար անձանց` իր անհատական հաշվում առկա տվյալներին առնչվող գործողությունները կամ անգործությունը:

2. Աշխատողը, ինքնազբաղվածը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը պարտավոր են`

1) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված տվյալները.

2) լիազոր մարմնի պահանջով ներկայացնել անհատական հաշվում ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթեր.

3) գործատուին (հարկային գործակալին) եւ լիազոր մարմնին ըստ անհրաժեշտության ներկայացնել իրեն վերաբերող տվյալները հաստատող փաստաթղթեր:

Հոդված 16. Գործատուի (հարկային գործակալի) իրավունքները եւ պարտականությունները

1. Գործատուն (հարկային գործակալը) իրավունք ունի`

1) իր աշխատողներից պահանջելու եւ ստանալու ներկայացված տվյալները հաստատող փաստաթղթեր.

2) սույն օրենքով սահմանված կարգով ճշտելու տեղեկատվական բազա ներառված` իր աշխատողներին վերաբերող տվյալները:

2. Գործատուն (հարկային գործակալը) պարտավոր է`

1) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվետվություն.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ներկայացնել նոր հաշվետվություն.

3) իր աշխատողի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացված նրա անհատական տվյալների կրկնօրինակը.

4) տվյալները ներկայացնելիս ստուգել աշխատողի ներկայացրած սոցիալական ապահովության քարտի (կամ uոցիալական ապահովության քարտ չունենալու մաuին տեղեկանքի) տվյալների եւ նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալների համապատասխանությունը:

Հոդված 17. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմնի լիազորություններն են`

1) գործատուից (հարկային գործակալից), ֆիզիկական անձանցից եւ պետական կառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ստանալ տվյալներ, ուսումնասիրել ներկայացված տվյալների հավաստիությունը, փոփոխություններ կատարել տեղեկատվական բազա ներառված տվյալներում.

2) անհատական հաշվառման համակարգում բացել ֆիզիկական անձի անհատական հաշիվ.

3) հուսալիորեն պահել ֆիզիկական անձանց անհատական հաշիվներում առկա տվյալները եւ անհատական հաշվառման այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ձեւավորվել են այդ տվյալները.

4)  հարկային գործակալին ծանուցել նրա ներկայացրած փաստաթղթերի մշակման արդյունքների եւ փաստաթղթերում առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտության մասին.

5) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նրան տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

6) անձնավորված հաշվետվություններ ներկայացնողին ապահովել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մատուցել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում տվյալների սուբյեկտը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

Հոդված 18. Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար

1. Սույն օրենքը խախտելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 19. Եզրափակիչ մաս

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ պարտադիր կուտակային վճարին առնչվող դրույթները` 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Գործատուները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչեւ 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անձինք սույն օրենքով սահմանված կարգով տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչեւ 2014 թվականի ապրիլի 15-ը`  2013 թվականի համար:

4. Գործատուների (հարկային գործակալների) առաջին անգամ ներկայացրած անձնավորված հաշվետվությունները ներառում են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով աշխատողի տրամադրած` իր բնակության վայրի մասին տվյալները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-247
12.11.2012 «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.06.2013 «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
21.06.2014 «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
01.12.2014 «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
18.05.2015 «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
16.12.2016 «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին