Armenian      
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.02.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 115-րդ հոդվածում`

1) հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները ».

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների եւ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետեւյալ սանկցիաները.».

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ եւ երրորդ  պարբերություններով.

«Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը:

Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:».

4) 6-րդ մասի «գործին մասնակցող անձանց, փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների եւ դատավարության այլ մասնակիցների» բառերը փոխարինել «գործին մասնակցող անձանց եւ փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների» բառերով.

5) 7-րդ մասի «կիրառվում են բացառապես» բառերը փոխարինել «կարող են կիրառվել» բառերով.

6) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:».

7) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Եթե դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսեւորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա եւ պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասը «կասեցնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դատական տուգանք կիրառելու» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.02.2011
ՀՕ-43