Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.02.2011

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը «բնագավառներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում» բառերով.

2)  3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պետությունը սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը միայն սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար:»:

Հոդված  2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում առաջին պարբերությունը «անապահով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի» բառերով, իսկ երրորդ պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը: Փոխհատուցման կարգը, չափը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.02.2011
ՀՕ-51