Armenian      
Հյուպատոսական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.05.2011

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ բաժնի 9-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ (ՎԻԶԱՆԵՐ) ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 37.1-ին հոդվածով.

«Հոդված 37.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց տալիս է Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականներ:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի դեպքում, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ճամփորդական փաստաթղթի դեպքում, օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը եւ այն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.05.2011
ՀՕ-147