Armenian      
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2011

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել  նոր պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 եւ 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից եւ Հայաստանի Հանրապետությունում  արտադրվող եւ իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված եւ պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է`

1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված եւ պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.

2) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված եւ մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարների գումարները հաշվարկային փաստաթղթերում առանձնացնում են միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողները եւ արտադրող իրացնողները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.06.2011
ՀՕ-175