Armenian      
Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.10.2011

Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-245-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ջրային ավազան վնասակար նյութերի եւ միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան՝ բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքի:

Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար բնապահպանական վճարները հաշվարկվում են  նրանց կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2011
ՀՕ-262