Armenian      
Կենդանական աշխարհի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.10.2011

Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) կենդանական աշխարհի պաշարների օգտագործման պայմանագրեր կնքելը.»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի եւ ածանցյալների արտահանումն ու ներմուծումն իրականացվում են կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման: Գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման համար հիմք է դառնում լիազորված մարմնի հետ  վայրի կենդանիների օգտագործման նպատակով կնքված պայմանագիրը` դրանում նշված տեսակներին եւ քանակներին համապատասխան:

Կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանումը եւ ներմուծումն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օգտագործումն իրականացվում է  լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:».

2) 3-րդ մասից հանել «Լիցենզիաներ տալու եւ» բառերը.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.10.2011
ՀՕ-263