Russian    
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2011

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ հասկացություններով.

«ջրաղբյուր` Հայաստանի Հանրապետության գետերի ջրերը, ստորերկրյա ջրերը, մակերեսային տեղական հոսքի ջրերը, որոնք հավաքվում են բնական կամ արհեստական ջրամբարներում, չորացման համակարգի ցամաքուրդային (դրենաժային) ջրերը.

ոռոգման ջուր` ոռոգման նպատակով օգտագործվող եւ ոռոգման ջրի ստանդարտներին համապատասխանող ջրային ռեսուրս, որը կարող է լինել ինչպես մակերեւութային, այնպես էլ ստորերկրյա.

ոռոգման համակարգ` Հայաստանի Հանրապետության ջրային համակարգի մի մասը, որն ընդգրկում է ոռոգման եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրատարներ, ջրանցքներ, ջրանցույցներ, դյուկերներ, ստորասրահներ, արագահոսներ, թունելներ, ջրանկումներ, հեղեղատարներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, արտեզյան եւ շատրվանող հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ծառայողական ճանապարհներն իրենց օտարման գոտիներով, շենք-շինություններով, էլեկտրահաղորդման գծերով եւ այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածում «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (ջրային համակարգերի օգտագործման թույլտվություններ չի տրամադրում եւ սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5)  գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին հոդվածով.

«Հոդված 55.1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը

Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը կարող է իրականացվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:

Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մի մասը` անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով, այդ գույքը նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնական մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակը` վերադարձնելու պայմանով:

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 61-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61.1-ին հոդվածով.

«Հոդված 61.1. Պետական եւ համայնքային սեփականություն համարվող ոռոգման համակարգը

Ոռոգման համակարգը ըստ ֆունկցիոնալ նշանակության դասակարգվում է`

1) մայրուղային ոռոգման համակարգ` ջրային աղբյուրից սկիզբ առնող միջհամայնքային, տնտեսային կամ ներտնտեսային ոռոգման համակարգերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (առաջին կարգի (հիմնական) ջրատարներ եւ պոմպակայաններ, մայր ջրանցքներ).

2) ոռոգման միջհամայնքային (միջտնտեսային) համակարգ` մայրուղային ոռոգման համակարգից սկիզբ առնող մեկից ավելի համայնքների ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երկրորդ կարգի ջրանցքներ եւ պոմպակայաններ).

3) ոռոգման տնտեսային համակարգ` մայրուղային կամ միջտնտեսային ոռոգման համակարգերից սկիզբ առնող եւ միայն մեկ համայնքի ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երրորդ կարգի ջրանցքներ).

4) ոռոգման ներտնտեսային համակարգ` տնտեսային ոռոգման համակարգերից, ինչպես նաեւ տեղական ջրաղբյուրներից սկիզբ առնող եւ միայն մեկ համայնքի ոռոգելի հողատարածքներին ոռոգման ջուր բաշխող համակարգ (չորրորդ կարգի ջրանցքներ կամ բաշխիչ ցանցեր):

Պետական սեփականություն համարվող առաջին եւ երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Պետական սեփականություն համարվող երրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին:

Պետական սեփականություն համարվող չորրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքին, ջրամատակարարներին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61.2-րդ հոդվածով.

«Հոդված 61.2. Ոռոգման համակարգի կառավարումը

Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը եւ ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

Ոռոգման ջրամատակարարման կառավարումը կարող է իրականացվել Ջրային համակարգերի կառավարման մարմնի եւ(կամ) մասնավոր կառավարման միջոցով:

Ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարումը կարող է իրականացվել մասնակցային կառավարման միջոցով Ջրօգտագործողների ընկերությունների եւ (կամ) Ջրօգտագործողների ընկերությունների միությունների կողմից` օրենքով սահմանված կարգով:

Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարման դեպքում ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել սույն օրենսգրքի 6-րդ գլխով սահմանված դեպքերում եւ կարգով:

Մասնակցային կառավարումն իրականացնող իրավաբանական անձինք ունեն ոռոգման համակարգի օգտագործման նախապատվության իրավունք :»:

Հոդված 9. Օրենսգրքի 9-րդ գլխի վերնագրում «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՈՌՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 71-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71.1-ին հոդվածով.

«Հոդված 71.1. Ոռոգման համակարգի մասնակցային կառավարումը

Ոռոգման ջրամատակարարման մասնակցային կառավարումն իրականացվում է Ջրօգտագործողների ընկերությունների եւ (կամ) Ջրօգտագործողների ընկերությունների միությունների միջոցով:

Ջրօգտագործողները կարող են միավորվել` օրենքով սահմանված կարգով հիմնադրելով Ջրօգտագործողների ընկերություններ, իսկ Ջրօգտագործողների ընկերությունները` Ջրօգտագործողների ընկերությունների միություններ:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.11.2011
ՀՕ-273