ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2011


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության որակի եւ անվտանգության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքով սահմանվում են`

1) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման հիմնական սկզբունքները.

2) արյան եւ դրա բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության  կազմակերպման հիմնական սկզբունքները.

3) դոնորների, ռեցիպիենտների, բժշկական կազմակերպությունների եւ ոլորտի այլ կազմակերպությունների իրավունքները եւ պարտականությունները.

4) արյան կամ դրա բաղադրամասերի որակի եւ անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները:

3. Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկությունները:

Հոդված 2. Oրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) արյան բաղադրամաս ` ֆիզիկական մեթոդներով արյունից անջատված  ցանկացած բաղադրամաս.

2) արյան դոնոր ` 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող անձ, որը կամովին հանձնում է արյուն կամ արյան բաղադրամասեր.

3) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն ` դոնորի կողմից կատարվող արյան կամ արյան բաղադրամասերի հանձնում.

4) դոնորության գործընթաց ` արյան, արյան բաղադրամասերի եւ արյան պատրաստուկների պահանջարկն ապահովելու նպատակով դոնորության քարոզչություն, դոնորների ընտրություն, դոնորական արյան հավաքում, հետազոտում, դոնորական արյան բաղադրամասերի ստացում, պահպանում, տեղափոխում եւ տրամադրում այլ կազմակերպությունների.

5) արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համակարգ ` բժշկական եւ ոչ բժշկական կազմակերպությունների ցանց, որոնք ընդգրկված են մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացում.

6) փոխներարկումային բժշկական օգնություն ` արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում բժշկական մասնագիտական  գործունեության տեսակ, որը ներառում է  դոնորական արյան բաղադրամասերի պահպանումը եւ դոնորական արյան բաղադրամասերի փոխներարկումը.

7) արյան պատրաստուկներ ` պլազմայից  ստացված կենսաբանական նյութեր.

8) արյան ռեցիպիենտ `  բուժական նպատակով արյան բաղադրամասեր ստացող անձ.

9) դոնորի իմունացում ` օտար հակածնի ներարկում դոնորին` հատուկ ախտորոշիչ կամ բուժական հատկություններով օժտված արյան բաղադրամասերի ստացման նպատակով.

10) արյան  ռեեստր `  արյան դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ արյան բաղադրամասերի պաշարների, փոխներարկումային բարդությունների տեղեկատվական համակարգ.

11) փոխներարկումային բարդություններ `  ցանկացած բարդություն, որն առաջանում է ռեցիպիենտի մոտ` կապված արյան բաղադրամասերի փոխներարկման հետ.

12) լիազոր մարմին ` առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.

13) դոնորի տեղեկացված համաձայնություն ` բուժանձնակազմի կողմից դոնորին հասկանալի լեզվով արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի եւ գործընթացի, դրա հետեւանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկատվություն տրամադրվելու դեպքում դոնորության վերաբերյալ կամավոր համաձայնություն.

14) ռեցիպիենտի տեղեկացված համաձայնություն ` ռեցիպիենտին արյան բաղադրամասեր փոխներարկելու նպատակի եւ գործընթացի, դրա հետեւանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի մասին բուժանձնակազմի կողմից ռեցիպիենտին հասկանալի լեզվով տեղեկատվություն տրամադրելու դեպքում ռեցիպիենտի կամավոր համաձայնություն:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին

1. Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության  մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է  միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, սույն օրենքից բխող իրավական ակտերից եւ իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության  կարգավորման այլ նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերը:

Հոդված 4. Արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական մասնագիտական գործունեության  տեսակները

1. Արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում բժշկական մասնագիտական  գործունեության տեսակներն են`

1) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպումը.

ա. դոնորների ընտրությունը եւ բժշկական հետազոտումը,

բ. դոնորական արյան կամ դրա  բաղադրամասերի հավաքումը,

գ. դոնորական արյան կամ դրա  բաղադրամասերի հետազոտումը,

դ. արյան բաղադրամասերի պատրաստումը,

ե. արյան բաղադրամասերի պահպանումը,

զ. արյան բաղադրամասերի երկարատեւ պահպանումը,

է. արյան բաղադրամասերի տեղափոխումը եւ տրամադրումը այլ ստորաբաժանումներին կամ կազմակերպություններին` փոխներարկման կամ արյան պատրաստուկների արտադրման նպատակով.

2) փոխներարկումային բժշկական օգնությունը.

ա. դոնորական արյան բաղադրամասերի պահպանումը,

բ. դոնորական արյան բաղադրամասերի ընտրությունը եւ փոխներարկումը:

2. Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման եւ փոխներարկումային բժշկական օգնության տեսակների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ լիազոր մարմնի հրամանով: 

ԳԼՈՒԽ  2

ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 5. Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում  պետական քաղաքականության սկզբունքները

1. Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում  պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի պետական կարգավորումն ու վերահսկողությունը.

2) աստիճանական անցումը արյան եւ դրա բաղադրամասերի անհատույց կամավոր դոնորության.

3) հավաքված արյան եւ դրա բաղադրամասերի որակի եւ անվտանգության ապահովումը.

4) արյան եւ դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը.

5) արյան դոնորների,  ռեցիպիենտների, ինչպես նաեւ արյան  եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մեջ ներգրավված բուժաշխատողների առողջության պահպանման եւ իրավական  երաշխիքների ապահովումը.

6) փոխներարկումային բժշկական օգնության հասանելիության ապահովումը.

7) Հայաստանի Հանրապետությունում արյան, դրա բաղադրամասերի եւ արյան պատրաստուկների անհրաժեշտ քանակության ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում.

8) Հայաստանի Հանրապետությունում սեփական ուժերով անհրաժեշտ արյան պաշարների ապահովումը:

Հոդված 6. Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.

2) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության  ազգային ծրագրի (այսուհետ` արյան ազգային ծրագիր) հաստատումը.

3) արյան եւ դրա բաղադրամասերի արտահանման  եւ ներմուծման կարգի հաստատումը.

4) արյան  ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման եւ տրամադրման կարգի հաստատումը.

5) արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման  կարգի հաստատումը.

6) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.

7) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության  նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը.

8) արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումը:

Հոդված 7. Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության  բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները

1. Մարդու  արյան  եւ  դրա  բաղադրամասերի  դոնորության  եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են`

1) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

2) արյան  ազգային ծրագրի մշակումը եւ ներկայացումը կառավարության հաստատմանը.

3) օրենքով սահմանված կարգով արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության եւ որակի  ապահովման պետական վերահսկողությունը.

4) փոխներարկման համար անհրաժեշտ քանակության արյան եւ դրա բաղադրամասերի պլանավորումը, ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում.

5) դոնորի կողմից արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու  հաճախականության հաստատումը.

6) դոնորության համար հակացուցումների ցանկի հաստատումը.

7) դոնորի իմունացման կարգի հաստատումը.

8) դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի,  համաձայնության եւ դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձեւերի հաստատումը.

9) դոնորի բժշկական հետազոտությունների ցանկի եւ հետազոտությունների իրականացման կարգի հաստատումը.

10) արյան եւ դրա բաղադրամասերի, արյան նմուշի հետազոտության ցանկի եւ հետազոտությունների կարգի հաստատումը.

11) փոխներարկվող արյան բաղադրամասերի համատեղելիության որոշման կարգի հաստատումը.

12) արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական փաստաթղթերի ձեւերի ու դրանց լրացման կարգերի հաստատումը.

13) արյան եւ դրա բաղադրամասերի պաշարների հավաքման եւ պահպանման կարգի հաստատումը.

14) արյան ռեեստրի վարումը:

Հոդված 8. Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության  բնագավառում տարածքային կառավարման մարմինների  լիազորությունները

1. Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում տարածքային կառավարման մարմինների  լիազորություններն են`

1) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության  բնագավառում պետական միասնական քաղաքականության իրագործման ապահովումը.

2) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության  պետական ծրագրի իրականացմանն աջակցելը.

3) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակում իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպություններում արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը:

Հոդված 9. Արյան կամ դրա բաղադրամասերի գովազդը

1. Արգելվում է արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության առեւտրային բնույթ կրող գովազդը:

Հոդված 10. Արյան ազգային ծրագիրը

1. Արյան ազգային ծրագիրը հաստատում է կառավարությունը: Դրանով  սահմանվում են`

1) արյան անհրաժեշտ պաշարների հավաքման մեթոդներն ու եղանակները.

2) արյան եւ դրա բաղադրամասերի անվտանգության եւ որակի ապահովմանն ուղղված միջոցառումները.

3) արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումները.

4) փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության եւ որակի ապահովմանն  ուղղված միջոցառումները.

5) արյան ծառայության զարգացմանն ուղղված միջոցառումները.

6) արյան ծառայության համար անհրաժեշտ կադրերի, սարքավորումների, նորագույն մեթոդների ապահովմանն ուղղված միջոցառումները.

7) արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության տեղեկատվական համակարգի (արյան ռեեստրի) վարմանն ուղղված միջոցառումները.

8) անհրաժեշտ քանակությամբ անվտանգ, արդյունավետ եւ որակյալ արյան եւ դրա բաղադրամասերի ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ.

9) արտակարգ իրավիճակներում արյան եւ դրա բաղադրամասերի ապահովմանն ուղղված միջոցառումները.

10) արյան պատրաստուկների արտադրության զարգացմանն ուղղված միջոցառումները: 

ԳԼՈՒԽ 3

ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԸ

Հոդված 11. Արյան ռեեստրի վարումը

1. Արյան  ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման եւ օգտագործման կարգը հաստատում է կառավարությունը:

2. Արյան   ռեեստրում  դոնորների  վերաբերյալ  գրանցված  տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք եւ կարող են տրամադրվել արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին  սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ  սահմանված դեպքերում եւ կարգով:

3. Արյան ռեեստրում գրանցված դոնորների մոտ շրջապատի համար վտանգավոր հիվանդություն  կամ վարակակրություն հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը` հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար:

4. Արյան  ռեեստրում գրանցված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները կարող են այլ անձանց տրամադրվել օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 12. Արյան ռեեստրում գրանցվող տեղեկատվությունը

1. Արյան  ռեեստրում  հավաքվում  եւ  գրանցվում  են`

1) արյան  դոնորությամբ  եւ  փոխներարկմամբ  զբաղվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

2) դոնորին վերաբերող տեղեկատվությունը.

3) արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության ընթացքում առաջացած բարդությունների եւ կողմնակի երեւույթների վերաբերյալ տեղեկատվությունը.

4) արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպություններում առկա արյան եւ դրա բաղադրամասերի պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը.

5) արյան եւ դրա բաղադրամասերի խոտանման եւ դրա հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը (արյան եւ դրա բաղադրամասերի պահպանման ժամկետները լրանալու, անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանելու դեպքերում).

6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ տեղեկատվություն:

Հոդված 13. Արյան ռեեստր տեղեկատվության տրամադրումը եւ ստացումը

1. Արյան  դոնորությամբ  եւ  փոխներարկմամբ  զբաղվող կազմակերպությունները պարտավոր են համակարգչային ցանցով միացված լինել արյան ռեեստրին:

2. Արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունը պարտավոր է արյունը վերցնելու, փոխներարկելու կամ խոտանելու օրը սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնել ռեեստր:

3. Արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության նպատակով արյան ռեեստրին համակարգչային ցանցով միացված կազմակերպությունները կարող են կառավարության սահմանած կարգով ռեեստրից ստանալ տեղեկատվություն:

ԳԼՈՒԽ 4

ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 14. Արյան դոնորության սկզբունքները

1. Մարդու արյան դոնորությունը կամավոր գործողություն է:

2. Արյան դոնոր կարող է լինել 18 տարին լրացած, բժշկական զննություն անցած եւ դոնորության հակացուցում չունեցող յուրաքանչյուր գործունակ անձ` բժշկի պատճառաբանված եզրակացության հիման վրա:

3. Մարդու համար նախատեսված բժշկական նպատակներով օգտագործվող արյունը կարող է վերցվել միայն մարդուց:

4. Արյան դոնորից արյուն կամ դրա բաղադրամասեր վերցնելը թույլատրելի է միայն դոնորի առողջությանը վնաս չպատճառելու դեպքում:

5. Արյան դոնորը կարող է արյուն կամ արյան բաղադրամաս հանձնել ոչ շուտ, քան լիազոր մարմնի սահմանած հաճախականությամբ:

6. Արյան դոնորության ընթացքում արգելվում է որեւէ խտրականություն` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Հոդված  15. Արյան դոնորի իմունացումը

1. Արյան դոնորի տեղեկացված համաձայնությամբ ցանկացած հակածինով իմունացումն իրականացվում է  լիազոր մարմնի սահմանած կարգով:

Հոդված 16. Արյան դոնորության քարոզչությունը

1. Արյան դոնորության քարոզչությունը համակարգում եւ իրականացնում է  լիազոր մարմինը` պետական ծրագրին համապատասխան: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ  կազմակերպությունները համաձայնությամբ կարող են ներգրավվել լիազոր մարմնի կողմից իրականացվող արյան դոնորության քարոզչության մեջ:

2. Զանգվածային լրատվամիջոցները, ոչ պետական, հասարակական, կրոնական եւ այլ կազմակերպությունները կարող են մասնակցել արյան դոնորության  քարոզչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ աջակցում են արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումներին:

Հոդված 17. Դոնորին տրամադրվող տեղեկատվությունը եւ համաձայնության ստացումը

1. Արյան դոնորության գործընթացն սկսելուց առաջ արյան դոնորին հասկանալի լեզվով պետք է տեղեկատվություն տրամադրվի արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի եւ գործընթացի, դրա հետեւանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների եւ պարտականությունների մասին՝ դոնորին տրամադրելով տեղեկատվական թերթիկ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը եւ տեղեկատվական թերթիկը ստանալուց հետո դոնորը տալիս է գրավոր համաձայնություն եւ լրացնում իր առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիր:

3. Սույն հոդվածով նախատեսված` արյան դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի,  համաձայնության եւ դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը:

Հոդված  18. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգը

1. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինս անցնում է անվճար բժշկական հետազոտություն, որն իրականացնում է (են) բժիշկը (բժիշկները)` լիազոր մարմնի հաստատած կարգով:

2. Արյան հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ քանակությամբ արյուն է վերցնում, պիտակավորում եւ ուղարկում հետազոտության:

3. Փոխհատուցվող դոնորից արյուն վերցնելու կամ արյան բաղադրամասերի հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով կարող է իրականացվել արյան նմուշի հետազոտություն, իսկ հակացուցումների բացակայության դեպքում` վերցվել անհրաժեշտ քանակությամբ արյուն կամ արյան բաղադրամաս: Այս դեպքում դոնորը արյունը վերցնելու եւ հետազոտման ամբողջ գործընթացում պետք է մնա բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի հսկողության ներքո:

Հոդված 19. Արյան հետազոտությունը

1. Արյան կամ դրա բաղադրամասերի հավաքման դեպքում արյունը պարտադիր կարգով հետազոտվում է`  արյան կամ դրա բաղադրամասերի անվտանգությունն ապահովելու նպատակով:

2. Լիազոր մարմինը հաստատում է արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները:

Հոդված 20. Արյան բաղադրամասերի պատրաստումը

1. Արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով կարող են անջատվել  բաղադրամասեր` կառավարության սահմանած կարգով:

Հոդված  21. Արյան կամ դրա  բաղադրամասերի պահպանումը

1. Արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով դրանց պահպանումը հատուկ ջերմային եւ անվտանգության պայմաններում իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

2. Արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպում կամ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող լիցենզավորված անձինք պարտավոր են սույն հոդվածով  նախատեսված կարգով իրականացնել արյան կամ դրա բաղադրամասերի պահպանումը:

Հոդված 22. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը

1. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է`  ապահովելով վերջիններիս որակական եւ անվտանգության ցուցանիշների անփոփոխությունը:

2. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է հատուկ սարքավորումների եւ (կամ) տրանսպորտի միջոցով` ապահովելով սառցային շղթան:

3. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

Հոդված 23. Դոնորական արյան պատրաստուկների արտադրությունը եւ շրջանառությունը

1. Արյան  պատրաստուկների  արտադրությունն  իրականացնում  են լիցենզավորված կազմակերպությունները` օրենքով սահմանված կարգով:

2. Արյան   պատրաստուկների   արտադրությամբ   զբաղվող կազմակերպությունները կառավարության սահմանած կարգով որպես հումք օգտագործում են արյան բաղադրամասերը, որոնք ստացվում են դոնորական արյունից եւ (կամ) ընկերքից:

3. Արյան  պատրաստուկների  արտադրության  գործընթացը  եւ շրջանառությունը կարգավորվում են «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Հոդված 24. Արյան կամ դրա բաղադրամասերի խոտանումը

1. Ժամկետանց կամ անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող արյունը կամ դրա բաղադրամասերը խոտանվում են բժշկական թափոնների համար սահմանված կարգով:

2. Առողջապահության ոլորտի կառավարման մարմնի թույլտվությամբ ժամկետանց արյունը կարող է օգտագործվել կրթական, իսկ  անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող արյունը` նաեւ գիտահետազոտական, ախտորոշիչ թեստ-համակարգերի արտադրման  նպատակներով:

Հոդված 25. Դոնորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Դոնորն իրավունք ունի`

1) մինչեւ արյունատվությունը լիարժեք տեղեկատվություն ստանալու արյունատվության գործընթացի, դոնացիայի հետ կապված հնարավոր բարդությունների, դոնորական արյան հետազոտման կարգի, դոնորի իրավունքների, պարտականությունների եւ դոնորին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ.

2) տեղեկատվություն  ստանալու  բժշկական  եւ  լաբորատոր հետազոտությունների արդյունքների  մասին.

3) ստանալու արյունատվության ընթացքում պատճառված առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.

4) արյունատվությունից ինքնաբացարկ, ինչպես նաեւ արյունատվությունից հետո արյունը կամ արյան բաղադրամասերը օգտագործման համար ոչ պիտանի հայտարարելու` առանց պատճառների պարզաբանման.

5) պահանջելու իր արյունատվության վերաբերյալ գաղտնիության ապահովում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դոնորը պարտավոր է հայտնել  նախկինում իր կրած կամ տվյալ պահին առկա հիվանդությունների  եւ վարքագծային գործոնների վերաբերյալ (ծխախոտ, ալկոհոլ օգտագործելը եւ դրա հաճախանականութունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածություն եւ դրա հաճախականությունը) պահանջվող տեղեկությունները:

3. Դոնորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր առողջական վիճակի եւ վարքի վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու կամ աղավաղելու համար, եթե դրա հետեւանքով պատճառվել կամ կարող էր պատճառվել վնաս ռեցիպիենտի առողջությանը:

Հոդված 26. Դոնորին տրվող արտոնությունները

1. Դոնորի  բժշկական  հետազոտումը  արյունատվությունից  առաջ իրականացվում է անվճար եւ նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:

2. Արյունատվությունից  հետո  կենսաբանական  եւ  էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած կարգով դոնորին  տրամադրվում  է  սնունդ:

3. Օրենքով կարող են սահմանվել դոնորին տրվող այլ արտոնություններ:

ԳԼՈՒԽ 5

ԱՐՅԱՆ  ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնական սկզբունքները

1. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է միայն բուժական նպատակներով:

2. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունը կարող է կիրառվել հիվանդի առողջության վերականգնման եւ (կամ) կյանքի փրկության նպատակով:

3. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունն իրականացնում է բժիշկը կամ միջին բուժաշխատողը` բժշկի հսկողության ներքո:

4. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է` կանխարգելելով փոխներարկումային բարդությունների առաջացումը:

5. Փոխներարկումը թույլատրվում է միայն ռեցիպիենտի տեղեկացված համաձայնությամբ:

6. Արյան բաղադրամասերի փոխներարկումն առանց ռեցիպիենտի տեղեկացված համաձայնության թույլատրվում է, եթե ռեցիպիենտի կյանքը վտանգված է, եւ

1) նրա ֆիզիկական կամ հոգեկան վիճակը թույլ չի տալիս տրամադրել տեղեկացված համաձայնություն.

2) փոխներարկումային բժշկական օգնության համար համաձայնությունը հնարավոր չէ ստանալ  նրա օրինական ներկայացուցչից:

7. Ռեցիպիենտի  կամ նրա  օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից` համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթերում:

Հոդված 28.  Արյան բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության  իրականացումը

1. Արյան բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության իրականացման անհրաժեշտության դեպքում ռեցիպիենտը առողջության պահպանման նպատակով անցնում է բժշկական հետազոտություն եւ փոխներարկվող արյան բաղադրամասերի համատեղելիության որոշման հետազոտում, որն իրականացնում է (են) բժիշկը (բժիշկները)` լիազոր մարմնի հաստատած կարգով:

2. Փոխներարկումային բժշկական օգնության նպատակով մարդուն ներարկվում են դոնորական արյունից ստացված արյան բաղադրամասեր:

3. Արգելվում է մարդուն փոխներարկել սահմանված կարգով չստուգված կամ ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր:

4. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:

5. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման ընթացքում բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում:

6. Յուրաքանչյուր փոխներարկումային բժշկական օգնության հետեւանքով առաջացած  բարդության վերաբերյալ  բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում, եւ գրավոր հաղորդագրություն է ներկայացվում արյան ռեեստր:

Հոդված 29. Ռեցիպիենտի իրավունքները

1. Ռեցիպիենտը  կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավունք ունի`

1) մինչեւ արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացումը ստանալու լիարժեք եւ հավաստի տեղեկատվություն փոխներարկման գործընթացի եւ դրա հետ կապված  հնարավոր բարդությունների, ինչպես նաեւ փոխներարկումից հրաժարվելու դեպքում` իր առողջական վիճակի վատացման աստիճանի վերաբերյալ.

2) հրաժարվելու փոխներարկումից, բացառությամբ կյանքի համար անմիջական վտանգի դեպքի: Փոխներարկումից հրաժարվելը ձեւակերպվում է գրավոր` ռեցիպիենտի ստորագրությամբ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում.

3) ստանալու փոխներարկման ընթացքում պատճառված առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.

4) պահանջելու իրեն մատուցված ծառայությունների եւ իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ԳԼՈՒԽ 6

ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

Հոդված 30.  Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը

1. Արյան կամ դրա բաղադրամասերի  արտահանումը  Հայաստանի Հանրապետությունից թույլատրվում է`

1) Հայաստանի  Հանրապետության  կարիքների  համար  արյան պատրաստուկների ստացման կամ պատրաստուկների հետ փոխանակման նպատակով.

2) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ռեցիպիենտին փոխներարկելու  նպատակով.

3) արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաեւ լիազոր մարմնի հավանությանն արժանացած միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում:

2. Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը կարող է թույլատվել միայն Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան բավարար քանակի առկայության դեպքում:

3. Հայաստանի Հանրապետությունից արյան կամ դրա բաղադրամասերի արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 31. Արյան կամ դրա բաղադրամասերի ներմուծումը

1. Արյան  կամ  դրա  բաղադրամասերի  ներմուծումը  Հայաստանի Հանրապետություն կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով լիազոր մարմնի թույլտվությամբ իրականացվում է`

1) արտակարգ իրավիճակներում հանրապետության ներքին պաշարների անբավարարության եւ

2) բացառիկ դեպքերում հանրապետության ներքին պաշարների անբավարարության դեպքերում:

ԳԼՈՒԽ 7

ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 32.  Մարդու արյան դոնորություն եւ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համակարգը

1. Հայաստանի  Հանրապետության   արյան  դոնորություն  եւ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համակարգը ներառում է`

1)  արյան ազգային կենտրոնը.

2)  արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները.

3) փոխներարկումային  բժշկական  օգնություն  իրականացնող կազմակերպությունները.

4) արյան  պատրաստուկների  արտադրությամբ  զբաղվող կազմակերպությունները:

Հոդված 33.  Արյան ազգային կենտրոնի իրավասությունը մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում

1. Արյան ազգային կենտրոնը իրավաբանական անձ է, որի  գործունեության հիմնական ուղղություններն են`

1) մասնակցությունը արյան ազգային ծրագրի իրականացմանը.

2) մասնակցությունը մարդու արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության քաղաքականության նախագծի մշակմանը, քաղաքականության ներդրմանը եւ դիտարկմանը.

3) կառավարության սահմանած կարգով պետական պաշարների պահպանումը.

4) արյան ազգային ծառայությունում ընդգրկված կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության ցուցաբերումը, մասնագիտական խորհրդատվության իրականացումը.

5) լիազոր մարմնի հանձնարարությամբ արյան դոնորական եւ փոխներարկումային   ծառայությունների բնագավառում մասնագիտական դիտարկումների իրականացումը.

6) արյան բաղադրամասերի տարեկան պաշարների պլանավորումը եւ դրա ներկայացումը լիազոր մարմին`  հաստատման.

7) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների տարեկան ցանկի մշակումը, ներկայացումը լիազոր մարմին` հաստատման եւ մասնակցություն դրա իրականացմանը.

8) լիազոր մարմնի հանձարարությամբ արյան ռեեստրի վարումը.

9) oրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

Հոդված 34. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները

1. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ են, որոնք իրականացնում են հետեւյալ գործառույթները կամ դրանց մի մասը`

1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում եւ փոխներարկման նախապատրաստում.

2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպության այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար.

3) ոչ պիտանի արյան բաղադրամասերի խոտանում.

4) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարում.

5) դոնորական արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխում.

6) դոնորական արյան եւ դրա բաղադրամասերի պաշարների ստեղծում, հետազոտում եւ պահպանում.

7) դոնորական արյան եւ դրա բաղադրամասերի տրամադրում այլ ծառայությունների եւ կազմակերպությունների` փոխներարկման, պաշարների ստեղծման կամ արյան պատրաստուկների արտադրման  նպատակով.

8) դոնորական արյան հավաքման եւ օգտագործման բոլոր փուլերի ընթացքում որակի  եւ անվտանգության ապահովում.

9) խորհրդատվության տրամադրում հիվանդանոցային փոխներարկումային ծառայությանը.

10) լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն` տվյալների հավաքում եւ տրամադրում արյան  ռեեստրին.

11) ոչ պիտանի արյան եւ դրա բաղադրամասերի խոտանում:

Հոդված 35. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները

1. Փոխներարկումային  բժշկական  օգնություն  իրականացնող կազմակերպությունները լիցենզավորված բժշկական կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ են, որոնք իրականացնում են հետեւյալ ծառայությունները կամ դրանց մի մասը`

1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում եւ փոխներարկման նախապատրաստում.

2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպության այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար.

3) ոչ պիտանի արյան բաղադրամասերի տրամադրում արյան դոնորություն իրականացնող կազմակերպություններին կամ դրանց ստորաբաժանումներին`  խոտանման նպատակով.

4) փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարում.

5) արյան բաղադրամասերի պաշարների, փոխներարկման եւ փոխներարկման ընթացքում առաջացած կողմնակի երեւույթների եւ բարդությունների վերաբերյալ, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկատվության հավաքում եւ տրամադրում արյան ռեեստրին:

Հոդված 36.  Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների պարտականությունները արյան պաշարների եւ փոխներարկումային բժշկական օգնության ապահովման ոլորտում

1. Բժշկական  օգնություն  եւ  սպասարկում  իրականացնող կազմակերպությունները լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում պարտավոր են ունենալ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնելու կարողություններ եւ արյան անհրաժեշտ նվազագույն պաշար:

2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն լիազոր մարմնի հաստատած պահանջներին համապատասխանող արյան վարակային անվտանգության հետազոտություն անցկացնելու պայմաններ, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են այլ բժշկական կազմակերպություններում:

3. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները իրենց մոտ առկա արյան բաղադրամասերը, ըստ անհրաժեշտության, կառավարության սահմանած կարգով տրամադրում են այլ բժշկական կազմակերպությունների:

Հոդված 37.  Արյան դոնորության հարցերով  զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ միավորումների մասնակցությունը  արյան  կամ   դրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպմանն  ու  քարոզչությանը

1. Հայաստանի  Հանրապետությունում  գործող  հասարակական  կազմակերպությունները, որոնց  կանոնադրությամբ  նախատեսվում է աջակցություն  ցուցաբերել  բնակչության առողջության   պահպանմանը, պետական  կառավարման  եւ  տեղական  ինքնակառավարման  մարմինների  հետ  համատեղ  մասնակցում  են արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպմանը,  զարգացմանը, ինչպես  նաեւ  մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի   կամավոր  եւ  անհատույց  հանձնման  քարոզչությանը եւ լուսաբանմանը:

ԳԼՈՒԽ 8

ԱՐՅԱՆ  ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՈՐԱԿԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ  ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38.  Արյան եւ դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության  նկատմամբ հսկողությունը

1. Արյան եւ  դրա  բաղադրամասերի  որակի,  անվտանգության  եւ փոխներարկումային բժշկական օգնության  նկատմամբ հսկողությունը ներառում  է  պետական հսկողությունը եւ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի իրականացումը:

2. Պետական հսկողությունը եւ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը իրականացվում են արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված բոլոր փուլերում:

Հոդված 39.  Արյան եւ դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային  բժշկական օգնության նկատմամբ պետական հսկողությունը

1. Արյան եւ դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության  նկատմամբ պետական  հսկողությունն  իրականացնում է լիազոր մարմինը:

2. Արյան եւ դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային  բժշկական օգնության նկատմամբ  պետական հսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների միջոցով:

3. Արյան եւ դրա  բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային  բժշկական օգնության նկատմամբ  պետական հսկողությունը չպետք է խոչընդոտի հսկվող կազմակերպության բնականոն գործունեությանը:

Հոդված 40.  Արյան եւ դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային  բժշկական օգնության նկատմամբ  որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը

1. Արյան եւ դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության  նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը  իրականացնում է արյան դոնորության կամ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունը` կառավարության սահմանած կարգով:

Հոդված 41. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 42. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

01.12.2011
ՀՕ-275


21.03.2018 «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
21.03.2018 «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին