English      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.11.2011

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ (այսուհետ` նույնականացման քարտ) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

1) նույնականացման քարտ ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի)  ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

2) տվյալների էլեկտրոնային պահոց ` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:

Հոդված 3. Նույնականացման քարտ ստանալը եւ նույնականացման քարտի վավերականության ժամկետը

1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:

2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին:

3. Գործունակ քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի համաձայնությամբ:

5. Առաջին խմբի հաշմանդամները նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

6. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

Հոդված 4. Նույնականացման քարտի բովանդակությունը, ձեւը, տրամադրելու (փոխանակելու) կարգը եւ ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

1. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված նույնականացման քարտերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Նույնականացման քարտում հայերենով եւ անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետեւյալ անհատական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաեւ հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

3. Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաեւ հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաեւ արյան խումբը եւ ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաեւ նույնականացման քարտի տրամադրման եւ վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:

5. Եթե նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին նույնականացման քարտում կատարվում է համապատասխան նշում:

6. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաuտաթղթեր` uույն մասի 2-րդ կետով նշված փաuտաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

7. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.

3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

4) պետական տուրքի վճարման անդորրագիր:

8. Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանության մարմնում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ եւ ձախ ձեռքերի որեւէ մատի մատնադրոշմները:

9. Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

10. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը նույնականացման քարտը Հայաuտանի Հանրապետությունում հանձնում է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանություն, իuկ oտարերկրյա պետություններում` Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

11. Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին առաջարկվում 5-oրյա ժամկետում համալրել այդ ցանկը եւ (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

13. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Դրանում ամրագրված տվյալները ոստիկանության մարմնում տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո քարտն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին  նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:

14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են ծննդյան վկայականը, մինչեւ 16 տարին լրանալը ստացած ,Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիրը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի     6-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

15. Նույնականացման քարտի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

Հոդված 5. Նույնականացման քարտը փոխանակելու հիմքերը

1. Նույնականացման քարտը փոխանակվում է հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի).

2) լրացել է վավերականության ժամկետը.

3) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.

4) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

Հոդված 6.  Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը

1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) նույնականացման քարտը կորել է.

4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) նույնականացման քարտը կեղծվել է.

6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին նույնականացման քարտը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.

8) անձը մահացել է:

2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին    հայտնում է  ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաեւ վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչեւ նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաեւ ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ազատազրկման դատապարտված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, դատապարտյալի կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել դատապարտյալին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:

5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

Հոդված 7. Նույնականացման քարտը վերցնելը

1. Հայաստանի  Հանրապետության  պետական  եւ  տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ: Նույնականացման քարտը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձեւը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է ոստիկանության մարմին:

4. Արգելվում է նույնականացման քարտը վերցնելը (բացառությամբ uույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով չեն դիմել նույնականացման քարտեր ստանալու համար կամ նույնականացման քարտեր չեն ստացել:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետը լրանալը անձնագիրը քաղաքացու ցանկությամբ կարող է փոխարինվել նույնականացման քարտով` սույն օրենքով սահմանված կարգով: Նույնականացման քարտը տրամադրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:

5. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ եւ տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:

6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ եւ 15-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.12.2011
ՀՕ-286


20.03.2012 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
05.12.2013 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
11.12.2013 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
18.05.2015 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
11.11.2015 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
29.06.2016 «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
23.04.2019 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
31.05.2019 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
03.06.2019 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
10.12.2020 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
08.12.2021 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
08.12.2022 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
16.12.2022 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
16.11.2023 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.02.2024 «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին