Armenian      
Դրամարկղային գործառնությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2011

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի (այսուհետեւ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «իրավաբանական անձանց,» բառերից հետո լրացնել «ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» եւ «դ» կետերով`

«գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների եւ այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչեւ 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`
 
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած)
Սահմանափակման մեծությունը (հազար դրամ)
01. 01. 2012 թ.
300

դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների եւ այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների)`
 
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած)
Սահմանափակման մեծությունը (միլիոն դրամ)
01. 01. 2012 թ.
 3»:

 Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) վերնագիրը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.

2) տեքստում «գործադիր մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատերը)» բառերով, իսկ «համապատասխան մարմնի» բառերից հետո` «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Կանխիկ դրամով վճարումների կատարման եւ (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման եւ (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը եւ ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը եւ ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:»:

Հոդված 6. Օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասը «Կազմակերպության լուծարման» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման)» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին, 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.12.2011
ՀՕ-329