Armenian      
Փաստաբանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2011

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀO-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը

1. Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «փաստաբան» բառի, դրա բոլոր հոլովաձեւերի կամ այդ բառը ներառող բառակապակցությունների, ինչպես նաեւ «փաստաբան» բառի օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը, բացառությամբ փաստաբանների պալատի, փաստաբանական դպրոցի եւ փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով փաստաբանի կողմից ստեղծվող կազմակերպությունների:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Փաստաբանական գործունեությունը

1. Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը եւ ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների եւ շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով:

2. Փաստաբանը կարող է իրականացնել հետեւյալ գործունեությունը՝

1) խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).

2) ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).

3) քրեական գործերով պաշտպանություն.

4) օրենքով նախատեսված դեպքում եւ կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:»:

3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպեu նաեւ ամուuնու կամ ամուuնու ծնողի, փեuայի կամ հարuի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

 2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:

4. Սույն հոդվածով նախատեսված քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը:

5. Փաստաբանական գործունեություն չի համարվում փաստաբանի կողմից աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուին իրավաբանական օգնություն ցույց տալը, բացառությամբ փաստաբանի մոտ աշխատող փաստաբանի կողմից իրականացվող գործունեության:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը

1. Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց:

2. Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի եւ վստահորդի միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):

3. Փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց:

4. Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված անձանց` նույն հոդվածով նախատեսված դեպքերում եւ կարգով:

5. Դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հայաստանի  Հանրապետության փաստաբանների պալատը

1. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

2. Փաստաբանների պալատի խնդիրներն են`

1) պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում.

2) կազմակերպել փաստաբանների արտոնագրման գործընթացը.

3) կազմակերպել փաստաբանի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը եւ փաստաբանների վերապատրաստումը.

4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ.

5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.

6) սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես ապահովել մատչելի եւ արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացումը.

7) նպաստել հանրային իրավագիտակցության եւ իրավական մշակույթի բարձրացմանը:

3. Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ:

4. Փաստաբանների պալատը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Փաստաբանների պալատն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասը «նախագահի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Փաստաբանների պալատի նախագահի եւ այլ մարմինների լիազորություններն ավարտվում են միայն հաջորդ կազմի կամ նախագահի ընտրվելուց հետո` լիազորություններն ստանձնելու պահից:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը

1. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը`

1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը եւ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը.

2) ընտրում եւ հետ է կանչում փաստաբանների պալատի նախագահին, խորհրդի անդամներին եւ սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց.

3) լուծում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

2. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը որոշումներն ընդունում է`

1) ընդհանուր ժողովի գումարմամբ կամ

2) առանց ընդհանուր ժողովի գումարման (այսուհետ` հեռակա կարգով):

3. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը կազմված է փաստաբանների պալատի անդամ բոլոր փաստաբաններից:

4. Ընդհանուր ժողովի գումարման, ինչպես նաեւ հեռակա կարգով (ներառյալ` ընտրությունների) ժողովի կազմակերպման եւ անցկացման կարգը (ներառյալ` փաստաբանների պալատի նախագահի, խորհրդի անդամների եւ սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց թեկնածուների առաջադրման, նախընտրական քարոզչության կարգը եւ ժամկետները) սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

5. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է փաստաբանների պալատի նախագահի կամ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ: Փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով փաստաբանների պալատի նախագահը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում:

6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե`

1) գումարվող ժողովին ներկա է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին, կամ

2) հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին մասնակցում է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին:

7. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

8. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունը  չի  կարող փոխանցվել այլ մարմինների:

9. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

10. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով վիճարկել շահագրգիռ փաստաբանը այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  9.1-ին հոդվածով.

«Հոդված 9.1. Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովը եւ քվեարկության արդյունքների ամփոփումը

1. Փաստաբանների պալատի նախագահի, փաստաբանների պալատի խորհրդի անդամների եւ սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց թեկնածուներին գրանցելու, ինչպես նաեւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկությունները կազմակերպելու եւ քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կազմավորում է փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` հաշվիչ հանձնաժողով)` փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

2. Հաշվիչ հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը եւ քանակական կազմը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

3. Փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանվում են թեկնածուների վստահված անձանց եւ դիտորդների իրավունքներն ու դրանց իրականացման կարգը:

4. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկության անցկացման ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը փաստաբանների պալատի խորհրդի  սահմանած կարգով ամփոփում է քվեարկության արդյունքները:

5. Քվեարկության արդյունքները հրապարակում է հաշվիչ հանձնաժողովի նախագահը կամ հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ այլ անդամը ոչ ուշ, քան արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն կազմելու հաջորդ օրը:

6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված քվեարկության արդյունքների հրապարակման պահից:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Փաստաբանների պալատի խորհուրդը

1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաեւ կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

2. Փաստաբանների պալատի խորհրդի անդամների քանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներկու անդամից` չհաշված խորհրդի նախագահին:

3. Փաստաբանների պալատի խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից չորս տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Փաստաբանների պալատի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է փաստաբանների պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված փաստաբանը՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:

5. Փաստաբանների պալատի խորհուրդը`

1) նշանակում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին.

2) մշակում եւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները.

3) մշակում եւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում փաստաբանի վարքագծի կանոնագիրքը.

4) կազմավորում է հաշվիչ հանձնաժողովը.

5) կազմավորում է որակավորման հանձնաժողովը.

6) իրավասու պետական մարմիններ առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.

7) հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն` փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ.

8) կազմում եւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարություն է ներկայացնում անվճար իրավաբանական oգնության տրամադրման փոխհատուցման ֆինանuական հայտերը.

9) որոշում է ընդունում փաuտաբանի հավակնորդներին (այuուհետ` հավակնորդ) փաuտաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` uույն oրենքի 29-րդ հոդվածով նախատեuված կարգով.

10) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.

11) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին.

12) սահմանում է փաստաբանի անդամավճարի եւ հավակնորդի մուտքի ու այլ վճարների, ինչպես նաեւ փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաեւ դրանք վճարելու կարգը.

13) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.

14) լուծում է փաստաբանին պատասխանատվության ենթարկելու եւ կարգապահական տույժ նշանակելու հարցը.

15) իրականացնում է սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

6. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրում է փաստաբանների պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան չորս անգամից ոչ պակաս: Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաեւ պալատի խորհրդի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի երեսուն անդամների նախաձեռնությամբ: Կարգապահական գործ քննելու նպատակով փաստաբանների պալատի խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 39.6-րդ հոդվածով:

7. Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն կեսը: Փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվում է խորհրդի անդամների ներկա լինելու միջոցով:

Փաստաբանների պալատի խորհրդի նիստերին փաստաբանների պալատի խորհրդի անդամը քվեարկում  եւ իր այլ լիազորություններն իրականացնում է անձամբ:

8. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների մեծամասնությամբ նախատեսված չէ փաստաբանների պալատի կանոնադրությունով:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի`

ա. «երկու տարի ժամկետով` ինն անդամի կազմով» բառերը փոխարինել «փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված ժամկետով` ութ անդամի կազմով» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) փաստաբանների պալատի նախագահը, որն ի պաշտոնե որակավորման հանձնաժողովի նախագահն է, եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված չորս անդամ.».

2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 5-րդ մասի «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսը» բառով.

4) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «յոթ» բառը փոխարինել «տասը» բառով.

2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաստաբանների պալատի նախագահը՝

1) ներկայացնում է փաստաբանների պալատը.

2) գործում է առանց լիազորագրի եւ տալիս է լիազորագրեր.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

4) բանկում բացում է փաստաբանների պալատի հաշվարկային եւ ոչ հաշվարկային հաշիվներ.

5) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.

6) նշանակում եւ ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողներին.

7) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.

8) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.

9) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.

10) դադարեցնում է մահացած փաստաբանի արտոնագրի գործողությունը եւ հանում է փաստաբանների ցուցակից.

11) տրամադրում է փաստաբանի եւ փաստաբանի օգնականի վկայականներ.

12) վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ.

13) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.

14) փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է փաստաբանների պալատի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

15) իրականացնում է օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաեւ փաստաբանների պալատի մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:».

3) 9-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալներ` փաստաբանների կազմից:»:

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մաuնագետի որակավորում եւ ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:».

2) 3-րդ մասի 3-րդ կետը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «եւ վարչական» բառերով.

3) 4-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

4) ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերը:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Այլ պետության փաստաբանը

1. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեությունն իրականացնում է սույն օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա եւ պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում: Հավատարմագիր տալու եւ հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հավատարմագրի գործողությունը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել այլ պետության փաստաբանի կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման դեպքում: Հավատարմագրման համար այլ պետության փաստաբանից գանձվում են փաստաբանների պալատի խորհրդի  սահմանած չափով վճարներ:»:

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասի`

ա. «մասնավորապես» բառը հանել,

բ. 1-ին կետը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «, վարչական» բառով,

գ. 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու եւ ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

3) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը  (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր եւ պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ.».

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման, այդ թվում`  տեսակցությանը հրավիրելու արտոնագրված թարգմանչի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«Փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ oրենքով եւ չի խախտում այլ անձանց իրավունքները եւ ազատությունները:»:

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4.1-ին կետով.

«4.1) սահմանված կարգով եւ ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին.».

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) կատարել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները, եթե այդ պարտականությունների կատարումը չի խախտում սույն օրենքով նախատեսված փաստաբանական գաղտնիքի պահպանման պահանջը.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8-րդ կետով.

«8) կատարել փաստաբանների պալատի մարմինների եւ փաստաբանների պալատի նախագահի` իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտերի պահանջները:»:

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«Փաստաբանների պալատի անդամ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաեւ այլ պետության փաստաբանը իրավունք չունեն իրավաբանական օգնություն ցույց տալու Հայաստանի Հանրապետության պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող հարցերով:»:

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Փաստաբանի գործունեության երաշխիքները

1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ եւ փաստաբանական վարքագծի կանոնագրքով:

2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

3. Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում եւ հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական եւ դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել եւ մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության եւ բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

5. Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

6. Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաեւ փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել  փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

7. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը եւ տեղակատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները եւ այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) եւ չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

8. Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ: Սույն մասի իմաստով փաստաբանի կարգավիճակին է հավասարեցվում նաեւ փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբան յուրաքանչյուր անձ:

9. Փաստաբանին չի կարելի արգելել ծանոթանալու դատարանում գտնվող գործի բոլոր այն նյութերին, որոնք առնչվում են իր վստահորդի հետ, ինչպես նաեւ դրանցից կատարել ցանկացած ծավալի դուրսգրումներ եւ պատճենահանումներ, բացառությամբ պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների:»:

Հոդված 18. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Փաստաբանի օգնականը

1. Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնականներ: Փաստաբանի օգնական կարող է լինել միայն բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը: Փաստաբանի օգնական չի կարող լինել սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձը:

2. Փաստաբանի օգնականը իր կարգավիճակը ձեռք է բերում պարզեցված կարգով փաստաբանների պալատի խորհրդի կողմից արտոնագրվելու միջոցով` փաստաբանների պալատի խորհրդի  սահմանած կարգով:

3. Սույն օրենքի իմաստով փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որը օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից հետեւյալ բացառություններով.

1) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու դատարանում կամ մինչդատական վարույթում քննչական կամ դատավարական գործողություններին` առանց իր ղեկավար փաստաբանի.

2) փաստաբանի օգնականն իրավունք չունի ստորագրելու եւ ներկայացնելու  հայցադիմումներ, միջնորդություններ, առարկություններ, հայտարարություններ, պատասխաններ, բացարկներ, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաեւ հարցեր տալու քննչական կամ դատավարական գործողություններին մասնակցելիս.

3) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում` հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու եւ ընտրվելու պալատի մարմիններում եւ պալատի նախագահ, մասնակցելու պալատի կանոնադրության եւ վարքագծի կանոնագրքի քվեարկությանը:

4.Փաստաբանի օգնականի իրավունքների սահմանափակման այլ դեպքեր կարող են նախատեսվել նաեւ փաստաբանների վարքագծի կանոնագրքով:

5.Փաստաբանի օգնականը կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով վերապահված են փաստաբանին, բացառությամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության:

6.Փաստաբանական պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել փաստաբանի օգնականի պարտականությունների սահմանափակման այլ դեպքեր:

7.Փաստաբանի օգնականը փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոնների պահանջները խախտելու դեպքում ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված կարգով:

8.Փաստաբանի օգնականի արտոնագրի դադարեցումը կամ կասեցումը իրականացվում է սույն օրենքի 36-րդ եւ 38-րդ հոդվածներով նախատեսված կարգով եւ դեպքերում:

9. Փաստաբանի օգնականն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի օգնականի վկայականով, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը:»:

Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Փաստաբանական գաղտնիքը

1. Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները եւ ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի  տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաեւ այն տեղեկությունները եւ ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

2. Փաստաբանը, փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաեւ փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

3. Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`

1) առկա է վստահորդի համաձայնությունը.

2) դա անհրաժեշտ է նրա եւ վստահորդի միջեւ ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար:

4. Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:

5. Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ եւ տարածվում է նաեւ փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:»:

Հոդված 21. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը

1. Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի միասնական կանոնները եւ փաստաբանական էթիկայի սկզբունքները, որոնք պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաեւ վերջիններիս աշխատողների համար:

2. Փաստաբանները պարտավոր են օժանդակ անձնակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները` փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները պահպանելու վերաբերյալ, եւ հետեւել դրանց պահպանմանը:»:

Հոդված 22. Օրենքի 28-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 23. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը: Որակավորման հանձնաժողովի տված վկայագիրն ուժի մեջ է տրման պահից մինչեւ հաջորդ` փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար որակավորման քննությունների անցկացումը:».

2) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 24. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով www.azdarar.am կայքում հրապարակում է փաստաբանների ցուցակը:».

2) 2-րդ մասի «փաստաբանի ցանկությամբ այլ տեղեկատվություն, որը մանրամասն պետք է նշված լինի փաստաբանի դիմումում» բառերը փոխարինել «փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ տեղեկատվություն» բառերով.

3) 3-րդ մասի «ընդգրկում է նրան փաստաբանների ցուցակում» բառերը փոխարինել «ընդգրկում է նրանց համապատասխանաբար` փաստաբանների ցուցակում եւ այլ պետության փաստաբանների ցուցակում» բառերով.

4) 4-րդ մասը «պատասխանատվություն» բառից առաջ լրացնել «կարգապահական» բառով:

Հոդված 25. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Փաստաբանների ցուցակից հանելը

1. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից,  եթե`

1) նա գրավոր դիմում է փաստաբանների ցուցակից իր անունը հանելու վերաբերյալ.

2) դադարեցվում է նրա արտոնագրի գործողությունը սույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

2. Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբանը ժամանակավոր հանվում է փաստաբանների ցուցակից, եթե կասեցվել է նրա արտոնագրի գործողությունը:

3. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ այլ պետության փաստաբանը հանվում է այլ պետության փաստաբանների ցուցակից, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ տրամադրվել էր այդ իրավունքը,  կամ հավատարմագրի գործողությունը համարվել է ուժը կորցրած:»:

Հոդված 26. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Արտոնագրի գործողության դադարեցումը

1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.

2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

3) առկա է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքը.

4) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.

5) նա փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու, ներառյալ` որակավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ.

6) լրացել է արտոնագրի գործողության կասեցման` սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

2. Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված դեպքերում` փաստաբանների պալատի նախագահը ` այն ուժը կորցրած ճանաչելով:

3. Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը նաեւ սույն օրենքի 39.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

4. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

5. Անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի անց:

6. Այլ պետության փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն:»:

Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 38. Արտոնագրի գործողության կաuեցումը

1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կաuեցվում է, եթե փաuտաբանը`

1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչեւ ծառայության ժամկետի լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մաuնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաuտող համապատաuխան փաuտաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) անցել է հանրային ծառայության` պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

5) oրենքով uահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող:

2. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաuտաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-4-րդ կետերով նախատեuված հիմքերի առկայության մաuին փաuտաբանը պարտավոր է տաuնoրյա ժամկետում տեղյակ պահել փաuտաբանների պալատի խորհրդին:

4. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը:

5. Փաuտաբանի արտոնագրի գործողության կաuեցումը հանգեցնում է տվյալ փաuտաբանի նկատմամբ uույն oրենքով նախատեuված երաշխիքների կաuեցման:

6. Արտոնագիրը կասեցված պալատի անդամն իրավունք չունի մասնակցելու պալատի մարմինների եւ նախագահի ընտրություններին:

7. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված հիմքերը վերանալուց հետո փաuտաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաuտաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաuտաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կաuեցվել էր:

8. Փաuտաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժելու մաuին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

9. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:»:

Հոդված 28. Օրենքի 6-րդ եւ 7-րդ գլուխները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 6

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39.  Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի եւ  փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար:

2. Փաստաբանի մասնակցությամբ քրեական, վարչական կամ քաղաքացիական գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:

Հոդված 39.1.  Կարգապահական վարույթի իրականացման կարգը, փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները եւ հիմքերը

1. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգը սահմանվում է սույն օրենքով եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

2. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են`

1) պետական, տեղական ինքնակառավարման եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.

2) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.

3) փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.

4) փաստաբանի սահմանած ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացրած տեղեկանքը.

5) հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:

3. Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անանուն հաղորդումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ չեն:

4. Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների  խախտման հատկանիշների առերեւույթ առկայությունը:

Հոդված 39.2.  Փաստաբանի եւ դիմողի իրավունքները կարգապահական վարույթում

1. Փաստաբանը եւ դիմողը սույն օրենքով սահմանված կարգով հավասար իրավունքներ ունեն`

1) մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.

2) կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու եւ գործից դուրս գրելու ցանկացած ծավալի որեւէ տեղեկություն.

3) տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

4) ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու եւ հետազոտելու համար.

5) հայտնելու բացարկներ փաստաբանների պալատի խորհրդի անդամներին եւ գործը նախապատրաստող անձանց.

6) հարուցելու միջնորդություններ.

7) հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ փաստաբանների պալատի խորհրդի հրավիրած վկաներին.

8) հարցեր տալու ելույթ ունեցողին.

9) հանդես գալու եզրափակիչ ելույթով.

10) ստանալու փաստաբանների պալատի նախագահի եւ փաստաբանների պալատի խորհրդի որոշումները.

11) դատական կարգով բողոքարկելու փաստաբանների պալատի նախագահի եւ փաստաբանների պալատի խորհրդի որոշումները:

Հոդված 39.3.  Կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգը եւ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթների եւ հիմքերի առկայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում:

2. Նշված ժամկետում պալատի նախագահը կամ իր հանձնարարությամբ այլ անձ կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ եւ այլ նյութեր:

3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատաuխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամuյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Կարգապահական վարույթ հարուցվելու օրվանից սույն մասով նախատեսված վաղեմության ժամկետը կասեցվում է:

4. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` հինգ օրվա ընթացքում, պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով կարգապահական գործն ուղարկում է սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձին, իսկ սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` փաստաբանների պալատի խորհրդին:

5. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին եւ փաստաբանին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

6. Հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, հաղորդվում է նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին:

Հոդված 39.4.  Կարգապահական վարույթի հարուցումը մերժելը

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթի կամ հիմքի բացակայության դեպքում փաստաբանների պալատի նախագահը պատճառաբանված որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին:

2. Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

3. Կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը շահագրգիռ անձը կարող է բողոքարկել դատական կարգով որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 39.5.  Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստելը

1. Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստում են այդ նպատակով փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված փաստաբանները (այսուհետ` գործը նախապատրաստող անձ), որոնց թվաքանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

2. Կարգապահական վարույթի  գործերի բաշխումը գործը նախապատրաստող անձանց միջեւ կատարվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով:

3. Գործը նախապատրաստող անձը պարտավոր է հավաքել ապացույցներ` կարգապահական վարույթի օրինականությունը ապահովելու եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար:

4. Գործը նախապատրաստող անձի կողմից ապացույցների հավաքման գործընթացը պետք է ավարտվի, եւ կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդին ուղարկվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում:

Հոդված 39.6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը

1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող եւ վերջնական որոշում կայացնող մարմինն է:

2. Փաստաբանների պալատի խորհուրդ մուտք եղած կարգապահական գործը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով վարույթ է ընդունում պալատի խորհրդի անդամը, որի մասին նա ընդունում է որոշում: Կարգապահական գործը վարույթ ընդունած խորհրդի անդամը այդ գործը փաստաբանների պալատի խորհրդում քննելիս հանդես է գալիս որպես նիստը նախագահող (սույն գլխում այսուհետ` նիստը նախագահող):

3. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի կողմից  կարգապահական գործի քննությանը չի մասնակցում:

4. Կարգապահական գործը վարույթ ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, նիստը նախագահողը պարտավոր է նշանակել փաստաբանների պալատի խորհրդի նիստ եւ նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցել փաստաբանին, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին եւ կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:

5. Կարգապահական գործը քննող պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը պալատի խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Հոդված 39.7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պալատի խորհրդի որոշումը

1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն փաստաբանը կատարել է մի քանի կարգապահական խախտում, պալատի խորհուրդը կայացնում է մեկ որոշում:

2. Պալատի խորհուրդը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող խորհրդի կազմում ընդգրկված անդամները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:

3.  Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է պալատի խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար:

4. Պալատի խորհրդի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների արտահայտած դիրքորոշումը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:

5. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո պալատի խորհուրդը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.

1) փաստաբանին սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2) կարգապահական վարույթը կարճելու մասին:

6. Կարգապահական խախտման փաստը ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենքի եւ վարքագծի կանոնագրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում, մեկնաբանվում են հօգուտ փաստաբանի:

7. Որոշումը կազմվում եւ կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո` քսան օրվա ընթացքում:

8. Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Պալատի խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:

9. Օրինական ուժի մեջ չմտած խորհրդի որոշման բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:

10. Պալատի խորհրդի որոշումներն ի կատար են ածվում օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Հոդված 39.8.  Փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարճում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ`

1) բացակայում է կարգապահական խախտման դեպքը.

2) հիմնավորված չէ փաստաբանին կարգապահական պատաuխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.

3) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.

4) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է.

5) առկա է միեւնույն հիմքով եւ միեւնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.

6) անցել են սույն օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները:

Հոդված 39.9. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի խորհուրդը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3)  մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների.

4) տուգանք.

5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:

2. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս փաստաբանների պալատի խորհուրդը հաշվի է առնում նաեւ խախտման հետեւանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

3. Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ժամաքանակը որոշում է փաստաբանների պալատի խորհուրդը: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը կարող է կիրառվել նաեւ որպես լրացուցիչ տույժի միջոց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված տույժերից մեկի կիրառման հետ մեկտեղ:

4. Տուգանքի չափը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը, որը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Տուգանքը փաստաբանը վճարում է փաստաբանների պալատի բյուջե:

5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել միայն դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման դեպքում:

6. Փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված `

1) նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պահից երեք ամիս հետո.

2) խիստ նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո.

3) որպես հիմնական տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից վեց ամսից հետո.

4) տուգանքի դեպքում` տուգանքը ամբողջությամբ վճարելու պահից ինն ամիս հետո.

5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո:

7. Անձը, որի նկատմամբ արտոնագիրը դադարեցվել է որպես տույժ, իրավունք ունի վաղեմության ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր հիմունքներով դիմելու փաստաբանի արտոնագիր ստանալու համար:

8. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչեւ նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր կարգապահական խախտում: Այդ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերստին սկսվում է նոր կարգապահական խախտման կատարման օրվանից:

Հոդված 40. Կարգապահական գործի քննության արագացված կարգի կիրառումը

1. Փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու կամ վերապատրաստում չանցնելու հիմքով հարուցված կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանների պալատի նախագահը կարգապահական գործն անմիջապես հանձնում է փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:

ԳԼՈՒԽ 7

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հոդված 41. Հանրային պաշտպանությունը

1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

2. Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

1)   խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների եւ այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.

2)   ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական գործերով:

3. Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական գործով մինչդատական վարույթում, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում:

4. Քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը:

5. Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական գործով կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետեւյալ անձանց`

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին.

2) 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին.

3) դատապարտյալներին.

4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին.

5) Հայրենական մեծ պատերազմի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին.

6) գործազուրկներին.

7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին.

8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց.

9) փախստականներին.

10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին.

11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաեւ բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:

6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի    5-րդ մասում նշված անձանց`

1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).

2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.

3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

Հոդված 42. Հանրային պաշտպանի գրաuենյակը

1. Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրաuենյակի միջոցով:

2. Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից, երկու տեղակալից, հանրային պաշտպաններից եւ օժանդակ անձնակազմից:

3. Հանրային պաշտպանի գրաuենյակում աշխատող փաuտաբանների քանակը uահմանում է փաuտաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանuավորման uահմաններում:

Հոդված 43. Հանրային պաշտպանի գրաuենյակի ղեկավարը

1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:

2. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում:

3. Հանրային պաշտպանի գրաuենյակի ղեկավարը`

1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրաuենյակը.

2) կազմակերպում է uույն oրենքով նախատեuված դեպքերում յուրաքանչյուրի համար հավաuարապեu մատչելի եւ արդյունավետ իրավաբանական oգնության իրականացումը.

3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջեւ.

4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրաuենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ uույն oրենքի 41-րդ հոդվածով նախատեuված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մաuին որոշումը կամ դիմումը բավարարելու եւ գործը հանրային պաշտպանին հանձնելու մաuին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մաuին, երբ այն նախատեuված չէ uույն oրենքի 41-րդ հոդվածով.

6) հuկողություն է իրականացնում հանրային պաշտպանների կողմից իրավաբանական oգնություն իրականացնելու որակի եւ ժամկետների նկատմամբ.

7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար.

8) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստը ստուգելու, ինչպես նաեւ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:

4. Հանրային պաշտպանի գրաuենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մաuնակցում է փաuտաբանների պալատի խորհրդի նիuտերին:

Հոդված 44. Հանրային պաշտպանը

1. Հանրային պաշտպան է համարվում հանրային պաշտպանի գրաuենյակում աշխատող փաuտաբանը, որը գործում է հանրային պաշտպանի գրաuենյակի ղեկավարի ներկայացմամբ` պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա:

2. Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով կարող է uահմանվել մրցույթ` փաuտաբանների պալատի խորհրդի uահմանած կարգով:

Հոդված 45.  Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը

1. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:

2. Հաշվի առնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած  քաղաքացիների հայտերի եւ փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալները` փաստաբանների պալատի խորհուրդը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

3. Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

4. Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է փաստաբանների պալատի նախագահը:

5. Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների եւ հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր: Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:

6. Հանրային պաշտպանի եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երեւան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով:  Անհրաժեշտության դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երեւան քաղաքի համայնքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:

7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն  իր գործունեության համար ստանում է փոխհատուցում՝ հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:

8. Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների եւ հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով՝ անկախ հանրային պաշտպանների կատարած փաստացի ծախսերից:»:

Հոդված 29. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7.1-ին  գլխով.

«ԳԼՈՒԽ 7.1

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 45.1. Դպրոցի նպատակը եւ իրավական կարգավիճակը

1. Փաստաբանական դպրոցը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է:

2. Փաստաբանական դպրոցի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, լուծարման, գույքի օգտագործման, ինչպես նաեւ այլ հարցեր կարգավորվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

3. Փաստաբանական դպրոցի հիմնադիրն է փաստաբանների պալատը՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:

4. Փաստաբանների պալատի խորհուրդը հաստատում է փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ է կատարում կանոնադրությունում:

Հոդված 45.2. Փաստաբանական դպրոցի գործառույթները

1. Փաստաբանական դպրոցը, սույն օրենքին եւ փաստաբանական դպրոցի կանոնադրության նպատակներին համապատասխան՝

1) կազմակերպում եւ անցկացնում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը.

2) կազմակերպում է փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը.

3) կազմակերպում եւ անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը.

4) իրականացնում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

Հոդված 45.3. Փաստաբանական դպրոցի կառավարման մարմինները

1. Փաստաբանական դպրոցի կառավարումն իրականացնում են փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը եւ փաստաբանական դպրոցի տնօրենը:

Հոդված 45.4. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը

1. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է փաստաբանական դպրոցի ընդհանուր կառավարումը եւ ընթացիկ գործունեության վերահսկողությունը:

2. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը կազմավորվում է փաստաբանների պալատի նախագահից եւ փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակված առնվազն չորս անդամից եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկ ներկայացուցչից:

3. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի նախագահն է:

4. Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը՝

1) հաստատում է ունկնդիրների ուսման վարձի չափը, դրա վճարման կարգը եւ փաստաբանական դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգերը եւ աշխատակազմի հաստիքացուցակը.

2) հաստատում է փաստաբանական դպրոցի տարեկան բյուջեն` փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ.

3) փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է փաստաբանական դպրոցի տնօրենի հաշվետվությունները.

4) փաստաբանների պալատի խորհրդի հաստատած ուղենիշներին համապատասխան՝ հաստատում է փաստաբանների վերապատրաստման եւ հավակնորդների ուսուցման ծրագրերը.

5)  փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ քննարկում եւ լուծում է ունկնդրի հեռացման հարցը.

6) անվավեր է ճանաչում, վերացնում կամ կասեցնում է փաստաբանական դպրոցի տնօրենի ընդունած անհատական կամ ներքին իրավական ակտերը.

7) իրականացնում է սույն օրենքով եւ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 45.5. Փաստաբանական դպրոցի տնօրենը

1. Փաստաբանական դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է փաստաբանական դպրոցի տնօրենը, որին փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը` փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահի առաջարկությամբ:

2. Փաստաբանական դպրոցի տնօրենը՝

1) ղեկավարում է ուսման գործընթացը.

2) կազմակերպում է կառավարման խորհրդի որոշումների կատարումը.

3) փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանական դպրոցի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում փաստաբանական դպրոցի անունից.

4) ներկայացնում է փաստաբանական դպրոցը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում.

5) փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգերը եւ հաստիքացուցակը.

6) փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական դպրոցի ուսումնական ծրագրերը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.

8) փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով ունկնդրին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

9) իրականացնում է սույն օրենքով եւ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 45.6. Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակը

1. Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

2. Անձը փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ է ձեռք բերում փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով փաստաբանական դպրոց ընդունվելու պահից:

Հոդված 45.7.  Փաստաբանական դպրոցի ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ունկնդիրը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

2. Կարգապահական տույժերի տեսակներն են՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) դպրոցից հեռացում:

3. Փաստաբանական դպրոցից որպես կարգապահական տույժ հեռացված ունկնդիրը զրկվում է մեկ տարվա ընթացքում փաստաբանական դպրոց կրկին ընդունվելու իրավունքից:

4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել դատարան որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 45.8. Ուսուցումը փաստաբանական դպրոցում

1. Ունկնդրի ուսուցումը փաստաբանական դպրոցում իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում եւ գործնական ուսուցում (փորձաշրջան): Ուսուցման ընդհանուր տեւողությունը չի կարող վեց ամսից պակաս լինել:

2. Իրավաբանի` առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով:

3. Փաստաբանական դպրոցի ուսումնական ծրագրերը փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը:

Հոդված 45.9. Ունկնդրի փորձաշրջանը

1. Ունկնդիրը փորձաշրջանը կարող է անցնել ինչպես փաստաբանի մոտ, այնպես էլ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի սահմանած այլ հաստատություններում:

2. Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ:

Հոդված 45.10. Ուսման ավարտը փաստաբանական դպրոցում

1. Փաստաբանական դպրոցն ավարտած ուկնդիրներին փաստաբանական դպրոցի տնօրենը տասն օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր, որն իրավունք է տալիս ունկնդրին մասնակցելու որակավորման քննությանը:

Հոդված 45.11. Որակավորման  քննությունները

1. Որակավորման քննությունը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու միասնական քննությունն է, որին մասնակցելու իրավունք ունեն միայն փաստաբանական դպրոցում համապատասխան ուսուցում անցած ունկնդիրները:

2. Որակավորման քննությունն ընդունում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը: Որակավորման քննության ընդունման եւ հանձնման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:

3. Որակավորման քննությանը չմասնակցած կամ որակավորման քննությունները չհանձնած ունկնդիրը վերստին որակավորման քննություն հանձնելու համար պարտավոր է փաստաբանական դպրոցում անցնել հատուկ ծրագրով ուսուցում, բացառությամբ, եթե նա չի մասնակցել որակավորման քննությանը հարգելի պատճառներով: Երկրորդ անգամ որակավորման քննություններ չհանձնած ունկնդիրը վերստին կարող է մասնակցել որակավորման քննությանը փաստաբանական դպրոցում ընդհանուր հիմունքներով կրկին ուսուցում անցնելու դեպքում:

4. Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի խորհրդին կամ դատական կարգով` որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 45.12.  Փաստաբանների վերապատրաստման  կազմակերպումը

1. Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել փաստաբանական դպրոցում կամ փաստաբանների պալատի խորհրդի հավատարմագրած այլ հաստատությունում:

2. Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով եւ ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն  կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:

3. Վերապատրաստման ընթացքում փաստաբանների` մինչդատական վարույթին եւ (կամ) դատական քննությանը չմասնակցելը համարվում է հարգելի, եթե փաստաբանը այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմնին:»:

Հոդված 30. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում փաստաբանական դպրոցի հիմնադրման պահից:

3. Սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-2-րդ, 4-5-րդ եւ 7-10-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ  3-րդ, 6-րդ եւ 11-րդ կետերը` 2014 թվականի հունվարի 1-ից:

4. Այն կազմակերպությունները, որոնց սույն օրենքի ուժով արգելվում է իրենց անվանումներում օգտագործել «փաստաբան» բառը` դրա բոլոր հոլովաձեւերով, կամ այդ բառը ներառող բառակապակցությունները, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իրենց անվանումներից հանել այդ բառը` դրա բոլոր հոլովաձեւերով, կամ այդ բառը ներառող բառակապակցությունները: Սույն մասում նշված ժամկետը խախտած կազմակերպությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընտրված փաստաբանների պալատի նախագահի եւ փաստաբանների պալատի խորհրդի անդամների լիազորությունները շարունակվում են ընտրվելու ժամանակ գործող օրենքով նախատեսված ժամկետով:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում են որակավորման հանձնաժողովի անդամների, կարգապահական հանձնաժողովի անդամների եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները:

7. Փաստաբանի, դատավորի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը կարող է առանց փաստաբանական դպրոցում ուսանելու եւ որակավորման քննություն հանձնելու ստանալ փաստաբանական գործունեության արտոնագիր փաստաբանական դպրոցի հիմնադրումից հետո` մեկ տարվա ընթացքում:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2011
ՀՕ-339