Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1-ին եւ 38.2-րդ կետերով.

«38.1) ժամանակավոր կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու եւ հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով.

38.2) հանձնելու համար կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել նրա հանձնումն ապահովելու նպատակով.»:

Հոդված 2.   Օրենսգիրքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 478.1-478.4-րդ հոդվածներով.

«Հոդված 478.1.  Հայաստանի Հանրապետության տարածքից  դուրս հանցագործություն կատարած անձանց  ձերբակալման կարգը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզման նախաձեռնողին՝ պահանջելով տվյալ պետության իրավասու մարմնի կողմից կայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը:

2. Անձի ձերբակալման մասին հաղորդումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր  դատախազություն:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է միջազգային հետախուզում հայտարարած պետության իրավասու մարմիններին եւ (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

4. Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում չի կայացվել նրան ժամանակավոր կալանավորելու մասին Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը, ապա ձերբակալված անձը ենթակա է անհապաղ ազատման:

Հոդված 478.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած  անձանց  ժամանակավոր կալանավորման կարգը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ  կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչեւ 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու եւ հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:

2. Մինչեւ անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաեւ Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:

3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերից մեկը եւ ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին եւ նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու եւ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ  միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

Հոդված  478.3. Հանձնելու համար կալանավորելու կարգը

1. Անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալիս դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով կամ դատավճռի ի կատար ածելու գործերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անձին հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդություն են ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան:

2. Հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությանը կցվում են՝ անձին հանձնելու մասին միջնորդության պատճենը եւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքը:

3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով միջնորդություն ներկայացնողին, արգելանքի վերցված անձին եւ նրա պաշտպանին, ստուգելով անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը եւ ուսումնասիրելով ներկայացված այլ փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու եւ հանձնման համար կալանավորում կիրառելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու կամ  միջնորդությունը մերժելու մասին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը իրավասու չէ հետազոտելու անձի մեղավորության հարցերը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած դատավարական փաստաթղթերի օրինականությունը:

5. Հանձնելու համար կալանավորումը կիրառվում է երկու ամիս ժամկետով:  Կալանավորման ժամկետը լրանալուց 10 օր առաջ դատախազը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դատարան է ներկայացնում անձի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդություն: Հանձնելու համար կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը:

6. Հանձնելու համար կալանավորման առավելագույն ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու կամ նրան փաստացի չհանձնելու դեպքում անձը ենթակա է անհապաղ ազատման: Սույն հիմքով անձին ազատելը չի խոչընդոտում նրա նկատմամբ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելուն:

7. Անձին կալանավորումից ազատելու դեպքում նրա նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքի 144-148 հոդվածներով նախատեսված խափանման այլ միջոցներ՝ մինչեւ 8 ամիս ժամկետով:

8. Սույն հոդվածի եւ սույն օրենսգքրքի 478.2 հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա՝ քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով: Փոխանցված քրեական գործը վարույթ ընդունելու պահից անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 478.4. Արգելանքի  վերցրած անձանց  իրավունքները

1. Սույն օրենսգրքի 478.1, 478.2, 478.3, 491, 492  հոդվածներով նախատեսված դեպքերում արգելանքի վերցված անձինք իրավունք ունեն հայտնելու բացարկներ, անվճար ստանալու ձերբակալման արձանագրությունը, ինչպես նաեւ ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ հանձնելու համար կալանավորում կիրառելու որոշման կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշման պատճենը,  ունենալու պաշտպան, հրաժարվելու պաշտպանից եւ պաշտպանվելու ինքնուրույն, առանձին, խորհրդապահական կարգով անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցության թվի եւ տեւողության սահմանափակման, հետ վերցնելու իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը, բողոքարկելու հետաքննության մարմնի, դատախազի, դատարանի որոշումները եւ գործողությունները:

2. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իրենց իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց տրվում են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանձնման ենթակա փաստաթղթերի պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:

3. Հետաքննության մարմինը գրավոր բացատրում է արգելանքի վերցված անձանց իրավունքները եւ ապահովում դրանց իրականացումը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ժամանակավոր կալանավորված կամ հանձնելու համար կալանավորված անձանց` ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցելու հարցը լուծում է հանձնման միջնորդությունը քննարկող մարմինը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 491-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, քննիչը, հետաքննության մարմինը» բառերը.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից հանձնելու համար կալանավորման միջնորդության քննարկումը կատարվում է սույն օրենսգրքի  478.3 հոդվածի երրորդից յոթերորդ  մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.04.2012
ՀՕ-42