Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2012

Հոդված 1. Արտակարգ դրությունը

1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։

2.Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը  բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

3.Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Հոդված 2. Արտակարգ դրության մասին իրավական ակտերը

1. Արտակարգ դրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով, Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով, Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

1. Սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող` սույն օրենքով նախատեսված միջոցառումներ եւ այդ մաuին ուղերձով դիմում է ժողովրդին։

2. Արտակարգ  դրություն  հայտարարելու  մասին  Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ հրամանագրում կատարվող փոփոխությունները եւ լրացումները ենթակա են անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով:  Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հանրապետության Նախագահի հրամանագրում ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

3. Արտակարգ  դրություն  հայտարարելու  մասին  Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ հրամանագրում կատարվող փոփոխությունները եւ լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ներկայացվում են Ազգային ժողով:

4. Արտակարգ դրություն հայտարարվելու, ինչպես նաեւ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքերում, բացառությամբ իրավական ռեժիմի մեղմացման դեպքերի,  իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ`  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները եւ քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։

Հոդված 4. Արտակարգ դրություն հայտարարելու մասին   Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը

1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրում սահմանվում են՝

1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.

4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները եւ ուժերը.

5) ֆիզիկական  եւ  իրավաբանական  անձանց  ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների.

6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասության շրջանակը.

7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը եւ դրա գործողության ժամկետները։

Հոդված  5. Արտակարգ դրության գործողության ժամկետը

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում`  60 օրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հանրապետության Նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Հոդված  6. Արտակարգ դրության դադարումը

1. Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով:  Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված ինչպես առանձին, այնպես էլ բոլոր միջոցառումների իրականացումը:

3.  Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու դեպքում արտակարգ դրությունը դադարում է, իսկ առանձին միջոցառման իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում  նշված որոշումն ուժի մեջ է մտնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հրապարակվելու պահից: Ազգային ժողովի որոշումը հրապարակվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

Հոդված 7.  Արտակարգ դրության ժամանակ կիրառվող  միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների  ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու սահմանափակումները.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաեւ բնակչության կենսաապահովման եւ տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ֆինանսատնտեսական  գործունեության  առանձին  տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգի սահմանում.

5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների  եւ իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում եւ դրանց զննման իրականացում.

8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.

9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.

10) նյութական եւ մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.

11) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաեւ օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

12) խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.

13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.

14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.

15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:

2. Արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական  մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների  իրավական ակտերը։

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից  ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք եւ ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր, մարտական եւ ուսումնական ռազմական տեխնիկա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6.  Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաեւ հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որեւէ ապացույց ունեցող անձը:

Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմինները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։

2. Պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը։ Պարետատունը ղեկավարում է Հանրապետության Նախագահի նշանակած պարետը։

Հոդված 9.  Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել  ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։

2. Ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների  ուժերն ու միջոցները գործադրվում են հետեւյալ խնդիրներն իրականացնելու նպատակով.

1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.

2) ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

3) անօրինական զինված միավորումների գործունեության դադարեցում.

4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետեւանքների նվազեցում եւ վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում եւ նյութական արժեքների պահպանություն.

5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումների ապահովում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացման համար պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերը (այսուհետ` զինված ուժեր) կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության եւ ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով:

4. Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը եւ ապահովվի ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների  ուժերի հետ փոխգործակցության եւ փոխօգնության շրջանակներում։

5. Զինված ուժերի զինծառայողները ?ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ?ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան։

6. Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք կարող են ներգրավվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացմանը, անցնում են հատուկ պատրաստություն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից այդ խնդիրների իրականացման նպատակով գործադրվող հմտությունների եւ մեթոդների վերաբերյալ: Սույն հոդվածով սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը կարող են ներգրավվել միայն  այդ պատրաստությունն անցնելուց հետո:

Հոդված 10. Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների եւ կիրառվող միջոցների սահմանները

1. Սույն օրենքում նշված իրավունքների եւ ազատությունների նկատմամբ սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, եւ պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ։

2. Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության  մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։

3. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցառումները եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ, 17՟22-րդ եւ 42-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներն ու ազատություններն արտակարգ դրության ժամանակ չեն կարող սահմանափակվել:

Հոդված 11. Արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները

1. Արտակարգ դրության ընթացքում յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ ունի իր խախտված իրավունքները եւ ազատությունները վարչական եւ դատական կարգով պաշտպանելու իրավունք:

2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, եւ տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վերադարձվում է դրանց սեփականատերերին կամ դրանց նկատմամբ տիրապետման կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց։

Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները

1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման` օրենքներով սահմանված պայմաններն ու սահմաններն արտակարգ դրության ժամանակ ենթակա չեն փոփոխման։

Հոդված 13.  Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը

1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչեւ նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։ Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաեւ դրանց վրա մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Ձերբակալման եւ արգելանքի մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով։

Հոդված 14. Արտակարգ դրությունը դադարեցնելու իրավական հետեւանքները

1.  Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում եւ տարածքում, ուժը կորցրած են համարվում արտակարգ դրությունը դադարեցնելու պահից։

Հոդված 15. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը։
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.04.2012
ՀՕ-106