Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2012

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածում`

1) 20-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:».

2) 23-րդ մասի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`».

2)  5-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Առանց թույլտվության խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասում «եւ 21-րդ մասերի» բառերը փոխարինել «, 21-րդ, 26-րդ եւ 27-րդ մասերի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածում`

1) վերնագրի «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.

2)  1-ին մասի «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը» բառերով, իսկ «քսաներեքերորդ» բառը հանել.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան մարմինները քննում են սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն մասով նախատեսված գործերով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի (ունեն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձինք):»:

Հոդված 5. Օրենսգրքի 327.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:»: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.09.2012
ՀՕ-179