Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2013

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատական դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարելու դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար:»։

Հոդված 3. Օրենսգրքի 103-րդ հոդվածում՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերը «դեպքում» բառից հետո լրացնել «նոր անդամի նշանակմամբ» բառերով։

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-7-րդ մասերով.

«4. Վճռաբեկ դատարանի նախագահը, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան կամ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում դիմում է նշանակող մարմնին` Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար։

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում։

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում։

7. Մինչեւ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամների նշանակումը նախկին անդամները շարունակում են պաշտոնավարել։»:

Հոդված 4. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը եւ դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.

«1.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

1.2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածությունների ցուցակի մասնագիտացման բաժինների:

1.3. Եթե մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչեւ հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան 6 ամիս:

1.4. Դատավորների թեկնածությունների ցուցակը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:

1.5. Դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ կարգով համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 30-ը սահմանում եւ հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննությունների ձեւը, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների եւ Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաuտաթղթերից կամ տեխնիկական միջոցներից oգտվելու, քննական աշխատանքների ստուգման եւ միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Քննական հարցերի մշակման համար Արդարադատության խորհուրդը ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Քննական հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչեւ որակավորման ստուգման անցկացումը հարցերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում:

3.2. Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:».

5) 4-րդ մասի «uույն oրենuգրքի 185-րդ հոդվածի հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.

6) 5-րդ մասի «Դատական դպրոցի տնօրենին» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով.

7) 8-րդ մասի «Դատական դպրոցի կառավարման խորհրդի» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի» բառերով.

8) 9-12-րդ մասերի «Դատական դպրոցի տնօրեն» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով։

Հոդված 5. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երկրորդ նախադասությունների «Դատական դպրոցի կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ եւ 16-րդ գլուխներում, բացառությամբ 115-րդ եւ 116-րդ հոդվածների, «Դատական դպրոց» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Արդարադատության ակադեմիա» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով։

Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը «137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ» բառերից հետո լրացնել «եւ 4-րդ» բառերով, իսկ նույն նախադասության «138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 120-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 120. Դատավորների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.

6) սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.

7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

12) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան 4 ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով եւ չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար.

13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

15) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դաuավանդվող առարկայական կուրuի արդյունքում ստացած քննական միավորը պակաu է կուրuը հանձնված համարելու համար արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի uահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում են Արդարադատության խորհուրդ:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի կամ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:

4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածությունների ցուցակից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:»:

Հոդված 9. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կամ վճռաբեկ դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:»:

Հոդված 10. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը:»:

Հոդված 11. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «, ինչպես նաեւ Դատական դպրոցում ուսուցման ծրագիրը ավարտած դատախազները, փաստաբանները եւ քննիչները» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 145-րդ հոդվածում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով» բառերը փոխարինել «167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու եւ փորձաշրջանի ղեկավարի» բառերով։

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 166.1-ին հոդվածով.

«Հոդված 166.1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

1. Էթիկայի հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որեւէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:

2. Եթե քննարկումից հետո էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն եւ չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:

3. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:

5. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:»:

Հոդված 15. Օրենսգրքի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 16. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգը եւ ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ: Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 17. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Uույն oրենքը, բացառությամբ 1-ին, 6-րդ, 8-րդ, 13-րդ եւ 15-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին, 6-րդ, 8-րդ, 13-րդ եւ 15-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

3. 2014 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ եւ 123-րդ հոդվածների՝ արդարադատության ակադեմիային եւ արդարադատության ակադեմիան ավարտած անձանց վերաբերող դրույթները տարածվում են նաեւ Դատական դպրոցի եւ Դատական դպրոցն ավարտած անձանց նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում նշանակում է Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Հանրապետության նորընտիր Նախագահը չի նշանակել Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ: Ազգային ժողովը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում նշանակում է Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ համապատասխան գումարման Ազգային ժողովը չի նշանակել Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

03.06.2013
ՀՕ-51