Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.06.2013

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) եւ Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ` կապալառու) միջեւ կնքված կապալի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) շրջանակներում պատվիրատուի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման զարգացման բանկի (այսուհետ` բանկ) միջեւ կնքված ֆինանսական համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր), պատվիրատուի եւ կապալառուի դուստր՝ «ՍԱՆԻՐ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՖԶԵ» ընկերության (փոխատուի) միջեւ կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների (այսուհետ` ծրագիր) նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնությունների սահմանման եւ դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:

Հոդված  2 . Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում`

1) ծախսված միջոցների հաշվին կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ պատվիրատուն ազատվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն առաջացող՝ այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու պարտավորություններից.

2) ծախսված միջոցների հաշվին կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից  ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.

3) բանկը, փոխատուն եւ Իրանի Արտահանման Երաշխավորման Հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) ազատվում են համաձայնագրով եւ փոխառության պայմանագրով պատվիրատուի կողմից վճարվող՝ վարկի եւ փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների եւ ապահովագրական վճարների գծով առաջացող շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով եւ փոխառության պայմանագրով բանկին, փոխատուին եւ հիմնադրամին  վճարվող՝ վարկի եւ փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների եւ ապահովագրական վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.

4) պատվիրատուն  ազատվում  է  կապալառուի  մատակարարած ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից:

Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա:

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից, եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված եւ չվճարված հարկային եւ մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկը եւ մաքսատուրքը, ինչպես նաեւ դրանց գծով տույժերը եւ տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:

Հոդված 5.   Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառման կարգը, ներառյալ` արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր եւ այլն), սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

10.07.2013
ՀՕ-83