Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ եւ 21-րդ կետերով.

«20) ինտերնատուրա`  բարձրագույն  մասնագիտական  կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ինտերնի ծրագրով ընդհանուր պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստում.

21) օրդինատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատորի ծրագրով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում:»:

Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե - Ջավախք ու Քվեմո - Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների, ինչպես նաեւ ծագումով հայ  այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:»։

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հանել «(կլինիկական օրդինատորի)» բառերը, եւ 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

«- կլինիկական օրդինատորի.»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) 3-րդ կետից հանել «,  բժշկական մասնագիտությունների համար` մինչեւ 4 տարվա» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5-րդ եւ 6-րդ կետերով.

«5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին.

6) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա այլ պետությունների ռազմաբժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ ստորաբաժանումների շրջանավարտների համար սահմանել մեկ տարի տեւողությամբ հետբուհական ուսուցում՝ «ինտերնատուրա:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

«- օրդինատորի դիպլոմ:»:

Հոդված 6 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.07.2014
ՀՕ-82