Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ  2. Հաշվապահական հաշվառումը եւ ֆինանսական հաշվետվությունները
  • Գլուխ  3. Հաշվապահական հաշվառման կազմակերպումը եւ վարումը
  • Գլուխ  4. Ֆինանսական հաշվետվություններ  պատրաստելը եւ ներկայացնելը
  • Գլուխ  5. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար
  • Գլուխ 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ


      Գ Լ ՈՒ Խ  1

      ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


      Հոդված 1. Օրենքի նպատակը

      1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

      Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

      1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների, ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:

      2. Սույն օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններ են համարվում պետական կառավարչական հիմնարկները, համայնքների ղեկավարների աշխատակազմերը եւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները:

      Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը

      1. Կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

      1) սույն oրենքը.

      2) սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.

      3) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը (ՀՀՀՀՍ).

      4) կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը եւ դրա կիրառման հրահանգը.

      5) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը.

      6) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը.

      7) սույն օրենքվ նախատեսված իրավական այլ ակտեր:

      Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը

      1. Հաշվապահական հաշվառման կարգավորումը եւ համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

      2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`

      1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը եւ դրա կիրառման հրահանգը, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը եւ ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը.

      2) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

      3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`

      1) հաշվապահների ուսուցման եւ շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.

      2) հաշվապահների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը.

      3) հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաեւ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը, ինչպես նաեւ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը.

      4) հաշվապահական  հաշվառման  ոլորտում  միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:

      4. Սույն օրենքի համաձայն լիազոր մարմնի հաստատած կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը եւ դրա կիրառման հրահանգը, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը եւ հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատաuխանեն Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման uտանդարտին:

      ԳԼՈՒԽ  2

      ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը

      1. Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, պարտավորությունների, զուտ ակտիվների (սեփական կապիտալի) վիճակի ու շարժի, ինչպես նաեւ հասույթների եւ ծախսերի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման եւ ընդհանրացման համակարգ է գործառնությունների, այլ դեպքերի եւ իրադարձությունների  համընդհանուր եւ անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

      2. Կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:

      Հոդված 6. Հաշվապահական հաշվառում վարելը համակարգչային ծրագրերով

      1. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով:

      2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը եւ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի նկատմամբ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

      Հոդված 7. Ֆինանսական հաշվետվությունները

      1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի եւ ֆինանսական արդյունքների համակարգված ներկայացումն են:

      ԳԼՈՒԽ  3

      ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

      Հոդված 8.  Կազմակերպության ղեկավարի իրավունքները եւ պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

      1. Կազմակերպության ղեկավարը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

      2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարելու`

      1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության (այսուհետ` հաշվապահական ծառայություն) միջոցով.

      2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով.

      3) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:

      3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`

      1) լիազոր մարմնի հաստատած հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի հիման վրա սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը եւ լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետներում այն համաձայնեցնել համապատասխան պետական մարմնի (եթե այդպիսին կա) եւ լիազոր մարմնի հետ.

      2) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը:

      4. Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը որոշակի սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձեւեր եւ արարողակարգեր են, որոնք կիրառվում են կազմակերպության կողմից ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու նպատակով:

      Հոդված 9. Գլխավոր հաշվապահի իրավունքները եւ պարտականությունները

      1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը եւ ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

      2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու եւ ներկայացնելու համար:

      3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:

      4. Առանձին ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի միջեւ տարաձայնությունների դեպքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, գլխավոր հաշվապահը նախ գրավոր տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին անհամաձայնության մասին, այնուհետեւ կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ) կատարման է ընդունում փաստաթղթերը, եւ նման գործառնությունների իրականացման հետեւանքների համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

      5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող է աշխատել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող անձը:

      6. Հանրային հատվածի հաշվապահի որակավորումը (այսուհետ` հաշվապահի որակավորում) լիազոր մարմնի սահմանած պահանջները բավարարող` հաշվապահի որակավորում ստանալու համար լիազոր մարմին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգ է, որի արդյունքների հիման վրա տրվում է հաշվապահի որակավորման վկայական (այսուհետ` վկայական):

      Հաշվապահի որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով` լիազոր մարմնի սահմանած կարգով: Քննությունները կազմակերպում եւ անցկացնում է լիազոր մարմինը` իր հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:

      Վկայականը տրվում է լիազոր մարմնի սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:

      7. Գլխավոր հաշվապահ չի կարող աշխատել այն անձը, որը մերձավոր ազգակցական կամ խնամիական (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) կապի մեջ է կազմակերպության ղեկավարի հետ:

      Հոդված 10. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

      1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

      1) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.

      2) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.

      3) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչեւ  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:

      2. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման եւ սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

      3. Կազմակերպությունը պետք է պատրաստի իր ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրամական հոսքերի մասին տեղեկատվության)՝ կիրառելով հաշվապահական հաշվառման հաշվեգրման հիմունքը, որի համաձայն գործառնությունները, այլ դեպքերը եւ իրադարձությունները ճանաչվում են, երբ դրանք տեղի են ունենում եւ ներկայացվում են այն ժամանակահատվածների ֆինանսական հաշվետվություններում, որոնց դրանք վերաբերում են:

      Հոդված 11. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

      1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի եւ իրադարձությունների տեղի ունենալը:

      2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետեւյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները)՝

      1) փաստաթղթի անվանումը.

      2) հերթական համարը.

      3) կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

      4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).

      5) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բովանդակությունը.

      6) գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) չափման միավորները` դրամական եւ (կամ) բնաիրային արտահայտությամբ.

      7) պատասխանատու անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը:

      3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) բնույթից եւ տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել լիազոր մարմինը եւ (կամ) կազմակերպությունը:

      4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման (այլ դեպքի կամ իրադարձության տեղի ունենալու) պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության (այլ դեպքի կամ իրադարձության) ավարտից անմիջապես հետո:

      5. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին եւ ամբողջական ձեւակերպելու, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու նպատակով սահմանված ժամկետներում դրանք փոխանցելու պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող եւ ստորագրող անձինք:

      6. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ եւ հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը եւ ամսաթիվը:

      7. Լիազոր մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձեւեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձեւերը կամ, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:

      8. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձեւեր:

      Հոդված 12. Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները

      1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում եւ համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ):

      2. Գործառնությունները,  այլ  դեպքերը  եւ  իրադարձությունները գրանցամատյաններում գրանցվում են ժամանակագրական կարգով:

      3. Գրանցամատյանները  ժամանակին  եւ  ամբողջական  կազմելու պատասխանատվությունը կրում են դրանք վարող անձինք:

      4. Գրանցամատյաններում չծանուցված ուղղումներ չեն թույլատրվում:

      5. Լիազոր մարմինը կարող է սահմանել գրանցամատյանների օրինակելի ձեւեր, որոնցից կազմակերպությունն ինքնուրույն ընտրում է իր կողմից կիրառելի ձեւը կամ, ելնելով սույն օրենքից եւ հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներից, ինքնուրույն սահմանում է գրանցամատյանների ձեւերը:

      6. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա գրանցամատյանների ձեւեր եւ դրանց լրացման հրահանգներ:

      Հոդված 13.  Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում

      1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարը, եթե հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, իրականացված գործառնության ոլորտից, գործարքի էությունից եւ գործարքի դրամական արժեքի մեծությունից:

      Հոդված 14. Ակտիվների եւ պարտավորությունների գույքագրումը

      1. Տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելուց առաջ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ կազմակերպության վերակազմակերպման եւ (կամ) լուծարման դեպքերում կազմակերպությունը պարտադիր անցկացնում է ակտիվների եւ պարտավորությունների գույքագրում: Նշված դեպքերում գույքագրման անցկացման կարգը եւ ժամկետները սահմանում է լիազոր մարմինը:

      2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերից, գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը եւ ժամկետները որոշում է կազմակերպության ղեկավարը:

      3. Գույքագրմամբ հայտնաբերված` պատկանելությունը չպարզված գույքի ճակատագիրը որոշվում է տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման քաղաքացիաիրավական կանոններով:

      Հոդված 15. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը

      1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում եւ ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է գաղտնի, որին կարելի է ծանոթանալ օրենքով, կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով եւ հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում եւ կարգով:

      2. Գաղտնի տեղեկատվությանը ծանոթացած անձինք եւ կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Վերջինիս հրապարակման դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

      Հոդված 16. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

      1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը, կազմակերպությունը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան              5 տարի:

      2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավման ենթակա փաստաթղթերը կրկնօրինակելու եւ պահելու իր մոտ:

      3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

      ԳԼՈՒԽ  4

      ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ  ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ


      Հոդված 17. Ֆինանսական հաշվետվությունների կազմը

      1. Ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով:

      2. Եթե ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի, ապա ֆինանսական հաշվետվություններին կից պետք է ներկայացվի աուդիտորական եզրակացություն:

      Հոդված 18. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները

      1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ եւ սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել առանձին կամ անհատական ֆինանսական հաշվետվություններ:

      2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերահսկող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել եւ ներկայացնել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Այն վերահսկող կազմակերպությունը, որն իր հերթին հանդիսանում է վերահսկվող կազմակերպություն, համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնում է միայն այն դեպքում, երբ դա սահմանված է օրենքով կամ լիազոր մարմնի կողմից:

      3. Հայաստանի Հանրապետության` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է լիազոր մարմինը:

      4. Ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով:

      5. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ լիազոր մարմնի կողմից:

      Հոդված 19. Հաշվետու ժամանակահատվածը

      1. Հաշվետու ժամանակահատված է համարվում հաշվետու տարին եւ միջանկյալ հաշվետու ժամանակահատվածը:

      2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածն է: Նոր ստեղծված կազմակերպության համար առաջին հաշվետու տարի է համարվում կազմակերպության գրանցման (հաշվառման) օրվանից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Օրացուցային տարվա ընթացքում գործունեությունն առանց իրավահաջորդության դադարեցրած կազմակերպության համար վերջին հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ գործունեության դադարեցման նպատակով համապատասխան դիմումը ռեգիստր մուտք լինելու օրն ընկած ժամանակահատվածը:

      3. Միջանկյալ հաշվետու ժամանակահատվածը տարուց փոքր ժամանակահատված է: Միջանկյալ հաշվետու ժամանակահատվածի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

      Հոդված 20. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը

      1. Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է`

      1) հիմնադիրներին` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի համաձայն.

      2) պետական մարմիններին` օրենքով կամ լիազոր մարմնի սահմանած դեպքերում եւ կարգով.

      3) հանրությանը` օրենքով սահմանված դեպքերում հրապարակելու միջոցով:

      2. Կազմակերպության տարեկան եւ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամկետները սահմանում է լիազոր մարմինը:

      3. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման օր է համարվում դրանց` ըստ պատկանելության հանձնելու օրը: Հաշվետվությունները փոuտի միջոցով ներկայացնելու oր է համարվում փոuտային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը եւ գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը:
       

      Հոդված 21. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը

      1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

      2. Կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր է ֆինանսական հաշվետվությունները հրապարակել լիազոր մարմնի սահմանած ժամկետներում:

      3. Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, եթե լիազոր մարմնի կողմից այլ բան սահմանված չէ:

      ԳԼՈՒԽ  5

      ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


      Հոդված 22. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար
       
       

      1. Կազմակերպության ղեկավարը եւ հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

      ԳԼՈՒԽ 6

      ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


      Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

      Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

      Հոդված 24.  Անցումային դրույթներ

      1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պահանջն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

      2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

      3. Լիազոր մարմինը սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առաջին ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2019 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար:

      4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձինք համարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետով հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստացած` լիազոր մարմնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստումն անցնելուց հետո:

      5. Կազմակերպությունների  կողմից  սույն  օրենքով  նախատեսված հաշվապահական հաշվառման համակարգին անցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն:

      6. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:



    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
      ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

      17.07.2014
      ՀՕ-97


      21.01.2020 «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
      04.03.2021 «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին