Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է կերի եւ կերային հավելումների ներմուծման եւ արտահանման, արտադրության (ներառյալ՝ առաջնային), արտադրության անվտանգության ապահովման, պահման, պահեստավորման, փոխադրման, օգտագործման, իրացման, մակնշման, փաթեթավորման եւ գովազդի հետ կապված հարաբերությունները:

Հոդված  2. Օրենքի կիրառման ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է կերի եւ կերային հավելումների արտադրության (ներառյալ՝ առաջնային) եւ շրջանառության փուլերում ծագած հասարակական հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ կերի շղթայի օպերատորների եւ կերի անվտանգության համար պատասխանատու (պաշտոնատար) անձանց վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում՝

1) ընտանեկան օգտագործման համար նախատեսված կենդանիների կերերի արտադրության, օգտագործման կամ պահման վրա.

2) գենետիկորեն ձեւափոխված կերերի արտադրման, օգտագործման (ներառյալ՝ վերջինիս իրացումը շուկայում), ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման հետ կապված հարաբերությունների վրա.

3) այն կենդանիների կերակրման վրա, որոնք նախատեսված չեն սննդամթերքի պատրաստման համար.

4) ընտանի կենդանիների համար նախատեսված կերերի մանրածախ վաճառքի վրա.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող կերի եւ կերային հավելումների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կատարվում է բաց տարաներով, որը կարող է վտանգ ներկայացնել կենդանիների եւ մարդկանց առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին:

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) լիազոր մարմին՝ կերի անվտանգության ապահովման բնագավառում քաղաքականություն մշակող, վերահսկողություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության  լիազորած պետական մարմին.

2) կեր կամ կերամիջոց՝ կենդանիների կերակրման համար նախատեսված նյութեր, ապրանքներ կամ հավելանյութեր՝ վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված վիճակում.

3) կերի շղթա՝ կերի եւ դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման եւ իրացման փուլերը՝ նախնական արտադրությունից մինչեւ սպառում.

4) կերի շղթայի օպերատոր՝ կերի շղթայի բոլոր փուլերում գործառնություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պատասխանատու է իր հսկողության ներքո գտնվող` կերերի պատրաստման եւ շրջանառության փուլերում կերի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման եւ կատարման համար.

5) կերի հիգիենա՝ կերի անվտանգության եւ պիտանիության ապահովման, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր պայմանները եւ միջոցառումները.

6) կերի առաջնային արտադրություն՝ գյուղատնտեսական ապրանքների արտադրություն, ներառյալ՝ աճեցումը, բերքահավաքը, կթումը, որոնք, բացի թեթեւ ֆիզիկական մշակումից, չեն ենթարկվում հետագա գործընթացների.

7) շուկա հանել (շուկայահանել կամ շուկա բաց թողնել)՝ կերերի իրացնելը կամ այլ ձեւով փոխանցելը.

8) կենդանիների կերակրում` կերի ներմուծումը կենդանու աղեստամոքսային տրակտ բերանից՝ կենդանու սնուցման կարիքները բավարարելու եւ (կամ) առողջ լինելու չափորոշիչներին համապատասխանող՝ կենդանիների արտադրողունակությունը պահպանելու համար.

9) սննդամթերքի ստացման համար նախատեսված կենդանի՝ ցանկացած կենդանի, որին կերակրում, բուծում կամ պահում են մարդու կողմից սպառման համար նախատեսված սննդամթերքի արտադրությունում օգտագործելու նպատակով.

10) սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիներ՝ կենդանի, որին կերակրում, բուծում կամ պահում են, եւ որը չի օգտագործվում մարդու կողմից սպառման նպատակով, ինչպիսիք են մորթատու կենդանիները, ընտանի կենդանիները եւ լաբորատորիաներում, գազանանոցներում կամ կրկեսներում պահվող կենդանիները.

11) մորթատու կենդանիներ՝ սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիներ, որոնք կերակրվում, բուծվում կամ պահվում են մորթու արտադրության նպատակով.

12) ընտանի կենդանիներ՝ կենդանիներ, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որպես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին.

13) ընտանեկան օգտագործման համար նախատեսված կենդանի՝ ընտանիքի կարիքների բավարարման նպատակով պահվող կենդանի, որի արտադրանքը չի շուկայահանվում.

14) կերային նյութեր՝ բուսական կամ կենդանական ծագման, ինչպես նաեւ արհեստական (կենսաբանական, մանրէաբանական, քիմիական) նյութեր, որոնք օգտագործվում են որպես անասնակեր.

15) համակցված կեր՝ առնվազն երկու կերային հավելումներ պարունակող կամ չպարունակող կերային նյութերի խառնուրդ, որը հանդիսանում է կենդանիների բերանային եղանակով կերակրման համար ամբողջական օրակերն ապահովող կամ լրացուցիչ կեր.

16) ամբողջական օրակերն ապահովող կեր՝ համակցված կեր, որն իր բաղադրությամբ բավարար է օրակերի համար.

17) լրացուցիչ կեր՝ համակցված կեր, որում առկա է որոշակի նյութերի բարձր պարունակություն եւ իր բաղադրությամբ բավարար է օրակերի համար, եթե օգտագործվում է մեկ այլ կերի հետ համակցությամբ.

18) հանքային կեր՝ լրացուցիչ կեր, որը պարունակում է առնվազն 40 տոկոս հում մոխիր.

19) դեղային կեր՝ դեղային հիմք պարունակող հավելման` պրեմիքսի եւ կերային մնացորդների խառնուրդ, որը նախատեսված է կենդանիների բուժման, ֆիզիոլոգիական խաթարված ֆունկցիաների վերականգնման համար.

20) կաթի փոխարինիչ՝ համակցված կեր, որն օգտագործվում է մատղաշ կենդանիների կերակրման համար.

21) կրող միջավայր՝ նյութ, որն օգտագործվում է կերային հավելումը լուծելու, նոսրացնելու, տարածելու կամ այլ կերպ այն ֆիզիկապես ձեւափոխելու համար.

22) սնուցման կոնկրետ նպատակ՝ կենդանիների հատուկ սնուցման կարիքների բավարարում, որոնք ունեն խախտված մարսողական եւ նյութափոխանակման համակարգ.

23) հատուկ սնուցման նպատակների համար նախատեսված կեր՝ կեր, որն իր բաղադրության կամ սննդային հատուկ հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված կերից.

24) աղտոտիչներ՝ կերի բաղադրության մեջ չմտնող քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման ցանկացած նյութ եւ (կամ) տարր, որը կերի հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով հայտնվել է կերի մեջ կամ կերային հավելումներում եւ կարող է վնաս պատճառել կենդանու կյանքին եւ առողջությանը.

25) կերի պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ընթացքում կերը համարվում է անվտանգ եւ պիտանի է ըստ նպատակային նշանակության օգտագործման համար.

26) կերի պահման ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում կերը պահպանում է իր հատկությունները` նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահման պայմանների պահպանման դեպքում. պահման ժամկետի լրանալը չի նշանակում, որ այն պիտանի չէ օգտագործման համար.

27) խմբաքանակ՝ նույն նշանակության, միեւնույն արտադրողի կամ ներմուծողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված, նույն բաղադրությամբ եւ անվտանգությունը բնութագրող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող կերի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.

28) մակնշում՝ կերին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը կերի հետ շփվող նյութի, պիտակի կամ ուղեկցող փաստաթղթի վրա.

29) պիտակ՝ ցանկացած պիտակ, ապրանքային նշան, պատկեր կամ այլ նկարագրողական նյութ, որը ձեռքով գրված, տպագիր, նախշակաղապարով նկարված, նշված, փորագրված, դրոշմված կամ կպցված է կերի փաթեթավորմանը կամ տարային.

30) կերային հավելումներ՝ սովորաբար որպես կեր չօգտագործվող եւ կերի բաղադրամաս չհամարվող նյութեր` անկախ կերի սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ նպատակային ավելացվում են կերին՝ ցանկալի հատկանիշներ ստանալու համար, այդ թվում՝ կենսաբանական ակտիվ հավելումներ՝ վիտամիններ, հակաբիոտիկներ, ֆերմենտներ, հորմոններ, ամինաթթուներ, կտղուցածիններ, օրգանական եւ սինթետիկ այլ միացություններ.

31) գենետիկորեն ձեւափոխված կեր՝

ա. կեր, որը ստացվել է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմից` օտար գենի ավելացման կամ գեների համակցման միջոցով կենդանի օրգանիզմների գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում,

բ. կենդանի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված կեր,

գ. կերի բաղադրության մեջ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ եւ (կամ) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կենսագործունեության արդյունք պարունակող կեր.

32) պրեմիքսներ՝ կերային հավելումների խառնուրդներ կամ որպես կրիչներ օգտագործվող կերային նյութերով կամ ջրով մեկ կամ ավելի կերային հավելումների խառնուրդներ, որոնք նախատեսված չեն կենդանիներին անմիջականորեն սնելու համար.

33) օրվա համար նախատեսված կեր՝ կերի 12 տոկոս խոնավության պարունակության հիման վրա հաշվարկված միջին հաշվով ընդհանուր քանակը, որը կազմվում է` ելնելով կենդանու տեսակից եւ սեռահասակային կազմից.

34) վերամշակման օժանդակ միջոցներ` որպես անասնակեր չօգտագործվող, մշակման կամ վերամշակման ընթացքում տեխնոլոգիական նպատակ իրականացնելու համար անասնակերերի կամ կերային նյութերի վերամշակման մեջ օգտագործվող որեւէ նյութ.

35) հակամիկրոբիալներ՝ սինթետիկ կամ բնական ճանապարհով արտադրված նյութեր, որոնք օգտագործվում են միկրոօրգանիզմների, ներառյալ՝ մանրէների, վիրուսների կամ սնկերի դեմ պայքարելու նպատակով.

36) հակաբիոտիկ՝ միկրոօրգանիզմի կողմից արտադրված կամ դրանից ածանցված հակամիկրոբիալներ, որոնք քայքայում կամ խոչընդոտում են այլ միկրոօրգանիզմների աճը.

37) կոկցիդիոստատներ եւ հիստոմոնոստատներ՝ նախակենդանիներին սպանելու կամ դրանց աճը խոչընդոտելու համար նախատեսված նյութեր.

38) մնացորդի առավելագույն քանակ՝ կենդանական կերի մեջ հավելման օգտագործման արդյունքում ստացված մնացորդի առավելագույն խտությունը.

39) միկրոօրգանիզմ` գաղութ ձեւավորող միկրոօրգանիզմներ.

40) առաջին շուկայահանում՝ արտադրությունից հետո կերային հավելման սկզբնական շուկայահանումը, ներմուծումը կամ կերի շուկայահանումը, որի մեջ հավելումը ներառվել է առանց շուկայահանման.

41) դիտանցում` կերի անվտանգությունն ապահովող կառավարման համակարգի գործողության ընթացքում պլանավորված (ծրագրված) միջոցառումների իրականացում` կերի անվտանգությանը սպառնացող վտանգը վերացնելու կամ մինչեւ թույլատրելի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կամ գործողությունների ընթացքը ստուգելու համար.

42) վտանգ՝ կերի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ եւ (կամ) կերի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ կենդանու առողջության վրա.

43) ռիսկ՝ վտանգի առաջացման հավանականություն եւ դրա հավանական ազդեցության հնարավոր հետեւանքները կենդանու առողջության վրա.

44) ռիսկի վերլուծություն՝ ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման եւ ռիսկի մասին տեղեկատվության փոխանակման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.

45) ռիսկի գնահատում` գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման եւ ռիսկի բնութագրման փուլերից.

46) ռիսկի կառավարում` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները եւ այլ հիմնավոր գործոններ եւ անհրաժեշտության դեպքում ընտրվում եւ կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ.

47) ռիսկի մասին տեղեկատվության փոխանակում` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարողների, սպառողների, կերի շղթայի փուլերում գործառնություններ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների եւ շահագրգիռ այլ կողմերի միջեւ վտանգի, ռիսկի, ռիսկին առնչվող գործոնների եւ ռիսկի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների եւ կարծիքների փոխանակում, ներառյալ՝ ռիսկի գնահատման արդյունքների եւ ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.

48) կերի հետ շփվող նյութեր՝ կեր չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է կերի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման, մակնշման ժամանակ եւ անմիջական շփման մեջ է մտնում կերի հետ.

49) վտանգավոր կեր՝ կեր, կերի հետ շփվող նյութեր եւ կերային հավելումներ, որոնք`

ա. չեն համապատասխանում կերի անվտանգությունը սահմանող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշներով վտանգավոր լինելու կասկած են հարուցում,

բ. չեն համապատասխանում մակնշմամբ ներկայացված տեղեկատվությանը, եւ որոնց վերաբերյալ կան կեղծված լինելու հիմնավոր, ակնառու կասկածներ.

50) կերի անվտանգություն՝ կերի այնպիսի վիճակ, որը վկայում է անթույլատրելի ռիսկի բացակայության մասին, որը կունենա վնասակար ազդեցություն կենդանու առողջության եւ կյանքի վրա.

51) տեխնոլոգիական գործընթացներ՝ կեր արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով կերային նյութերը ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.

52) հետագծելիություն՝ կերի շղթայի բոլոր փուլերում կերի եւ կերային հավելումների նախնական արտադրության արդյունքի շարժին հետեւելու հնարավորություն:

Հոդված 4. Կերի մասին օրենսդրությունը

1. Կերի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) կերարտադրության եւ կերօգտագործման, ինչպես նաեւ կերիրացման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

2) կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկի հաստատումը.

3) կերի փորձաքննության եւ նմուշառման կարգի սահմանումը.

4) կերի արտադրության տեխնոլոգիական հրահանգին եւ բաղադրագրին ներկայացվող պահանջների հաստատումը.

5) Հայաստանի Հանրապետությունում կերարտադրության նպատակով օգտագործվող հատուկ նշանակության նյութերի եւ կերային հավելումների կիրառությունն արգելված համարվող նյութերի ցանկի հաստատումը.

6) կերի անվտանգության նորմատիվների հաստատումը.

7) վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման ժամանակացույցի (ըստ արտադրության ոլորտների) սահմանումը.

8) վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգի սահմանումը.

9) կերերի փոխադրմանը եւ պահպանմանը ներկայացվող պահանջների սահմանումը.

10) կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգի սահմանումը.

11) կերի եւ կերային հավելումների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման ընթացակարգի սահմանումը.

12) Հայաստանի Հանրապետությունում կերի անվտանգության միջազգային չափանիշներին ներդաշնակ ազգային չափանիշների եւ պահանջների ներդրման ապահովումը.

13) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը.

14) սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

Հոդված 6. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմինը՝

1) իրականացնում է կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.

2) իրականացնում է կերի (այդ թվում՝ գենետիկորեն ձեւափոխված կերի) եւ կերային հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման եւ իրացման գործընթացների նկատմամբ պետական վերահսկողություն.

3) իրականացնում է կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործողությունների գրանցում եւ տվյալների բազայի վարում.

4) տալիս է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերի արտադրության եւ շրջանառության փուլում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացություն.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ (գործողություններ):

ԳԼՈՒԽ 2

ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 7. Կերի անվտանգությունը

1. Կերի արտադրությունը, տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) եւ տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգի եւ բաղադրագրի առկայությամբ եւ դրանց համապատասխան:

2. Արգելվում է վտանգավոր կերեր շրջանառության մեջ դնելը կամ սննդամթերք ստանալու համար նախատեսված կենդանիներին դրանցով կերակրելը:

3. Կերերը համարվում են վտանգավոր, եթե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ՝

1) կարող են վնաս պատճառել կենդանու առողջությանը.

2) դրանց օգտագործման արդյունքում կենդանուց ստացված սննդամթերքը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդու կյանքի եւ առողջության վրա:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով վտանգավոր կերը ենթակա է փորձաքննության, հետկանչի, օգտահանման կամ ոչնչացման:

5. Կերերի եւ կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաեւ կերերի, կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Կերի անվտանգությունն ապահովելու նպատակով կերեր եւ կերային հավելումներ արտադրողների կողմից ներդրվում են վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված համակարգեր:

7. Վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման աշխատանքներին աջակցում է լիազոր մարմինը կամ, ըստ արտադրության ոլորտների, մեթոդական ձեռնարկների թողարկում իրականացնելու եւ ուսուցում կազմակերպելու լիազորություններ ունեցող այլ մարմիններ:

8. Վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգի ներդրման եւ կիրարկման նպատակով կերի շղթայի օպերատորն ապահովում է աշխատակիցների ուսուցումը եւ վերապատրաստումը:

Հոդված 8. Վտանգի վերլուծությունը եւ կրիտիկական կետերի հսկման համակարգը

1. Վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգը հիմնված է հետեւյալ սկզբունքների եւ քայլերի վրա`

1) վտանգի վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը եւ գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները.

2) հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգը կանխելու, վերացնելու կամ մինչեւ ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով.

3) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի եւ անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է.

4) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար դիտանցման ընթացակարգերի սահմանում.

5) ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ դիտանցմամբ հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել հսկողությունից (կրիտիկական կետի չափանիշներով վտանգն անցել է ընդունելի մակարդակը).

6) պլանավորված պարբերականությամբ իրականացվող ուսումնասիրության ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎՎԿԿՀ համակարգի գործողության արդյունավետությունը (գնահատումը), սահմանվում են հսկման նպատակը, եղանակը, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը եւ գնահատման այլ գործողություններ, ինչպես նաեւ դրանց կատարման պատասխանատուները.

7) ՎՎԿԿՀ համակարգի քայլերի եւ ընթացակարգերի փաստաթղթավորման եւ գրանցումների համակարգի ստեղծում:

2. ՎՎԿԿՀ համակարգը կիրառվում է կերի արտադրության, վերամշակման եւ բաշխման փուլերում նախնական արտադրության գործառնություններից հետո:

3. Արտադրական գործընթացի որեւէ փուլում փոփոխություն կատարելու դեպքում կերի շղթայի օպերատորը վերանայում է ՎՎԿԿՀ պլանը եւ անհրաժեշտության դեպքում կատարում ուղղումներ:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերի անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերը եւ կերային հավելումները պետք է բավարարեն կերի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջները:

2. Արգելվում է կերի, կերային հավելումների իրացումը, եթե՝

1) չեն համապատասխանում անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

2) առկա են հստակ արտահայտված փչացման նշաններ.

3) չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ.

4) չունեն սահմանված պահման ժամկետ, կամ պիտանիության ժամկետն անցել է, բացառությամբ այն կերերի եւ կերային հավելումների, որոնք չունեն պահման ժամկետ կամ պիտանիության ժամկետ.

5) չունեն մակնշում:

3. Արգելվում է վնասված փաթեթավորումով եւ մակնշումով կերի եւ կերային հավելումների իրացումը:

4. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած կերի իրացումը, վերամշակումը կամ վերափաթեթավորումը:

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված եւ փաթեթավորված կերը եւ կերային հավելումները մակնշվում են հայերենով:

6. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները`

1) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.

2) կերի հիմնական բաղադրիչների ցանկը.

3) կերի մեջ օգտագործված կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների եւ անասնաբուժական դեղամիջոցների ցանկը (եթե այդպիսիք կան).

4) կենդանիների տեսակը եւ սեռահասակային խումբը, որոնց համար նախատեսված է կերը կամ կերային հավելումը.

5) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) եւ պիտանիության ժամկետը.

6) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող ըստ նշանակության օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

7) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման ծագման երկիրը, տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը).

8) «գենետիկորեն ձեւափոխված կեր կամ կերային հավելում» մակնշումը, եթե կերի կամ կերային հավելման բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 տոկոսից բարձր է:

7. Արգելվում է շուկայահանված կերի եւ կերային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

8. Կերի եւ կերային հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:

9. Կերի եւ կերային հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում՝ համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

Հոդված 10. Վտանգավոր կերի՝ շուկայից հետկանչումը, օգտահանումը եւ ոչնչացումը

1. Վտանգավոր կերը կերի շղթայի օպերատորի կողմից ենթակա է առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման եւ փորձաքննության:

2. Վտանգավոր կեր տնօրինողը պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետեւյալ քայլերը՝

1) տվյալ խմբաքանակի կերը եւ կերային հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման.

2) այդ մասին տեղեկացնել տվյալ կերի եւ կերային հավելումների մատակարարին, ձեռք բերողին եւ լիազոր մարմնին:

3. Լիազոր մարմինն ապահովում է հայտնաբերված վտանգավոր կերի հավելումների ամբողջ խմբաքանակի՝ շուկայից հետկանչման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի եւ աստիճանի վերլուծությունը, ինչպես նաեւ այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

4. Եթե վտանգավոր կերն իրացվել է սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ կերը եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

5. Եթե օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կատարած փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կերը կամ կերային հավելումները վտանգավոր են, վտանգավոր խմբաքանակի կերը եւ վտանգավոր կերային հավելումները ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

6. Վտանգավոր կերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ կերը եւ կերային հավելումները տնօրինողի միջոցների հաշվին:

Հոդված 11. Կերի փոխադրմանը եւ պահպանմանը ներկայացվող պահանջները

1. Կերերը եւ կերային հավելումները պահվում կամ տեղափոխվում են դրանց անվտանգությունը հավաստող պահանջների պահպանմամբ:

Հոդված 12. Հետագծելիությունը

1. Կերի եւ կերային հավելումների հետագծելիությունը սահմանվում է եւ կիրառվում կերի շղթայի բոլոր փուլերում:

2. Կերի շղթայի օպերատորները մշակում եւ ներդնում են համակարգեր եւ ընթացակարգեր, որոնք թույլ կտան նույնականացնել իրենց արտադրանք մատակարարող եւ իրենց կողմից արտադրանք ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

3. Կերի եւ կերային հավելումների հետագծելիության ընթացակարգերով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց եւ (կամ) արտադրանքի շարժի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը կերի շղթայի օպերատորները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են լիազոր մարմնին՝ վերջինիս պահանջի դեպքում:

Հոդված 13. Կերի եւ կերային հավելումների գովազդին ներկայացվող պահանջները

1. Արգելվում է գովազդել այն կերը եւ կերային հավելումները, որոնք չունեն դրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:

2. Արգելվում է կերի բուժիչ հատկությունների, ինչպես նաեւ հատուկ սնուցման նպատակի համար նախատեսված կերի գովազդը՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման: Համաձայնեցման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարութունը:

3. Արգելվում է կերի եւ կերային հավելումների ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ:

Հոդված 14. Կերի անվտանգության ոլորտում պետական մարմինների համագործակցությունը

1. Կերի եւ կերային հավելումների արտադրության շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր կերի եւ կերային հավելումների մասին տեղեկատվությունը փոխանցում են միմյանց:

2. Կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական մարմինները կերային թունավորումների եւ համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում եւ իրականացնում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ:

Հոդված 15. Կերի ու կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորներն իրենց կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվություն են տրամադրում կերի շղթայի օպերատորների գրանցումն իրականացնող մարմնին:

2. Տեղեկատվությունը տրամադրվում է հետեւյալ ժամկետներում`

1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.

2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո գործառնություններ սկսող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը` մինչեւ գործառնություններ սկսելը:

3. Գրանցման համար ներկայացվող տեղեկատվությունը պետք է պարունակի հետեւյալ տվյալները`

1) կերի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը.

2) գործունեության (գործառնության) տեսակը.

3) գործունեության իրականացման վայրը.

4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) պետական գրանցման համարը եւ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը:

4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին կերի շղթայի օպերատորը լրացուցիչ տեղեկացնում է գրանցումն իրականացնող մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:

5. Կերի շղթայի օպերատորը նշված տեղեկատվությունը գրանցումն իրականացնող մարմնին փոխանցում է առձեռն կամ փոստային առաքման կամ ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով:

6. Կերի շղթայի օպերատորը գրանցված է համարվում սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվությունը գրանցումն իրականացնող մարմնին փոխանցելու, իսկ առցանց գրանցվելու դեպքում` առցանց գրանցվելու պահից:

7. Ստացված տեղեկատվության հիման վրա գրանցումն իրականացնող մարմինը ստեղծում է կերի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բազա:

Հոդված 16. Կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության եւ շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացության տրամադրումը

1. Լիազոր մարմինը կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության եւ շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համար տալիս է եզրակացություն:

2. Գործունեության եզրակացությունը տրվում է հետեւյալ ժամկետներում`

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող կերի շղթայի օպերատորներին` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ստեղծված կերի շղթայի օպերատորներին` մինչեւ փաստացի գործունեություն սկսելը:

3. Կերի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը գանձվում է գործունեության եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելուց առաջ:

Հոդված 17. Կերի եւ կերային հավելումների ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը

1. Ներմուծվող կերը պետք է բավարարի կերի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ ներմուծող եւ արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին:

2. Արտահանվող կերը պետք է բավարարի արտադրող եւ միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաեւ ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:

3. Վտանգավոր կերը կարող է արտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների եւ հանգամանքների մասին:

Հոդված 18. Կերի անվտանգության պետական վերահսկողությունը

1. Արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում կերի անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Պետական վերահսկողությունն իրականացվում է՝

1) կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում օգտագործվող տեղափոխման միջոցների, արտադրամասերի, պահեստային եւ այլ տարածքների նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին եւ կանոններին համապատասխանության նկատմամբ.

2) կերի արտադրության համար օգտագործվող հումքին, ջրին, օժանդակ նյութերին, կերային հավելումներին եւ վերամշակված կերին նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների եւ պահման պայմաններին ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

3) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների եւ տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման նկատմամբ.

4) ախտահանող նյութերի եւ կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների եւ դրանց պահման պայմանների ապահովման նկատմամբ.

5) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

6) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:

3. Կերի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3

ԿԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. Կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող կերի շղթայի օպերատորների իրավունքները եւ պարտականությունները

1. Կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող կերի շղթայի օպերատորներն իրավունք ունեն՝

1) լիազոր մարմնից ստանալու կերի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաեւ կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն.

2) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի, լիազոր մարմնի եւ վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունները եւ որոշումները:

2. Կերի շղթայի օպերատորն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր կեր թողարկելու համար:

3. Վտանգի աղբյուրը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումները կերի շղթայի օպերատորն իրականացնում է իր միջոցների հաշվին:

4. Կերի շղթայի օպերատորը պարտավոր է՝

1) ապահովել կերի եւ կերային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.

2) ապահովել, որ կերը եւ կերային հավելումները լինեն անվտանգ, ոչ կեղծ, համապատասխանեն դրա նպատակին եւ որակին, բավարարեն պիտակավորմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները.

3) սննդի համար նախատեսված կենդանիների կերակրման ժամանակ միջոցառումներ ձեռնարկել կերում կենսաբանական, քիմիական եւ ֆիզիկական աղտոտիչների առկայությունը կանխելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ.

4) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննությանն անհրաժեշտ նմուշներ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցի համաձայն՝ վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգերի ներդրման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել լիազոր մարմին.

6) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ՝ վտանգավոր կերի հետագծելիությունը որոշելու համար.

7) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը:

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հուլիսի 2-ի ՀՕ-118-Ն օրենքը:

3. «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հուլիսի 2-ի ՀՕ-118-Ն oրենքի համաձայն (ի կատարումն) ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-141