Armenian      
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ II.2-րդ գլխով.

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ II.2-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ II.2
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՒՄԸ


Հոդված 13.7. Ընտանեկան ձեռնարկատիրությունը եւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները

1.   Հարկային օրենսդրության կիրառության իմաստով`

1)   ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը.

2)   ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը:

2.   Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ սույն գլխի կիրառության իմաստով` նաեւ անձինք), այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը: Ընդ որում՝

1)   անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով.

2)   առեւտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան  ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առեւտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, եւ եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի կամ բաժնետերերի ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով:

3.   Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 18.0 մլն դրամը: Սույն մասի կիրառության առումով իրացման շրջանառությունը ներառում է նաեւ հաստատագրված վճարներով եւ (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը):

4.   Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝

1)   առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք, ինչպես նաեւ «Հաստատագրված վճարների մասին» եւ (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք` գործունեության այդ տեսակների մասով.

2)   ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները եւ (կամ) ներմուծողները.

3)   աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը.

4)   արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները.

5)   խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպիչները.

6)   առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, եթե`

ա. առեւտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանում է այլ  ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

բ. առեւտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի որեւէ մասի սեփականատեր հանդիսացող ընտանիքի անդամին պատկանում է այլ ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

5.   Սույն գլխի կիրառության իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

Հոդված 13.8. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը

1.  Սույն օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող անձն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում՝

1)  յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ այդ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե մինչեւ այդ տարվա փետրվարի 20-ը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն եւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր.

2)  պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչեւ տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված) անձը պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչեւ այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն եւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Հոդված 13.9.  Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը

1. Անձը դադարում է համարվել ընտանեկան ձեռնարակատիրության սուբյեկտ, եթե՝

1) իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու            վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած      հայտարարություն (այսուհետ` միասնական հայտարարություն)` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին)` միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու 30 օրվանից ոչ շուտ) մինչեւ միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը, կամ իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարության ներկայացման օրվանից մինչեւ տվյալ տարվա ավարտը.

2) ընթացիկ տարում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 18.0 մլն դրամը` գերազանցելու պահից.

3) իրականացրել է սույն օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով նախատեսված գործունեություն` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

4) տեղի է ունեցել սույն օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված փաստերից որեւէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

5) որպես վարձու աշխատող աշխատանքի է ընդունել ընտանիքի անդամ չհամարվող անձի` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը:

Հոդված 13.10. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի եւ այլ պարտադիր վճարների վճարումը եւ հաշվետվությունների ներկայացումը

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում՝ որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում եւ վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով` մինչեւ եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած`

1) հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով  մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառության վերաբերյալ.

2) անձնավորված հաշվետվություն` սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եկամուտների եւ դրանց մասով վճարված եկամտային հարկի վերաբերյալ:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված` առանձին ապրանքների արտադրության եւ շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաեւ մատուցված ծառայությունների ծավալների եւ դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:

Հոդված 13.11. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը եւ առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարումը

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի եւ գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները սույն օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում:

Հոդված 13.12. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո շրջանառության հարկով հարկման կարգին կամ հարկման ընդհանուր կարգին անցումը

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո շրջանառության հարկով հարկման կարգին անցնելիս շրջանառության հարկի գծով հարկային պարտավորությունները հաշվարկվում են «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո ձեւավորվող հարկվող օբյեկտների նկատմամբ: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո հարկման ընդհանուր կարգին անցնելիս ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի «եկամտային հարկի» պարտավորությունները հաշվարկվում են հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ հարկման ընդհանուր կարգին անցնելուց հետո ձեւավորվող հարկվող օբյեկտների նկատմամբ:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո հարկման ընդհանուր կարգին անցնելիս համախառն եկամտից նվազեցվում են գույքային (այդ թվում` հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների) մնացորդի մասով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում եւ մինչեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը կատարված ձեռք բերումները` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել դադարելուց հետո տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում անձինք շահութահարկը կամ եկամտային հարկը (այդ թվում` կանխավճարները) եւ ԱԱՀ-ն հաշվարկում եւ վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

4.   Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները նախորդ տարիների ընթացքում ստացած հարկային վնասը կարող են նվազեցնել ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում ստացված վնասը համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ:

Հոդված 13.13. Պատասխանատվությունը

1.   Եթե անձը, սույն գլխի համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանները չբավարարելու կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ լինելուց դադարելու հիմքերի առկայության դեպքերում իրեն համարել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ եւ օգտվել է սույն օրենքի 13.10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային արտոնություններից, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով սույն օրենքի 13.12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթները եւ հարկման կարգերի փոփոխությունը:

2.   Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից՝

1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու համար կիրառվում են նույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները.

2) անփաստաթուղթ արտադրանքի եւ (կամ) ապրանքի տեղափոխման կամ առաքման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն կետով նախատեսված խախտումը երկրորդ անգամ կատարելու դեպքում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը դադարում է օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման արտոնյալ համակարգից:

Սույն հոդվածի կիրառման իմաստով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ գործարքը կամ գործողությունը օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու պահին կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի: Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կիրառելի են սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու համար սույն օրենքի 28.5-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաեւ անապրանք փաստաթղթեր դուրս գրած եւ ձեռք բերած անձանց համար սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:»:

Հոդված 2. Օրենքի  22-րդ  հոդվածի  երկրորդ  պարբերությունը «շրջանառությունները համարվում են չհիմնավորված» բառերից հետո լրացնել «կամ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ շրջանառության հարկ վճարողին տրամադրված` ապրանքների ձեռք բերումը հիմնավորող փաստաթղթերում գործարքի արժեքը ներկայացված է գործարքի իրական արժեքից 20 եւ ավելի տոկոս տարբերությամբ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության շրջանակներում վարձու աշխատող չհանդիսացող ընտանիքի անդամի գործունեությունը:»:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը «Հարկ վճարողի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողի,» բառերով, իսկ «գնի (արժեքի) 50 տոկոսի չափով» բառերից հետո՝ «, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետը «գնի (արժեքի) 100 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից» բառերով.

3) 1-ին մասի 2-րդ կետը «գնի (արժեքի) 200 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից» բառերով.

4) 2-րդ մասի «ընթացքում» բառը փոխարինել «շրջանակներում» բառով եւ մասից հանել «օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու պահին» բառերը.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ  մասով.

«Սույն հոդվածի կիրառության իմաստով`

1) շրջանառության հարկ վճարողի կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձեւով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալները դիտարկվում են ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի կողմից անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպքեր, եթե ապրանք առաքող կամ տեղափոխող նույն հարկ վճարողի մոտ հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում արձանագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված կարգի խախտումներ.

2) ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի համար անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպք է համարվում նաեւ այն դեպքը, երբ երեք տարբեր շրջանառության հարկ վճարողների կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձեւով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրերի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների համաձայն, ապրանք առաքող կամ տեղափոխող միեւնույն հարկ վճարողը գործարքը կամ գործողությունն իրականացնում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված  վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի.

3) ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի համար անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպք է համարվում նաեւ այն դեպքը, երբ շրջանառության հարկ վճարողների կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձեւով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալները, որոնց համաձայն ապրանքների առաքումը եւ (կամ) տեղափոխումը իրականացվում են առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում եւ արձանագրվում են հարկային մարմնի կողմից:».

6) 4-րդ մասը «ապրանքների վրա դրվում է արգելանք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքերի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը «, ինչպես նաեւ սույն օրենքի» բառերից հետո լրացնել «13.13-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի 13.13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու եւ արձանագրվելու դեպքում հարկային մարմնի կողմից նույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հավելվածով 1-ին կետը «շրջանառության հարկ վճարող հանդիսացող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքին համապատասխան՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են սույն օրենքն ուժի մետ մտնելուց հետո արձանագրված խախտումների մասով, իսկ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն արձանագրված խախտումների մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները:

2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար Օրենքի 13.8-րդ հոդվածով նախատեսված՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 20-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-134