Armenian      
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2014

Հոդված 1 . «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման պահանջի դեպքում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն մինչեւ լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ դրանց փոփոխությունները՝ դրանք կատարվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով որակավորված անձանց նկատմամբ սահմանված այլ պահանջներ լինելու դեպքի, երբ սահմանված է, որ որակավորված անձը պետք է ապահովի նաեւ այլ նախապայմաններ, որոնք անհրաժեշտ են լիցենզիա ստանալու համար:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու կամ սույն օրենքով սահմանված դեպքերում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորվող մարմին ժամանակին չներկայացնելու դեպքերում.».

2)  8-րդ կետը «միայն այդ անձի մասով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի» բառերով:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.12.2014
ՀՕ-160