Armenian      
Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

«Հոդված 11.1. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները ձեռք բերելիս

1. Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձեւով ձեռք բերելիս:

2. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայություններ կամ գործողություններ կատարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած անվտանգության, փոխգործելիության եւ տեխնիկական ընդհանուր պահանջներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված համակարգին միանալու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձանց էլեկտրոնային համակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած պահանջներին:

4. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման համակարգի տեխնիկական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության  կառավարությունը կարող է ստեղծել էլեկտրոնային համակարգի օպերատոր, որը կապահովի էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումը եւ համակարգումը: Էլեկտրոնային համակարգի օպերատորի գործառույթները կարող են վերապահվել պետական որեւէ մարմնի կամ իրավաբանական անձի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-226