Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք այդպիսի ապրանքների ներմուծման դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն), եթե «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) առանձնահատկություններ նախատեսված չեն:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետի «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 3-րդ սյունակը բոլոր տեղերում «մաքսային արժեք» բառերից հետո լրացնել «իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների)» բառերով.

2) «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող եւ արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.».

3) «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.

2) 7-րդ մասի «մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը՝

ա. «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների)» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2) 5-րդ մասի «ա» կետը «կարգով եւ ժամկետներում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններ արտահանման դեպքում՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով.

3) 6-րդ եւ 6.1-ին մասերը «սույն օրենքին» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «Արտահանում», կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բաց թողնումը թույլատրված է» նշումով (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման դեպքերի):»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը եւ տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման գործարքների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-244