Armenian      
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.2015

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասը «20 տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող եւ այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի (այսուհետ սույն մասում՝ հարկ վճարողների խումբ) շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է սույն մասով նախատեսված դրույքաչափով, եթե հարկ վճարողների խումբը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմանները՝

1) հարկ վճարողների խմբում չկան մետաղական օգտակար հանածոների արդյունահանման եւ (կամ) վերամշակման, թանկարժեք քարերի մշակման եւ (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության եւ (կամ) իրացման, թանկարժեք մետաղների արտադրության եւ (կամ) իրացման, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության եւ (կամ) իրացման ոլորտներից որեւէ մեկում գործունեություն իրականացնող հարկ վճարողներ.

2) հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ: Ընդ որում, արտահանման ծրագրի իրականացման տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խումբն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող նվազագույն մեծությունը.

3) հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից հանրագումարային հաշվարկով մուտքագրվել է առնվազն 40 մլրդ դրամին համարժեք արտարժույթ.

4) հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողները հաշվետու տարվա ընթացքում չունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացման ենթակա եկամուտներ:

Սույն մասով նախատեսված բոլոր պայմանները միաժամանակ բավարարող՝ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է՝

1) 5 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ.

2) 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողների խմբի կողմից հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքի, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է առնվազն 50 մլրդ դրամ:

Սույն մասով նախատեսված՝ արտահանման ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասում «(բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված շահութահարկի դրույքաչափ կիրառող ռեզիդենտի)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2015 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.03.2015
ՀՕ-4