Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2015


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական եւ գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաեւ ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացումը:

2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների միջեւ ծագող հարաբերությունները, ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիր (այսուհետ` ՌԱՀ)` գիտական, գիտաարտադրական, արտադրական եւ այլ բնույթի կազմակերպությունների ու պետական մարմինների համակարգ, որի գործունեությունն ուղղված է պետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործմանը.

2) ռազմատեխնիկական քաղաքականություն` պետության պաշտոնական տեսակետ եւ գործունեություն, որն ուղղված է խաղաղ եւ պատերազմական ժամանակ զինված ուժերը եւ այլ զորքերը ներհանրապետական ռազմական ապրանքով եւ գույքով բավարարման ապահովմանը.

3) ռազմարդյունաբերական քաղաքականություն` ՌԱՀ-ի իրավական ու ռազմատնտեսական միջոցառումների եւ գործողությունների համակարգ` ելնելով պետության անվտանգության ապահովման, ռազմատնտեսական մրցունակության եւ սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունից.

4) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտներ` պետական մարմիններ եւ ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպություններ՝ անկախ կազմակերպական-իրավական ձեւից.

5) ռազմարդյունաբերական գործունեություն` ռազմական կարիքների համար պետական պատվերների հիման վրա սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգնման, նորոգման, ծառայությունների մատուցման եւ սպասարկման աշխատանքների տնտեսական գործունեության ձեւերի համակցություն.

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներ` իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ռազմարդյունաբերական գործունեություն.

7) ռազմարդյունաբերական կլաստեր` միմյանց լրացնող եւ մրցունակություն ապահովող, ռազմական կարիքների համար պետական պատվերներ կատարող կազմակերպությունների փոխկապակցված խումբ.

8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցություն` պետական մարմինների տնտեսական եւ իրավական բնույթի գործունեություն, որն ուղղված է ռազմական արդյունաբերության ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման արդյունավետության աճի խթանմանը.

9) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների աջակցության կազմակերպություններ` առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք ստեղծվում են ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտներին աջակցություն իրականացնելու նպատակով, կամ ներգրավվում են այդ աշխատանքներում.

10) ռազմական կարիքների համար պետական պատվեր` զինված ուժերը եւ այլ զորքերը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կողմից ներհանրապետական ռազմական ապրանքով եւ գույքով` սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ռազմատեխնիկական միջոցներով, ունեցվածքով եւ թիկունքային գույքով ապահովման գործառույթ.

11) ռազմական ապրանք եւ գույք` ռազմական կարիքների համար պետական պատվերով մատակարարվող արտադրանք, մատուցվող ծառայություն եւ աշխատանք.

12) ռազմական կարիքների համար պետական պատվերի պատվիրատու (այսուհետ` պետական պատվիրատու)` Հայաստանի Հանրապետության օրենքով (օրենքներով) սահմանված լիազոր պետական կառավարման մարմին (մարմիններ).

13) ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման գլխավոր կատարող (այսուհետ` գլխավոր կատարող)` պետական պատվիրատուի հետ մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

14) ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման մասնակից (այսուհետ` կատարող)` գլխավոր կատարողի (կատարողի) հետ ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

15) մատակարարվող ռազմական ապրանքի եւ գույքի բնութագիր` մատակարարվող ռազմական ապրանքի եւ գույքի մարտավարատեխնիկական բնութագրեր, պահանջներ եւ հատկանիշներ.

16) ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշ` ընթացիկ ֆինանսական տարվա եւ պլանային ժամանակահատվածի համար պետական բյուջեով հաստատված ռազմական կարիքների համար պետական պատվերի ֆինանսական ապահովման չափը.

17) ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր (այսուհետ` պետական պայմանագիր)` ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման համար պետության անունից պետական պատվիրատուի կնքած պայմանագիր.

18) ՌԱՀ-ի նյութական միջոցների պետական պահուստ` պետության կազմակերպած պահուստ (զինված ուժերում, ՌԱՀ-ի կազմակերպություններում), որտեղ՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հատուկ ցանկի, կուտակվում եւ թարմացվում են ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքները (հումք, նյութեր, էլեկտրոնային եւ օպտոէլեկտրոնային տարրեր, համալրող պատրաստվածքներ եւ այլն).

19) հավակնոտ ծրագիր` պետության անվտանգության ապահովման կամ տնտեսական զարգացման նպատակով գիտական, տնտեսական, ֆինանսական, ինչպես նաեւ այլ հնարավորությունների համախմբմամբ նորագույնի ստեղծման ծրագիր.

20) ՌԱՀ-ի ամփոփ ցուցակ (ռեեստր)` ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ցուցակ.

21) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպություն` կազմակերպություն, որն իր կառավարման ներքո ունի համապատասխան ուղղության կամ ոլորտի գործունեության ապահովման համար անհրաժեշտ արտադրական եւ տեխնիկական բացառիկ կարողություններ, ինչպես նաեւ գիտական, ինժեներական եւ միջին մասնագիտական որակյալ կադրեր:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակը, սկզբունքները եւ խնդիրները

1. Ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակն է ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարեւորագույն եւ առաջատար ոլորտի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ:

2. Ռազմարդյունաբերական քաղաքականության սկզբունքներն են`

1) ռազմարդյունաբերական քաղաքականության եւ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների շահերի համակցումը.

2) ռազմարդյունաբերության ոլորտում գիտության եւ տեխնիկայի ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաների հետեւողական օգտագործումը.

3) պետական կառավարման եւ տնտեսական ինքնակարգավորման միջոցների ներդաշնակումը.

4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծման համար պետական պատասխանատվությունը.

5) ռազմարդյունաբերական քաղաքականության ձեւավորման, իրականացման, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության գործում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը.

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների համար պետական աջակցության մատչելիությունը, հավասար պայմանների ապահովումը:

3. Ռազմարդյունաբերական քաղաքականության խնդիրներն են`

1) գիտելիքահեն եւ ժամանակակից արտադրությունների համար հնարավորությունների ստեղծումը.

2) տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական գործընթացներին ինտեգրվելը.

3) զորահավաքային նախապատրաստության իրականացումը եւ զորահավաքային պահանջմունքների բավարարումը.

4) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ներուժի ավելացման միջոցով ռազմատեխնիկական գործընկերության եւ համագործակցության հաստատումը շահագրգիռ պետությունների հետ:

Հոդված 4. ՌԱՀ-ի նպատակները եւ խնդիրները

1. ՌԱՀ-ի նպատակներն են `

1) ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն եւ նորարարական զարգացումը.

2) հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը եւ զարգացումը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության նպատակով ձեռք բերվող ռազմական ապրանքների եւ գույքի առավելագույն մատակարարումը ՌԱՀ-ի կազմակերպություններից.

4) ՌԱՀ-ի արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

5) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

2. ՌԱՀ-ի խնդիրներն են`

1) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական կառավարման ապահովումը.

2) ՌԱՀ-ի գործունեության արդյունքում շրջակա միջավայրի պաշտպանությունը.

3) բնակչության զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը.

4) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների շահերի համաձայնեցումը.

5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական օժանդակության առաջնահերթությունների որոշումը.

6) ռազմարդյունաբերական գործունեության տարբեր ոլորտների ներդաշնակ զարգացումը.

7) նյութական, ֆինանսական, աշխատանքային միջոցների եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործումը.

8) ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը.

9) ռազմավարական հումքի, նյութերի եւ էլեկտրոնային դետալների պետական պահուստի ստեղծումը.

10) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորումը, հաստատումը եւ տեղադրումը.

11) ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորումը.

12) ռազմական կարիքների համար պետական պատվերի բնագավառում մենաշնորհից պաշտպանվածության ապահովումը.

13) ռազմարդյունաբերական գործունեության խթանումը.

14) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների պետություն-մասնավոր ընկերակցություն համագործակցության կարգավորումը.

15) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային առաջադրանքների կատարումը:


ԳԼՈՒԽ 2

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Նախագահը

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատում է`

1) ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը.

2) ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը.

3) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը եւ կազմը:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) մասնակցում է ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության մշակմանը եւ ապահովում դրա կատարումը.

2) Նախագահի հաստատմանն է ներկայացնում ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը եւ ապահովում է դրա կատարումը, առաջարկություններ է ներկայացնում ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրում փոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ.

3) հաստատում է`

ա. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման կարգը,

բ. ռազմական կարիքների համար պետական պատվերը,

գ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը,

դ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,

ե. ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման

մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,

զ. պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը,

է. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման կարգը,

ը. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը,

թ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը,

ժ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը, ըստ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության քաղաքականության,

ժա. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի վարման կարգը,

ժբ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը,

ժգ. գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը.

4) սահմանում է ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշները.

5) ֆինանսավորում է ռազմատեխնիկական քաղաքականության իրականացման գիտահետազոտական աշխատանքները.

6) ռազմարդյունաբերության զարգացման հարցերով իրականացնում է միջազգային համագործակցություն.

7) կազմակերպում է ՌԱՀ-ի մասին ամենամյա զեկույցի լսումներ` ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության բյուջետային միջոցների օգտագործման, ինչպես նաեւ ֆինանսական, տնտեսական, սոցիալական ու ռազմարդյունաբերության զարգացման այլ ցուցանիշների վերլուծության, ՌԱՀ-ի զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատման եւ ՌԱՀ-ի զարգացման կանխատեսումների վերաբերյալ.

8) համակարգում է ռազմարդյունաբերության քաղաքականության միջոցառումների կատարման պետական կառավարման մարմինների գործունեությունը.

9) ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է ռազմարդյունաբերության պետական կոմիտեն, ռազմարդյունաբերական բնագավառի այլ պետական մարմիններ, կազմակերպություններ, ռազմագիտատեխնիկական հաստատություններ.

10) իրականացնում է ռազմարդյունաբերական բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 7. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն

1. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն մշակում է`

1) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծերը.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի եւ դրա ձեւավորման կարգի նախագծերը.

3) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագիծը.

4) ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագիծը.

5) պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի նախագիծը.

6) պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման եւ վարման կարգի նախագիծը.

7) ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական եւ արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգի նախագիծը.

8) Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգի նախագիծը.

9) ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների նախագիծը.

10) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգի նախագիծը.

11) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկի նախագիծը.

12) գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգի նախագիծը.

13) յուրաքանչյուր պետական պայմանագրի արդյունքների ֆինանսատնտեսական գործունեության առանձին հաշվառման կարգի նախագիծը:

2. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն իրականացնում է`

1) ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարումը.

3) ՌԱՀ-ի ոլորտային ծրագրերը.

4) ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը.

5) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը.

6) ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր կնքած կազմակերպության գրանցումը ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում՝ դիմումը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում.

7) կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների եւ առաջադրանքների կատարումը.

8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջեւ համագործակցության կազմակերպումը.

9) ռազմարդյունաբերական կլաստերների ստեղծումը.

10) ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական եւ նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը.

11) ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.

12) ռազմարդյունաբերական բնագավառի միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորումը.

13) ռազմատեխնիկական համագործակցությունը.

14) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը.

15) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը.

16) զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը.

17) 50% եւ ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարումը.

18) ռազմարդյունաբերական բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 8. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները

1. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները իրավունք ունեն՝

1) պետական մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ ՌԱՀ-ի զարգացման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել եւ առաջարկություններով հանդես գալ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստերում:

2. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները պարտավոր են ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում իրենց զարգացման եւ հզորությունների պահպանման ամենամյա ծրագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը

1. Հայաստանի Հանրապետության վարչապետը ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահ:

2. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը մշակում է առաջարկություններ եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Դրանք են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման, ՌԱՀ-ի զարգացման եւ գործունեության վերաբերյալ.

2) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների գործունեության վերաբերյալ.

3) ռազմական կարիքների համար պետական պատվերների հաստատման եւ փոփոխման վերաբերյալ.

4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցման պայմանների եւ կարգի վերաբերյալ՝ ըստ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման ծրագրերի.

5) ռազմական կարիքների համար պետական պատվերի գնի որոշման կարգի սահմանման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն իրեն կից ունի ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհուրդ, որը մշտապես գործող մարմին է եւ ուսումնասիրում է գործադիր մարմիններից ստացված ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերը, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված բոլոր առաջարկություններն ու համապատասխան եզրակացությամբ ներկայացնում ռազմարդյունաբերական հանձնաժողովին:

4. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն ապահովում է ՌԱՀ-ի խնդիրների իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3

ՌԱՀ-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Հոդված 10. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը

1. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրն ընդգրկում է`

1) ՌԱՀ-ի զարգացման ուղղությունները՝ ըստ գործունեության ձեւերի.

2) ռազմարդյունաբերական արտադրանքի որակի ցուցանիշների համադրումը ստանդարտներին.

3) ՌԱՀ-ի զարգացման միջոցառումները.

4) ՌԱՀ-ի արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցառումները.

5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցման ենթակառույցների զարգացման միջոցառումները.

6) ռազմարդյունաբերության ոլորտում կադրերի պատրաստման միջոցառումները.

7) ՌԱՀ-ի պետական կառավարման եւ ինքնակարգավորման կատարելագործման միջոցառումները:

ԳԼՈՒԽ 4

ՌԱՀ-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ձեւերը եւ պայմանները

1. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ձեւերն են`

1) ֆինանսական, իրավական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական ապահովումը.

2) նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունից ելնելով՝ ֆինանսական վարձակալության (լիզինգ), ինչպես նաեւ հավատարմագրային կառավարման մեխանիզմների օգտագործմամբ՝ համապատասխան գործունեության իրականացմանն օժանդակությունը.

3) կադրերի պատրաստումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը.

4) անմիջական եւ այլ ձեւերի օժանդակությունը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին, որոնք իրականացնում են նաեւ այլ գործունեություն:

2. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ֆինանսական աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին ծրագրեր իրականացնելու, ինչպես նաեւ պետական հատուկ նպատակային հիմնադրամներ ստեղծելու միջոցով:

3. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գույքային աջակցությունն իրականացվում է անշարժ կամ շարժական պետական գույքը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին անհատույց օգտագործման իրավունքով կամ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով, որոնք պետք է օգտագործվեն ըստ նպատակային նշանակության` համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

4. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների նորարարական աշխատանքների կազմակերպման աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նորարարական աշխատանքների չափորոշիչներ սահմանելով, որն իրականացվում է հետեւյալ ձեւերով`

1) ՌԱՀ-ի մասնագիտացված կազմակերպություններում տեխնոպարկերի, ապրանքների եւ տեխնոլոգիաների առեւտրայնացման կենտրոնների ստեղծում՝ անկախ կազմակերպական-իրավական ձեւից.

2) ՌԱՀ-ի գիտաարտադրական կազմակերպություններում նորարարական տեխնոլոգիաների ներդրման գործունեության ապահովում.

3) հայտնագործությունների, օգտակար մոդելների, ռազմարդյունաբերական նմուշների, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտների մտավոր արդյունքների հաշվառում.

4) ներդրումային հիմնադրամների կամ ազատ տնտեսական գոտիների ստեղծում.

5) վարչարարական ընթացակարգերի պարզեցում.

6) այլ միջոցառումներ:

5. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցությունն իրականացվում է`

1) տեղեկատվական համակարգի ստեղծմամբ.

2) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տնտեսագիտական, իրավական, արտադրատեխնոլոգիական, վիճակագրական, մարկետինգային տեղեկատվությունների տրամադրմամբ:

6. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման աջակցությունն իրականացվում է կադրերի պատրաստման պետական կրթական չափորոշիչների եւ դրանց հիման վրա մասնագիտական կրթական համապատասխան նյութական բազայի ստեղծման ծրագրերի հաստատմամբ, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական օժանդակությամբ:

7. Արտաքին տնտեսական գործառույթներ իրականացնող ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցությունն իրականացվում է`

1) միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հետ ռազմարդյունաբերության զարգացման բնագավառում համագործակցությամբ.

2) արտաքին շուկաներում տեղական արտադրության ապրանքների արտահանման, այլ պետություններում մտավոր գործունեության արդյունքների արտոնագրային իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ.

3) համապատասխան պետական մարմիններում մասնագիտացված կառույցների ստեղծմամբ եւ գործունեության ապահովմամբ:

8. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին այլ աջակցությունը կարող է իրականացվել քաղաքացիական ապրանքների արտադրության եւ պետական կարիքների համար ծառայությունների մատուցման պատվերների տեղադրմամբ:

ԳԼՈՒԽ 5

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

Հոդված 12. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորումը

1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման հիմք են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զարգացման ծրագրերը.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը (պետական սպառազինման ծրագիր).

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության նպատակային պետական ծրագրերը.

4) Հայաստանի Հանրապետության հանրապետական զորահավաքային ծրագրերը.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը եւ պլանները.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձեւավորվում է՝ ըստ ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների: Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են`

1) պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս.

2) պետական պատվիրատուների առաջարկությամբ հերթական ֆինանսական տարվա եւ պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերում կարող են ընդգրկվել`

1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի մշակման, ստեղծման, արդիականացման, նորոգման (վերականգնման), արդիականացմամբ նորոգման, սպասարկման եւ այլ աշխատանքներ.

2) կազմակերպությունների արտադրատեխնոլոգիական, կոնստրուկտորական եւ հետազոտական աշխատանքների բազայի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային նախապատրաստության աշխատանքները.

3) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի, ինչպես նաեւ հումքի, նյութերի, համալրող պատրաստվածքների մատակարարումը.

4) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների եւ ունեցվածքի օգտահանումը.

5) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների եւ ունեցվածքի օգտահանման համար տեխնիկական վերազինման աշխատանքները.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում ապրանքների մատակարարման աշխատանքները.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան՝ ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների, պետական պահոցում կուտակման համար ապրանքների մատակարարումը.

8) Հայաստանի Հանրապետության անվտանգության նպատակով այլ ապրանքների մատակարարումները` սույն հոդվածի առաջին մասին համապատասխան:

Հոդված 13. Ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատումը

1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում հաստատում է ռազմական կարիքների համար պետական պատվերը՝ ըստ կատարման ժամանակացույցի եւ միջոցառումների:

2. Պետական պատվիրատուների ցանկը՝ ըստ պատվերների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատման ընթացքում:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերը կարող է փոփոխվել ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմաններում՝ պայմանավորված ռազմական պետական պատվերի կատարման իրական ընթացքով եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությամբ:

Հոդված 14. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ու զինված ուժերի եւ այլ զորքերի սպառազինություն ընդունված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի ձեռք բերման՝ պետական պատվերում տեղադրման համար, մրցութային փաստաթղթերում նշվում է ապրանքի անվանումը կամ ապրանքային նշանը:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի գինը որոշվում է մրցույթի միջոցով:

3. Մեկ տարուց ավելի ժամկետով մատակարարվող ռազմական ապրանքների եւ գույքի մատակարարման գնի փոփոխությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով` ռազմական կարիքների համար պետական պատվերի ընթացիկ տարվա փոփոխությունների կատարման կամ հերթական տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ընթացքում:

4. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ժամկետները, պետական պատվերի կազմում հաստատվող նյութատեխնիկական ռեսուրսների ցանկի եւ ծավալների ձեւավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 6

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ, ԳԼԽԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ) ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Պետական պատվիրատուի իրավասությունները

1. Պետական պատվիրատուն`

1) գլխավոր կատարողների (կատարողների) ներգրավմամբ ներկայացնում է ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման ծավալների եւ նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ.

2) կազմակերպում եւ իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ պետական պայմանագրով նախատեսված պայմանների եւ մատակարարվող ռազմական ապրանքին եւ գույքին ներկայացվող պահանջների կատարման ուղղությամբ.

4) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան կատարում է վճարումներ.

5) գլխավոր կատարողի նկատմամբ իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման համար հատկացրած բյուջետային միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

6) պետական պայմանագրի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման ժամկետների եւ որակի նկատմամբ.

7) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում մասնակցում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային եւ սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների, համալրող սարքերի եւ նյութերի փորձարկումներին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել իրականացնելու լրացուցիչ փորձարկումներ.

8) գլխավոր կատարողի հետ կազմակերպում եւ անցկացնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի փորձնական նմուշների պետական փորձարկումներ.

9) իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի եւ գույքի որակի նկատմամբ` պետական պատվիրատուի սահմանած նորմատիվ իրավական եւ այլ ակտերին համապատասխան.

10) հաստատում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի ստեղծման եւ սերիական արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր.

11) իրականացնում է գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում.

12) պետական պայմանագրերում նախատեսում է համալրող մասերի, հումքի եւ նյութերի առաջանցիկ գնումների համար միջոցներ.

13) սահմանում է գլխավոր կատարողի կողմից հաշվետվության ներկայացման կարգ` պետական պայմանագրի ուժի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար.

14) պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) միջոցով իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի համապատասխանության հսկողություն:

Հոդված 16. Գլխավոր կատարողի իրավասությունները

1. Գլխավոր կատարողը`

1) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման (ճշգրտման) ընթացքում, պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ հիմնավորում է ապրանքի գինը, սահմանում է ապրանքի մատակարարման կարգը եւ ժամկետները (ամբողջովին եւ առանձին փուլերով), որոշում է կատարողների կազմը, ֆինանսավորման ժամկետները եւ պայմանները.

2) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան՝ ապահովում է ապրանքի մատակարարումը.

3) կազմակերպում եւ անցկացնում է տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի եւ թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային եւ սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների (համալիրների, համակարգերի), ինչպես նաեւ համալրող սարքերի եւ նյութերի փորձարկումներ.

4) ապահովում է ռազմական ապրանքի եւ գույքի համապատասխանությունը պետական պատվիրատուի կողմից ներկայացված պահանջներին.

5) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքների եւ գույքի որակը` պետական պատվիրատուի նորմատիվ եւ իրավական այլ ակտերի ու փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաեւ պետական պայմանագրի պայմաններին համապատասխան.

6) ապահովում է պետական պատվիրատուի իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման հսկողությունը.

7) պետական պատվիրատուի պահանջով պետական պատվիրատուի իրավասու մարմին տեղեկատվություն է ներկայացնում ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ.

8) պետական պատվիրատուին է ներկայացնում կատարողների հետ համատեղ պատրաստած պետական պայմանագրի գնի փոփոխման անհրաժեշտ հիմնավորում: Պետական պայմանագրի գնի ավելացման դեպքում ներկայացնում է նաեւ ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկ.

9) պետական պատվիրատուի հետ համաձայնեցնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի հետ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, սարքավորումների, համալրող մասերի, նյութերի, հումքի ձեռք բերման պայմանագրերի կնքումը, եթե կնքվող պայմանագրերի ընդհանուր գինը գերազանցում է պետական պայմանագրով մատակարարվող ապրանքի գնի 20%-ը.

10) պետական պատվիրատուին տեղեկացնում է ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում գրանցված ու 50% եւ պակաս պետական բաժնեմաս ունեցող ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպության արտադրական հզորությունների կրճատման, վերացման կամ աշխատանքի բնույթի փոփոխման մասին, եթե հերթական տարվա եւ պլանային ժամանակաշրջանում բացակայում կամ դադարեցվում է ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման ռազմական պետական պատվերը.

11) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքների հիման վրա պայմանագրի կնքումից հետո՝ 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, դիմում է ներկայացնում լիազոր մարմին` ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում գրանցվելու համար:

Հոդված 17. Կատարողի իրավասությունները

1. Կատարողը`

1) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքի եւ գույքի, այդ թվում՝ համալրող մասերի եւ նյութերի, համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պահանջներին.

2) կազմակերպում եւ անցկացնում է տեխնիկական փաստաթղթերով նախատեսված համալրող մասերի ու նյութերի, փորձնական նմուշների, հատային եւ սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների փորձարկումներ.

3) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքների եւ գույքի որակը` պետական պայմանագրի պահանջներին համապատասխան.

4) ապահովում է գլխավոր կատարողի եւ իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում՝ նաեւ պայմանագրի կատարման առանձին փուլերում.

5) գլխավոր կատարողի պահանջով ներկայացնում է կատարված պայմանագրի իրականացված ծախսերի մասին տեղեկատվություն.

6) իրականացնում է պայմանագրի կատարման համար օրենքով սահմանված անհրաժեշտ այլ գործողություններ:


ԳԼՈՒԽ 7

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18. Ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման նպատակները եւ սկզբունքները

1. Ռազմական ապրանքի եւ գույքի գնի պետական կարգավորման նպատակն է պահպանել պետական պատվիրատուի եւ գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հարաբերակցությունը, որը նպատակաուղղված է`

1) բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի արդյունավետ տեղադրմանը.

3) պետական պայմանագրի ժամանակին եւ որակյալ կատարման համար իրական պայմանների ստեղծմանը:

2. Ռազմական ապրանքի եւ գույքի գնի պետական կարգավորման սկզբունքներն են`

1) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման եւ կատարման համար բոլոր մասնակիցների շահերի իրավական ապահովումը.

2) ռազմական ապրանքի եւ գույքի մատակարարման ծախսերի նվազեցումը.

3) մատակարարման ապրանքի շահութաբերության ապահովումը.

4) գլխավոր կատարողի եւ կատարողի կողմից իրականացվող ծախսերի հիմնավորվածությունը.

5) հակամենաշնորհային կարգավորման միջոցների կիրառումը.

6) պետական պատվիրատուի եւ գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հավասարակշռության պահպանումը:

Հոդված 19. Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները

1. Ռազմական ապրանքի եւ գույքի գնի պետական կարգավորումն իրականացվում է`

1) մրցույթի միջոցով՝ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման սկզբնական (առավելագույն) գնի որոշման կանոնակարգով.

2) ռազմական կարիքների պետական պատվերի ձեւավորման համար ապրանքի գնի հաշվարկի մեթոդական ուղեցույցի ներդրմամբ եւ կիրառմամբ.

3) ռազմական ապրանքների եւ գույքի գնահաշվարկի կառուցվածքում ապրանքի արտադրության եւ իրացման ծախսերի հաշվառմամբ.

4) ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման առանձնահատուկ մեխանիզմների կիրառմամբ.

5) շահույթի չափերի որոշմամբ՝ հաշվի առնելով ռազմական կարիքների պետական պատվերի կատարման համար գլխավոր կատարողին (կատարողին) անհրաժեշտ արտադրական հզորությունների պահպանման ու զարգացման միջոցները, ինչպես նաեւ ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով պետության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը.

6) գլխավոր կատարողին (կատարողին) ռազմական կարիքների պետական պատվերի կատարման համար տնտեսապես հիմնավորված գնի վճարման ապահովմամբ.

7) ռազմական ապրանքների եւ գույքի գնի պետական հաշվառմամբ.

8) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման, տեղադրման եւ կատարման ժամանակ ապրանքի գնի նկատմամբ պետական հսկողության իրականացմամբ.

9) գլխավոր կատարողի (կատարողի) կողմից յուրաքանչյուր պետական պայմանագրի (պայմանագրի) ֆինանսատնտեսական արդյունքի առանձին հաշվառմամբ:

ԳԼՈՒԽ 8

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 20. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջները

1. ՌԱՀ-ի գործունեության ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման շրջանակներում գլխավոր կատարողը (կատարողը) պարտավոր է պետական պատվիրատուին ներկայացնել տեղեկություն մատակարարների (կատարողների, կապալառուների) կողմից նյութերի, համալրող սարքավորումների, սարքավորումների, հումքի, ինչպես նաեւ աշխատանքի (ծառայության) գնային բոլոր բարձրացումների մասին, եթե առաջարկվող գինը ավելի քան 5%-ով գերազանցում է այն գինը, որը հաշվարկված է՝ հաշվի առնելով որոշված գների ինդեքսը:

3. Ռազմական պետական պատվերի կատարման շրջանակներում կատարողի կողմից նյութերի, համալրող սարքավորումների, հումքի, աշխատանքի (ծառայության) գնի բարձրացման դեպքում մատակարարը պարտավոր է գնի բարձրացման պահից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել պետական պատվիրատուին` վերջինիս կողմից հաստատված ձեւին համապատասխան:

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.04.2015
ՀՕ-16