Armenian      
Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.04.2015

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ  գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքը չի կարգավորում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժա»  կետով նախատեսված  զոհերի հաշվառման եւ հուղարկավորության հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունաuափորը  հուշապատի մեջ տեղադրելու  ծիսական արարողություն.».

2) երկրորդ պարբերության «եւ  բնապահպանական» բառերը փոխարինել «, բնապահպանական եւ  սանիտարական» բառերով.

3) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները, եւ  որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավորություն կամ նոր հուղարկավորություն`  գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում.».

4) վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ առկա են նոր գերեզմանների տրամադրման համար ազատ հողատարածքներ.».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«մասնավոր գերեզմանատուն՝ քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերին համապատասխանող, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված եւ շահագործվող գերեզմանատուն.

գերեզմանատան կառավարիչ՝ համայնքային գերեզմանատների համար` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ համայնքի ղեկավարի  կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առեւտրային կազմակերպությունը, պետական գերեզմանատների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների համար՝ գերեզմանատունը շահագործող անձը.

ընտանեկան գերեզման՝ սույն օրենքով սամանված չափով մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Հուղարկավորությունների կազմակերպման եւ  գերեզմանատների ու դիակիզարանների  շահագործման բնագավառում պետական  կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) բնագավառի պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

2) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացումը.

3) մասնավոր գերեզմանատան շահագործման  համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների եւ պահանջների սահմանումը.

4) գերեզմանի  տրամադրման  եւ  սպասարկման  պայմանագրերի, վերահուղարկավորման եւ վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձեւերի սահմանումը.

5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են`

1) համայնքային գերեզմանատներ եւ դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը եւ պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.

2) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կամ դիակիզում կազմակերպելը.

3) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման եւ համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին եւ շինություններին (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առաջադրվող պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը.

4) գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը եւ հաստատելը.

5) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը եւ գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումներ ընդունելը.

6) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման աշխատանքները համակարգելը.

7) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավո-րությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման եւ հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաեւ գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին  (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առաջադրվող  պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

8) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով եւ քանակով)  առաջադրվող պահանջների եւ պայմանների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը.

9) մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթներ իրականացնելը:

2. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ:»:

Հոդված 7. Oրենքի 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) երրորդ պարբերության «կարգի» բառը փոխարինել «կամքի»   բառով.

2) լրացնել հետեւալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«Հուղարկավորությունը կարող է կատարվել մասնավոր գերեզմանատանը մահացածի ցանկությամբ կամ նրա հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ:»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հուղարկավորության իրականացման համար ներկայացվում է միայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների տված մահվան վկայական:».

2) 2-րդ մասի երրորդ պարբերությունը «(բնօրինակի)» բառից հետո լրացնել «կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների» բառերով.

3) 3-րդ եւ  4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով),  իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք:

Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:

4. Հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրվող գերեզմանատեղից բացի, համայնքային գերեզմանատանը կարող է վճարովի հիմունքներով տրամադրվել առավելագույնը 6 քառակուսի մետր հողատարածք` գերեզմանատան կառուցապատման սխեմայով համապատասխան տարածքներ նախատեսված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ  վճարի դիմաց:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում:».

5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 9-րդ մասի «վարչակազմին» բառը փոխարինել «կառավարչին» բառով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինները

1. Գերեզմանատներում  հուղարկավորությունների  կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում են`

1) համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունը.

2) պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը.

3) մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան կառավարիչը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձինք` վերջիններիս եւ գերեզմանատան շահագործողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

2. Համայնքներում հուղարկավորության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ոչ առեւտրային կազմակերպություններ:»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «պետական» բառից հետո լրացնել «, մասնավոր» բառով.

2) 3-րդ մասի «Գերեզմանատների» բառը փոխարինել «Պետական եւ համայնքային գերեզմանատների»  բառերով.

3) 5-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական եւ մասնավոր գերեզմանատների» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Համայնքային եւ պետական գերեզմանատները օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն, բացառությամբ այն գերեզմանատների, որոնց նկատմամբ համայնքի կամ պետության սեփականության իրավունքը ծագել է սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով:»:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին եւ  19.2-րդ հոդվածներով.

«Հոդված 19.1.  Մասնավոր գերեզմանատների կազմակերպումը եւ դրանց գործունեությունը

1. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են սույն օրենքի 19-23-րդ հոդվածների դրույթների համաձայն` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում: Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը սույն օրենքով նախատեսված պահանջների եւ պայմանների բավարարման դեպքում մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստանում են թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում մասնավոր գերեզմանատան շահագործումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կառուցապատման պայմանագրով հստակ սահմանված է, որ հողամասի սեփականատերը հողամասը կառուցապատման է տրամադրել մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու նպատակով:

Մասնավոր գերեզմանատուն շահագործելու թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե դիմողի կողմից չեն պահպանվել մասնավոր գերեզմանատների կազմակերպման եւ գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքով եւ լիազոր մարմնի սահմանած պահանջները եւ պայմանները: Թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

2. Մասնավոր գերեզմանատները կարող են կազմավորվել  հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների հիման վրա՝ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա:

3. Մասնավոր գերեզմանատան կազմակերպումը քաղաքաշինական գործունեության տեսակ է եւ ենթակա է օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

4. Մասնավոր գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է՝

1) գերեզմանատան տարածքում ունենալ`

ա. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման վայր` մինչեւ հոգեհանգստի եւ հուղարկավորության իրականացումը,

բ. առնվազն մեկ հոգեհանգստի սրահ` լիազոր մարմնի սահմանած չափով,

գ. ավտոկայանատեղ` լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան,

դ. հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար,

ե. ծաղիկների, ծաղկեպսակների եւ հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների վաճառքի սրահ,

զ. դիակիզարան կամ որեւէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր.

է. ոռոգման եւ խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան.

2)  ունենալ առնվազն մեկ ավտոդիատար.

3)  պարսպապատել գերեզմանատան տարածքը.

4) պահպանել  բնապահպանական  եւ  սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

5. Մասնավոր գերեզմանատան դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գերեզմանատան տարածքում կարող է ունենալ հոգեհացի մատուցման սրահ:

6. Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու կամ կառուցապատման իրավունքի փոխանցման դեպքում նոր սեփականատիրոջը կամ կառուցապատման իրավունք ձեռք բերողին պետք է միաժամանակ փոխանցվեն նաեւ  սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները եւ պարտավորությունները: Սույն մասի պահանջները չպահպանելու դեպքում պայմանագիրը առ ոչինչ է:

7. Գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան  դեպքում սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները եւ պարտավորությունները փոխանցվում են այն անձին, որին փոխանցվում է գերեզմանատան տարածքի նկատմամբ շահագործման իրավունքը:

8. Մասնավոր գերեզմանատների տարածքը՝ դրա վրա առկա օժանդակ շինություններով, կարող է օտարվել միայն որպես մեկ գույքային միավոր:

9. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է գերեզմանատան անձնակազմի անդամներից նշանակել մեկ պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերը հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձի հետ քննարկելու համար:

10. Ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով մասնավոր գերեզմանատան շահագործողն իր ներքին իրավական ակտերով պետք է հաստատի անձնակազմի հագուստի, ինչպես նաեւ անձնակազմի՝ հուղարկավորության, հոգեհանգստի եւ հոգեհացի մասնակիցների հետ վարվեցողության կանոններ:

Հոդված 19.2. Մասնավոր գերեզմանատներում հուղարկավորությունը

1. Մասնավոր գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:

2. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան շահագործողը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի  հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ եւ մահացածի  միջեւ վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը կամ վերջինիս շահերի օրինական ներկայացուցիչը:

3. Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով: Նշված պայմանագրի հիման վրա գերեզմանատան շահագործողը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը եւ հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել եւ սպասարկել գերեզմանը՝ ապահովելով գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կանաչապատման աշխատանքները։

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրին կցվում է հատակագիծ, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը:

5. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրի ժամկետի լրանալը մեկ տարվա ընթացքում գերեզմանատան շահագործողը պարտավոր է պահպանել գերեզմանը եւ միջոցներ ձեռնարկել  պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի մասին սեղմ ժամկետում ծանուցելու համար: Սույն մասում նշված մեկամյա ժամկետում պայմանագրի մյուս կողմը կարող է գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքել նոր պայմանագիր կամ իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու եւ պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գերեզմանատան շահագործողը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ տարածքն օգտագործել մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու եւ աճյունասափորը հուշապատի մեջ անժամկետ տեղադրելու պայմանով:

7. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, որոնք արխիվում պահվում են անժամկետ:»:

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գերեզմանատների եւ դիակիզարանների կազմակերպման պարտադիր պահանջները եւ պայմանները սահմանում է լիազոր մարմինը։ Գերեզմանատներին եւ դիակիզարաններին առաջադրվող սանիտարական եւ բնապահպանական նորմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների կողմից:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Պետական եւ համայնքային գերեզմանատներում գերեզմանները տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (օգտագործման սխեմայով) նախատեսված հերթականությամբ եւ սույն օրենքով սահմանված չափերով:»:

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

«Հոդված 25.1. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 16.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2015
ՀՕ-27