Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2015

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասում եւ 39.3-րդ հոդվածի 1-ին մասում «1.1-ին մասով» բառերը փոխարինել «1.1-ին եւ 1.2-րդ մասերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասի ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը.

2) 1.1-ին մասի 4-րդ ենթակետը «աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ փոխառության դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված տոկոսային եկամտի» բառերով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող եւ այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով, եթե վերջին(ներ)ս գործունեություն է (են) իրականացնում շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում եւ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Սույն մասով նախատեսված ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2015
ՀՕ-37