Armenian      
Շրջանառության հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2015

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի եւ 3-րդ մասի 5-րդ կետի «58,35» թիվը փոխարինել «115.0» թվով.

2) 3-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ. սույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 6-րդ կետով նախատեսված ժամկետներում թույլ են տվել նույն կետով նախատեսված՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման երրորդ դեպք՝ խախտումն արձանագրելու օրվանից մինչեւ խախտումը կատարելու օրացուցային տարվան հաջորդող մեկ տարին լրանալը.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերության 2-րդ կետի «58,35» թիվը փոխարինել «115.0» թվով, 4-րդ կետը «6-րդ կետում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 4-րդ կետի «դ» ենթակետում)» բառերով եւ նույն պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում մեկ օրացուցային տարվա ընթացքում թույլ է տվել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման երրորդ դեպք:».

2) չորրորդ եւ հինգերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի «Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ» տողի «Դրույքաչափը» սյունակում «1%» թիվը փոխարինել «5%» թվով.

2) 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ՝ անուղղակի հարկերը), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի եւ հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարի (այսուհետ՝ ապրանքների ձեռք բերման ծախսեր) 4 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն պարբերությամբ նախատեսված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 1.5 տոկոսից, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոսից պակաս գումար, ապա առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: Սույն պարբերությանը համապատասխան՝ շրջանառության հարկի գումարից չնվազեցված մասը` սույն պարբերության պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հարկ վճարողները շրջանառության հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերով սահմանված դրույքաչափերով ու կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս համախառն եկամտից նվազեցվում են գույքային (այդ թվում` հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների) մնացորդի մասով մինչեւ շրջանառության հարկ վճարող համարվելը եւ շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված ձեռքբերումները (բացառությամբ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ապրանքների ձեռք բերման ծախսերի)` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը «ցույց տալու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից սույն օրենքով սահմանված ապրանքների ձեռք բերման ծախսերի, ինչպես նաեւ հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարից չնվազեցվող եւ փոխանցվող գումարների մասով նվազեցումներն ավելի կատարելու» բառերով, եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով տուգանքը չի կիրառվում, եթե կատարվող վերահաշվարկների արդյունքում սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությանը համապատասխան՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը չի գերազանցում շրջանառության հարկ վճարողի կողմից այդ գործունեության մասով հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը:».

2) 3.1-ին մասը եւ 4-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 14.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2015 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 6-րդ կետի կիրառման իմաստով  2015 թվականի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումների դեպքերի քանակը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.05.2015
ՀՕ-38