Armenian      
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2015

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 44.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «դատավորները» բառից հետո լրացնել «, արբիտրները եւ հաշտարարները» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4.1-ին մասով.

«4.1. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որեւէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար։»:

Հոդված 4. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ, երբ դատարանը գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.»:

Հոդված 5. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ`  հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը.».

2)  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 8-րդ  կետով.

«8) հաշտարարության արդյունքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 120-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նախագահողը պարզում է նաեւ, թե արդյոք կողմերը չեն ցանկանում իրենց վեճը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով հաշտարարության էությունը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 7-րդ կետի «բողոքը:» բառը փոխարինել «բողոքը.» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) դատարանի՝ հաշտարարություն նշանակելու, հաշտարարություն իրականացնելու ժամկետի մասին նշում:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.3-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 22.3

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 149.10.  Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը եւ հայցի հարուցումը դատարան

1. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը քաղաքացիաիրավական, աշխատանքային կամ ընտանեկան որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջեւ կնքված գրավոր համաձայնություն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ կանոնակարգում նախատեսելու միջոցով, այնպես էլ առանձին համաձայնագիր կնքելու միջոցով։

2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերն իրավունք ունեն սահմանելու հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված հաշտարարության ժամկետը չի կարող գերազանցել հաշտարար նշանակվելու պահից վեց ամիսը: Հաշտարարության ընթացքում կողմերն իրավասու են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու հաշտարարության ժամկետը միայն մեկ անգամ՝ մինչեւ վեց ամիս ժամկետով։ Հաշտարարության համար սահմանված ժամկետում կողմերի չհաշտվելու դեպքում հաշտարարության գործընթացը համարվում է ավարտված` առանց կողմերի հաշտության: Եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերը հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ չեն սահմանել, ապա այդ ժամկետը օրենքով սահմանված առավելագույն՝ հաշտարար նշանակվելու պահից հաշվարկվող 6-ամսյա ժամկետն է։

3. Հաշտարարության մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձեւով` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, իսկ եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը ներառված է պայմանագրում, ապա այն ձեւով, որով կնքվել է պայմանագիրը: Սույն պայմանը չպահպանելը հանգեցնում է հաշտարարության մասին համաձայնության անվավերության, նման համաձայնությունն առ ոչինչ է:

4. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաեւ այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, եւ այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել:

5. Եթե կողմերը հաշտարարության արդյունքում չեն հաշտվում, ապա սույն հոդվածի սահմանափակումները չեն կիրառվում եւ չեն սահմանափակում դատարան հայց ներկայացնելու` կողմերի իրավունքը:

Հոդված 149.11. Հաշտարարության եւ հաշտարարի նշանակումը

1. Եթե կողմերը հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կամ այլ կերպ չեն սահմանել հաշտարարին ընտրելու ընթացակարգ, ապա հաշտարարի ընտրությունը կողմերը պետք է իրականացնեն վեճը առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե կողմը խուսափում է հաշտարարի ընտրությունից, ապա մյուս կողմն իրավունք ունի դիմելու իր բնակության վայրի դատարան՝ հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե կողմերը չեն կարողանում ընտրել հաշտարար, ապա իրավունք ունեն դիմելու դատարան` արտոնագրված հաշտարար նշանակելու մասին դիմումով։ Դիմումը պետք է պարունակի սույն մասով նախատեսված տեղեկություններ, դիմումին պետք է կցվի հաշտարարության համար հիմք հանդիսացող ապացույցը, ինչպես նաեւ ստորագրվի դիմող անձի կամ լիազորված անձի կողմից: Դիմումը եւ կից փաստաթուղթը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարար, եթե դիմումը համապատասխանում է սույն մասով սահմանված պահանջներին։

2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ վարույթի ցանկացած փուլում դատարանը կողմերին հաշտեցնելու նպատակով կողմերի համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակելու արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց: Դատարանը նշանակում է կողմերի ընտրած արտոնագրված հաշտարարին, իսկ այն դեպքում, երբ կողմերը չեն ընտրում արտոնագրված հաշտարար, դատարանը արտոնագրված հաշտարար է նշանակում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով։

3. Հաշտարարություն նշանակելու վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում, որտեղ նշվում են կողմերը, կողմերի միջեւ առկա վեճի բնույթը եւ հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, ազգանունը եւ այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի օրը եւ ժամը: Դատարանի որոշումն ընդունելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, հանձնվում է արտոնագրված հաշտարարին: Հաշտարարության արդյունքում կողմերի չհաշտվելու դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից:

4. Հայաստանի  Հանրապետության  դատական  դեպարտամենտը իրականացնում է արտոնագրված հաշտարարների ծանրաբեռնվածության եւ մասնագիտացվածության հաշվառումը։ Արտոնագրված հաշտարարը նշանակվում է համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից՝ ըստ ազգանվան այբբենական հերթականության` արտոնագրված հաշտարարի մասնագիտացման եւ ծանրաբեռնվածության աստիճանին համապատասխան։ Ամենաքիչ  ծանրաբեռնվածություն ունեցող արտոնագրված հաշտարարը, եթե ունի վիճելի իրավահարաբերության համապատասխան ոլորտի մասնագիտացում, ընտրվում է անկախ ազգանվան այբբենական հաջորդականությունից։

Արտոնագրված հաշտարարի թափանցիկ ընտրությունն ու նշանակումն ապահովելու նպատակով  Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, ինչպես նաեւ ներդրվել սահմանված պահանջների կատարումն ապահովող ընտրության ավտոմատացված համակարգեր։

Հոդված 149.12. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության  շրջանակն ու ժամկետները

1.1. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:

2.2. Դատարանի նշանակած հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով:

3.3. Դատարանի կողմից նշանակվող հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում արտոնագրված հաշտարարի նշանակման օրը:

Հոդված 149.13. Հաշտարարության ավարտը

1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաեւ հաշտարարը, ցանկացած պահի կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:

2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դրա մեկական բնօրինակ տրվում է կողմերին, եւ եւս երկու բնօրինակ պահվում է հաշտարարի մոտ:

3. Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:

4. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է դատարանին վեճը հաշտարարությամբ լուծելու եւ գաղտնիության պայմանի մասին։  Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից։

5. Ստանալով հաշտարարի պատշաճ ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին՝ սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում դատարանը, սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հաստատում կամ մերժում է կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:

Հոդված 149.14.  Արտադատարանական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթը

1. Եթե հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան`  կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:

2. Դիմումին կցվում է հաշտության համաձայնության բնօրինակը, դատարան դիմելու մասին մյուս կողմի ծանուցումը ստանալու մասին փաստը հավաստող ապացույցը։ Սույն մասի պահանջներին չհամապատասխանող դիմումը դատարանը վերադարձնում է այն ստանալու հաջորդ օրը։

3. Ստանալով սույն հոդվածի պահանջներին համապատասխանող դիմումը` դատարանը նշանակում է դատական նիստ եւ երեսնօրյա ժամկետում կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։

4. Արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված դատավարական նորմերի պահանջներին համապատասխան՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։

Հոդված 149.15. Հաշտարարության հետ կապված ծախսերը

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ:

2. Դատարանի նշանակած հաշտարարության առաջին չորս ժամերը, որոնք ներառում են նաեւ հաշտարարության գործի նախապատրաստական փուլը եւ հաշտարարական գործի կառավարումը, արտոնագրված հաշտարարն իրականացնում է անվճար:

3. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, եւ կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

4. Եթե արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարության ծախսերը չեն հատուցվել մինչեւ դատարան դիմում կամ ծանուցում ներկայացնելը, ապա դատարանը վճռով, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, կողմերի միջեւ բաշխում է հաշտարարության ծախսերը։»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

04.06.2015
ՀՕ-44