Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2015

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածներով, նկատի առնելով Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի կարեւոր դերն ու նշանակությունը երկրի կայուն զարգացման եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ի գիտություն ընդունել «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» եզրակացությունը եւ Ազգային ժողովում դրա քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները (այսուհետ` եզրակացություն):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով) իրականացնել եզրակացությամբ արված առաջարկությունների քննարկում Հայաստանի Հանրապետության կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ եւ առաջարկությունների կատարման արդյունքների մասին մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն: Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

23.06.2015
ԱԺՈ-168-Ն