Armenian   Russian    
Հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.06.2015

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի  «18 տարին լրացած քաղաքացիները» բառերը փոխարինել  «հանրաքվեի անցկացման օրը 18 տարին լրացած քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրություններին մասնակցելու համար սահմանված կարգով» բառերով.

2) 3-րդ մասը «դատապարտված եւ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկում» բառերով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները հանրաքվեին մասնակցում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանրաքվեն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով, որին կարող են մասնակցել ընտրական օրենսգրքով համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո» բառերով.

2) 8-րդ մասի «40 օր առաջ» բառերը փոխարինել «50 օր առաջ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասի «ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո» բառերով.

2) 9-րդ մասի «30 օր առաջ» բառերը փոխարինել «50 օր առաջ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Կենտրոնական հանձնաժողովի լիազորությունները

1. Կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեն կազմակերպող եւ հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր եւ ստորադաս հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում եւ անցկացնում է հանրաքվեի անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու եւ որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի օրենսդրության միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների եւ հանրաքվեի այլ փաստաթղթերի ձեւերը, նմուշները, դրանց լրացման եւ պահպանման կարգը, հանրաքվեի հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերով.

6) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

7) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների` սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.

8) լսում է հանրաքվեի հանձնաժողովների եւ պետական մարմինների հաղորդումները հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման մասին.

9) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

10) կազմակերպում է հանրաքվեի դրվող Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող օրենքի նախագծերի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.

11) ընդունում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված որոշումներ, հանրաքվեի գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին չհակասող որոշումներ.

12) հրապարակում է ուսումնական ձեռնարկ տեղամասային հանձնաժողովների անդամների, վստահված անձանց եւ դիտորդների համար.

13) սահմանում է հանրաքվեի հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

14) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).

15) իրականացնում է վերահսկողություն քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների նկատմամբ.

16) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ հանրաքվեին վերաբերելի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 12. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները

1. Ընտրատարածքային հանձնաժողովի՝ սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքային հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

2) սահմանում է հանրաքվեի տեղամասերի հերթական համարները` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, եւ այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական հանձնաժողով.

3) իր եւ տեղամասային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական հանձնաժողով.

4) քննարկում է տեղամասային հանձնաժողովների որոշումների եւ գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային հանձնաժողովների` սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.

5) սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան՝ իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում.

6) հետեւում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելուն եւ համընդհանուր ծանոթացման համար դրանք հանրաքվեի տեղամասերում ներկայացնելուն.

7) վերահսկում է հանրաքվեի տեղամասային կենտրոնների` սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.

8) վերահսկողություն է իրականացնում տեղամասային հանձնաժողովների կողմից սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

9) անվավեր է ճանաչում հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքները.

10) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված եւ հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները

1. Տեղամասային հանձնաժողովների՝ սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասային հանձնաժողովը`

1) կազմակերպում է հանրաքվեի դրված հարցի քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները հանրաքվեի տեղամասում.

2) կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.

3) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակները, հանրաքվեի փաստաթղթերի պարկը եւ քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողով.

4) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված եւ հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Հրապարակայնությունը հանձնաժողովների աշխատանքներն իրականացնելիս

1. Հանրաքվեն նախապատրաստվում եւ անցկացվում է հրապարակայնորեն՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան՝ սույն օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ:»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Հանրաքվեի ֆինանսավորումը

1. Հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաեւ հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:»:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը), կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները:

Քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

2. Պետությունը ապահովում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ եւ հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչություն կատարողներին դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչություն կատարողներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կենտրոնական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք քարոզչություն կատարողներին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական հանձնաժողովի համացանցային կայքում:».

4) 3-րդ մասի «քվեարկությունից» բառը փոխարինել «քվեարկության օրվանից» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն (պատգամավորական խումբ) իրավունք ունի`

ա) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե.

բ) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից կարող են օգտվել՝ սկսած քվեարկության օրվանից 30 օր առաջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին (պատգամավորական խմբերին) վճարովի եւ անվճար եթերաժամը տրամադրվում է խմբակցության (պատգամավորական խմբի) ղեկավարի կամ քարտուղարի  կողմից եթերաժամ տրամադրողին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

Անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ:

Զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները:».

6)  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

ա) պետական եւ համայնքային պաշտոններ  զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.

բ) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.

գ) հանրաքվեի հանձնաժողովի անդամներին.

դ) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին.

ե) օտարերկրյա քաղաքացիներին եւ կազմակերպություններին:».

7) 8-րդ մասի վերջին երկու նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար եւ ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» եւ «ՈՉ» քարոզչության համար:».

8) 9-րդ եւ 10-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը եւ պատվիրատուին:

Արգելվում է հանրաքվեի անցկացման օրը` մինչեւ ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների հարցման արդյունքներն այն մասին, թե  հանրաքվեի դրված հարցին «ԱՅՈ» կամ «ՈՉ» են քվեարկել:

10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:».

9) 11-րդ մասի «ա», «բ» եւ «ե» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) անանուն քարոզչական նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանրաքվեի հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար.

բ)  քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը քարոզչություն կատարողներին արգելվում է քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.».

«ե)  քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:».

10) 12-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 11-րդ մասի «ե» կետի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ հանրաքվեի հանձնաժողովի պահանջից:»:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «զ» կետի երկրորդ նախադասությունը հանել.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը:

Քարոզչության հիմնադրամ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի) մուծումների չափը յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի             25000-ապատիկը: Նրանցից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով կամավոր մուծում:

Քարոզչության հիմնադրամում կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է կենտրոնական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից 20 օր եւ 10 օր առաջ, ինչպես նաեւ քվեարկության օրվանից հետո` 3-րդ օրը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5.1-ին մասով.

«5.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց` հիմնադրամների հաշվին մուծած գումարները, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:»:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1)  վերնագիրը «իրավունքը» բառից հետո լրացնել «եւ վստահված անձը» բառերով.

2)  1-ին մասի «գ»  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի   Հանրապետությունում   հավատարմագրված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները.».

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` հանրաքվեի վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական հանձնաժողովի համացանցային կայքում:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը) եւ հանրաքվե նախաձեռնողը կարող են  ունենալ վստահված անձինք:

Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում եւ ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, հանրաքվեի հանձնաժողովի անդամները:

Հանրաքվե նշանակելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը), ինչպես նաեւ հանրաքվե նախաձեռնողը  մինչեւ քվեարկության օրվանից 15 օր առաջ կարող են կենտրոնական հանձնաժողով ներկայացնել գրավոր դիմում վստահված անձանց վկայականներ ստանալու համար: Հանձնաժողովը վկայականում նշում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների (պատգամավորական խմբերի), ինչպես նաեւ հանրաքվե նախաձեռնողի  անվանումը եւ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում տրամադրում է վկայականներ` կազմավորված տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցության (պատգամավորական խմբի), ինչպես նաեւ հանրաքվե նախաձեռնողի կողմից վկայականներում լրացվում են վստահված անձանց անունները, եւ վկայականները տրամադրվում են վստահված անձանց:»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23.  Դիտորդների, վստահված անձանց եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները

1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգն ու պայմանները, դիտորդների հավատարմագրումը, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց կարգավիճակը, գրանցումը, լիազորությունները, իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:»:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25.  Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, կնիքները, դրոշմը եւ քվեատուփը

1. Հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, ձեւը եւ շարադրանքը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

2. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկական քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար: Միաժամանակ երկու եւ ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ: Քվեաթերթիկները եւ ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

3. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը եւ ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:

Քվեաթերթիկի հատման գծից վերեւ` ելունդի վրա, նշվում են քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքեւ` «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչեւ երեք տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից երկու քվեաթերթիկ ավելին:

4. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեաթերթիկները տպագրվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 10, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:

5. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական  հանձնաժողովը: Քվեարկության ծրարները տեղամասային հանձնաժողովին հատկացվում են քվեարկության նախորդ օրը:

6. Հանրաքվեի  հանձնաժողովների  կնիքների,  դրոշմակնիքի  եւ տեղամասային հանձնաժողովի անդամների անհատական կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են կենտրոնական  հանձնաժողովի պատվերով:

7. Տեղամասային հանձնաժողովի անդամը եւ վստահված անձը կարող են ունենալ դրոշմ, սակայն սեփական դրոշմ ունենալը պարտադիր չէ: Տեղամասային հանձնաժողովի անդամը եւ վստահված անձը սեփական դրոշմը կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում իրենց ստորագրության փոխարեն:

8. Հանրաքվեի քվեաթերթիկները, քվեարկության ծրարները եւ կնիքները հանձնելու, ինչպես նաեւ  կնիքները վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

9. Քվեատուփի նմուշը (չափսերը) հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 14.  Օրենքի 28-35-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում կենտրոնական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում  «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն  իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ: Անձն  իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ անձի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող մասնակցին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:

3. Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։

Հոդված 29. Քվեաթերթիկների վավերականությունը

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) միաժամանակ «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

2) որեւէ նշում չի ներառում.

3) բացի քվեարկության համար կենտրոնական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.

4) տեղամասային հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ  անհատական կնիքով կնքված չէ.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձեւը: Սահմանված ձեւի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է եւ աներկբա:

2. Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

Հոդված 30. Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները, չսահմանված նմուշի քվեաթերթիկները

1. Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները եւ չսահմանված նմուշի քվեաթերթիկները որոշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված  31. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամասում հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

2. Հանրաքվեն այլ ընտրության կամ տեղական հանրաքվեի հետ նույն օրն անցկացվելու դեպքում տեղամասային հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:

Հոդված 32. Տեղամասային հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) տեղամասում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը,  յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում (այդ թվում` քվեարկության օրը հանրաքվեի տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում) ընդգրկված քաղաքացիների թվերը` առանձին-առանձին.

2) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած քաղաքացիների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները (լրացնում է ընտրատարածքային հանձնաժողովը).

5) մարված քվեաթերթիկների (չօգտագործված եւ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված եւ հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը:

2. Արձանագրության կազմումը եւ ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը եւ ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 32.1. Անճշտությունները որոշելու կարգը

1. Անճշտությունների չափը հաշվարկվում եւ արձանագրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 33.  Ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

1. Ընտրատարածքային հանձնաժողովում ստուգվում է հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները կազմելու վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:

2. Ընտրատարածքային հանձնաժողովը հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ, ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Ընտրատարածքային հանձնաժողովը հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:

4. Հանրաքվեի ժամանակ ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում կենտրոնական հանձնաժողով:

Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը

1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում  այդ արդյունքները:

2. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3.  Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը,  լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերը` առանձին-առանձին.

2) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը.

4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները.

5) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը.

10) անճշտությունների գումարային չափը:

Հանրաքվեի դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված հանրաքվեի բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները:  Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց  պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

6. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում որոշում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Հոդված 35. Հանրաքվեի արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին.

2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) հանրաքվեի դրված նախագծի չընդունման մասին.

4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:

2. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

3. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի արդյունքները հաստատելու մասին.

2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:

5. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետեւանքները:

6. Եթե հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կամ հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եւ նշանակում է նոր քվեարկություն:

7. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` մինչեւ հինգերորդ օրը, ժամը 18.00-ն:

8. Հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում եւ անցկացվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, եւ ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները եւ հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե կենտրոնական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել սահմանադրական դատարան:

Եթե կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու կամ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված համարելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումից հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:»:

Հոդված 16. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.07.2015
ՀՕ-73