Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.06.2015
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2. ԶՈՐԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ  
   
ԳԼՈՒԽ  1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման, դրանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները:

Հոդված  2. Օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) զորամաս`  Հայաստանի  Հանրապետության  պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող զինվորական մարմին` զորամիավորում, միավորում, առանձին զինվորական կառույց, որի գործունեության նպատակն է խաղաղ ժամանակ մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության խնդիրների, մարտական պատրաստության, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման միջոցով երաշխավորել, իսկ պատերազմի ժամանակ մարտական կիրառման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությունը.

2) զինվորական  հաստատություն`  Հայաստանի  Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող ռազմաբժշկական, ռազմաուսումնական (ռազմագիտական) կամ մշակութային կամ լրատվական բնույթի գործունեություն իրականացնող զինվորական մարմին, որի գործունեության նպատակն է ապահովել օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան խնդիրների եւ գործառույթների իրականացումը: Զինվորական հաստատությունների ռազմական բնույթն արտահայտվում է դրանցում զինվորական ծառայության կազմակերպմամբ, դրանց նկատմամբ օպերատիվ-մարտավարական խնդիրների առաջադրման հնարավորությամբ.

3) զորամասի իրական անվանում` զորամասի տեսակը եւ գործունեության բնույթը բնորոշող տեղեկություն.

4) զորամասի  պայմանական  համար`  զորամասին  տրվող  թվերի հաջորդականություն:

ԳԼՈՒԽ  2

ԶՈՐԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված  3. Զորամասի ստեղծումը

1. Զորամասը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

2. Զորամասի ստեղծման հրամանով հաստատվում են զորամասի՝

1) իրական անվանումը եւ պայմանական համարը.

2) տեղաբաշխման վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զորամասի ստեղծման վերաբերյալ տեղեկություններն օրենքով սահմանված կարգով կարող են համարվել պետական գաղտնիք:

Հոդված 4. Զորամասի գործունեությունը եւ իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Զորամասի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը եւ այլ օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները:

2. Զորամասում զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները սահմանվում են օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

3. Զորամասի գտնվելու վայրը նրա մշտական տեղաբաշխման վայրն է:

4. Զորամասն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ զորամասի պայմանական համարով կլոր կնիք, կարող է ունենալ զորամասի պայմանական համարով ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ: Զորամասն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

5. Զորամասի գույքը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զորամասին հանձնված (ամրացված) գույքից, որը հաշվառվում է զորամասի հաշվեկշռում:

6. Զորամասի կողմից իրեն հանձնված (ամրացված) գույքի նկատմամբ իրավունքը ներառում է գույքն ինքնուրույն օգտագործելու եւ տիրապետելու իրավունքը: Զորամասն իրավունք չունի իրեն հանձնված (ամրացված) գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման: Սույն մասով նախատեսված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու սահմանափակումը չի տարածվում օրենքով սահմանված զինծառայողների հանդերձանքի ապահովության վրա:

7. Զորամասին հանձնված (ամրացված) գույքին հասցված վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ ,Զինծառայողների նյութական պատասխանատվության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Զորամասի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից: Զորամասի ֆինանսական գործառնություններն իրականացվում են ,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով, ֆինանսական կառավարման եւ հսկողության գործընթացը կարգավորող այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

9. Զորամասերի կարիքների համար գնումները կատարվում են ,Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Զորամասի  պաշտոնատար  անձանց  իրավունքները  եւ պարտականությունները սահմանվում են ,Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով, զորամասի կանոնադրությամբ:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից վերապահված իրավասությունների սահմաններում զորամասը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, զինվորական ծառայության կամ աշխատանքային իրավահարաբերություններում հանդես գալ կնքվող համապատասխան պայմանագրի կողմ: 

ԳԼՈՒԽ  3

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5.  Ռազմաբժշկական հաստատությունների ստեղծումը եւ գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները (այսուհետ` ռազմաբժշկական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաբժշկական հաստատության՝

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաբժշկական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Ռազմաբժշկական հաստատությունների տեսակներն են հոսպիտալները, առանձին բժշկական ջոկատները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները, հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ապահովման ծառայությունները:

5. Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնում են օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնության եւ սպասարկման գործունեությունն իրականացնում են ,Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակների կազմակերպման ձեւերին համապատասխան:

6. Ռազմաբժշկական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաբժշկական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են ,Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ռազմաբժշկական հաստատությունները կարող են իրականացնել նաեւ քաղաքացիների բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում, որի կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ նորմատիվ հրամանով:

Հոդված 6. Ռազմաուսումնական հաստատությունների ստեղծումը եւ  գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունները (այսուհետ` ռազմաուսումնական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաուսումնական հաստատության՝

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաուսումնական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաուսումնական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Ռազմաուսումնական հաստատություններն իրականացնում են միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր` օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաուսումնական հաստատությունների կողմից կրթության գործընթացը կազմակերպվում է ,Կրթության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական կրթական չափորոշիչներին եւ կրթական ծրագրերին համապատասխան: Ռազմաուսումնական հաստատության գործունեության եւ կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները կարող են գործել համազորային կամ ռազմագիտական համալսարանի կամ ինստիտուտի ձեւով:

6. Ռազմաուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաուսումնական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են ,Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ռազմաուսումնական   հաստատություններ   ընդունելության, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:

8. Սույն հոդվածի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունների ստեղծմանը եւ գործունեությանը վերաբերող նորմերը տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմագիտական բնույթի հաստատությունների ստեղծման եւ գործունեության իրականացման վրա:

9. Ռազմաուսումնական հաստատության կարգավիճակ կարող է տրվել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանմանը, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 7. Մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը եւ գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են հիմնարկի՝

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մշակութային հիմնարկները կարող են գործել ռազմական թանգարանի, պանթեոնի կամ հուշահամալիրի, սպայի տան տեսքով:

5. Զինվորական լրատվական հիմնարկները կարող են գործել պաշտոնաթերթի, էլեկտրոնային լրատվամիջոցի, ռազմագիտական հանդեսի տեսքով, ինչպես նաեւ իրենց գործունեությունն իրականացնել հեռուստատեսային եւ ռադիոլրատվական ծրագրերի միջոցով:

6. Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկների ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ,Զանգվածային լրատվության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով ու իրավական ակտերով, հիմնարկի կանոնադրությամբ:

7. Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են ,Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, հիմնարկի կանոնադրությամբ:

ԳԼՈՒԽ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  8. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն  օրենքով  սահմանված  զորամասերի  եւ  զինվորական հաստատությունների ստեղծման ու գործունեության հետ կապված իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.07.2015
ՀՕ-99