Armenian      
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2015

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի տասնչորսերորդ եւ երեսունվեցերորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կարգավորող հանձնաժողով` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մարմին.».

«սակագին՝ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար Կարգավորող հանձնաժողովի  սահմանած գին.»:

Հոդված 2. Օրենսգրքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«լիցենզավորված անձ՝ Կարգավորող հանձնաժողովի կողմից ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում սահմանված կարգին համապատասխան լիցենզիա ստացած անձ.

բաժանորդ` լիցենզավորված անձի հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ կամ այդ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար դիմած անձ.

խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ՝ Կարգավորող հանձնաժողովի հաստատած փաստաթուղթ, որով սահմանվում են լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները եւ պայմանները.

ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի եւ առեւտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաեւ մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից մատակարարվող սպառողներին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 1-ին հոդվածի տասնութերորդ պարբերությունից հանել «եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների» բառերը։

Հոդված 4. Օրենսգրքի 1-ին հոդվածի քսանհինգերորդ եւ երեսունյոթերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 5-րդ հոդվածում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ջրամատակարարման համակարգերի կառավարումը եւ կարգավորումը.».

2) 13-րդ կետից հանել «կարգավորվող» բառը.

3) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) պետական բյուջեում սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների նախատեսում ֆինանսական ճեղքվածքի մարման համար.»:

Հոդված 6. Օրենսգրքի 12-րդ հոդվածում`

1) 10-րդ կետից հանել «ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների,» բառերը.

2) 11-րդ կետի «ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով.

3) 13-րդ եւ 14-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին սակագների վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների քննարկմանը.

14) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին ներկայացվող առաջարկությունների քննարկմանը՝ լիցենզիաների եւ դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ:»։

Հոդված 7. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը

1. Կարգավորող հանձնաժողովն իրավասու է՝

1) սահմանելու ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները եւ դրանց հաշվարկման (մշակման) մեթոդիկաները.

2) ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնելու լիցենզավորում՝ սույն օրենսգրքին համապատասխան իր հաստատած լիցենզավորման կարգի համաձայն.

3) վերահսկելու ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իր տրամադրած լիցենզիայի պայմանների կատարումը, իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում) եւ կիրառելու սույն օրենսգրքով սահմանված տուժանքները.

4) սահմանելու խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները.

5) սահմանելու լիցենզավորված անձանց եւ բաժանորդների միջեւ կնքվող՝ խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը կամ պարտադիր պայմանները.

6) իր  սահմանած կարգով կազմակերպելու քննարկումներ Կարգավորող հանձնաժողով ուղղված հարցադրումների, բողոքների վերաբերյալ եւ քննարկումների արդյունքով կայացնելու որոշումներ.

7) լիցենզավորված անձանց համար սահմանելու Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման նպատակով.

8) սահմանելու սպառողներին մատուցվող ծառայությունների որակին (սպասարկման որակին) ներկայացվող նվազագույն պահանջները.

9) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը, կատարման նկատմամբ հսկողությունը եւ մեկնաբանումը։

Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (լիցենզիաներ չի տրամադրում եւ սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 19-րդ հոդվածի 10-րդ կետից հանել «եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների» բառերը։

Հոդված 9. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 36-րդ հոդվածի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պահանջվում է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն» բառերը փոխարինել «պահանջվում է ունենալ լիցենզիա» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 5-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5

 ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 38. Լիցենզավորումը

1. Ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվում են Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 121-րդ հոդվածի 8-րդ կետերով սահմանված դեպքերի։

2.  Լիցենզիա չի պահանջվում, եւ մատուցվող ծառայությունների սակագները չեն կարգավորվում, եթե լիցենզավորման ենթակա գործառույթներն իրականացվում են՝

1)   բացառապես սեփական կարիքների համար.

2) համայնքների կամ ջրօգտագործողների ընկերությունների կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունների կամ համայնքային բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից:

Հոդված 39.  Ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիան

1. Խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով եւ լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մեծածախ վաճառք, ինչպես նաեւ իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը։

2. Ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցել բաժանորդներին, համայնքներին եւ ջրօգտագործողների ընկերություններին (ջրօգտագործողների ընկերությունների միություններին), ինչպես նաեւ կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը, իրականացնել ջրի մեծածախ վաճառք։

Հոդված 40. Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը, լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները եւ սպասարկման տարածքը

1. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պահից` Կարգավորող հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տեւողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը, քննարկում է լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը եւ ընդունում հայտը բավարարելու կամ մերժելու որոշում:

2. Լիցենզիայի պայմանները սահմանում է Կարգավորող հանձնաժողովը։

3. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ եւ ամրագրվում լիցենզիայում՝ ելնելով հետեւյալ չափանիշներից.

1) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը սեփականության իրավունքով լիցենզավորվող անձին պատկանելու դեպքում` մինչեւ 25 տարի ժամկետով.

2) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը պայմանագրով լիցենզավորվող անձի տնօրինման կամ տիրապետման տակ գտնվելու դեպքում` մասնավոր կառավարման պայմանագրով նախատեսված ժամկետով։

4. Լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները եւ սպասարկման տարածքը սահմանվում են լիցենզիայով։

Հոդված 41. Լիցենզավորված անձի պարտականությունները

1. Լիցենզավորված անձը պարտավոր է՝

1) իր գործունեությունն իրականացնել սույն օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան.

2) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված ենթակառուցվածքների մատչելիությունը օրենքով սահմանված մարմինների ներկայացուցիչների համար.

3) Կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սակագնի տարր կազմող մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.

4) ապահովել իր գործունեության թափանցիկությունը.
5) լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները եւ այլ տեղեկատվությունը Կարգավորող հանձնաժողով ներկայացնել վերջինիս  սահմանած ձեւերով եւ կարգով.

6) Կարգավորող հանձնաժողովի պահանջով ներկայացնել լիցենզավորված գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ տվյալներ.

7) ապահովել բաժանորդների համար սպասարկման որակին ներկայացվող նվազագույն պահանջները.

8) իրականացնել ֆինանսական աուդիտ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ տեխնիկական աուդիտ:

Հոդված 42. Տեղեկատվության հրապարակայնությունը

1. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն լիցենզավորված անձի կողմից չի համարվում գաղտնի եւ նշված չէ որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»։

2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցելու, որ իր ներկայացրած տեղեկատվության (ներառյալ՝ «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել իր առեւտրային գործունեության շահերին։

3. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների  օգտագործած ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով եւ սահմաններում:

4.Կարգավորող հանձնաժողովը քննարկում է գաղտնիության վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները եւ իրավասու է ընդունելու կամ մերժելու նման տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ վերջինիս դիմումը:

Հոդված 43. Լիցենզիայի վերաձեւակեպումը, կասեցումը, դադարեցումը եւ դրանում փոփոխությունների կատարումը

1. Լիցենզիայի վերաձեւակերպումը, կասեցումը, դադարեցումը եւ լիցենզիայում փոփոխությունները կատարվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենսգրքին համապատասխան՝ Կարգավորող հանձնաժողովի հաստատած լիցենզավորման կարգի համաձայն։»:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ գլուխներով.

«ԳԼՈՒԽ 5.1

 ՏՈՒԺԱՆՔՆԵՐԸ

Հոդված 47.1. Տուժանքները

1. Կարգավորող հանձնաժողովը լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի դրույթների, Կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իր իրավասությունների սահմաններում իրավասու է տալու խախտումները վերացնելու հանձնարարականներ եւ կիրառելու տուժանքների հետեւյալ տեսակները.

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) լիցենզիայի գործողության կասեցում.

4) լիցենզիայի գործողության դադարեցում:

Լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է իր նկատմամբ տուժանք կիրառելու հարցը, արտահայտելու իր կարծիքը, ներկայացնելու առաջարկություններ եւ առարկություններ անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով:

2. Լիցենզավորված անձի կողմից`

1) սույն օրենսգրքի դրույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկի չափով.

2) Կարգավորող հանձնաժողովի տված լիցենզիայի պայմանները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչեւ քսանհազարապատիկի չափով.

3) Կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքների գումարները Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

ԳԼՈՒԽ 5.2

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 47.2. Մատակարարման պայմանագրերը

1. Բաժանորդին խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցումը կատարվում է մատակարարման պայմանագրի՝ խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների համաձայն, որով լիցենզավորված անձը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցել համապատասխան ծառայություններ, իսկ բաժանորդը՝ վճարել մատուցված ծառայությունների համար։

Հոդված 47.3. Բաժանորդների ջրամատակարարումն ապահովող երաշխիքները

1. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում բաժանորդների անխափան ջրամատակարարման եւ ծառայությունների մատուցման ապահովման նպատակով Կարգավորող հանձնաժողովը, մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը, իրավասու է համապատասխան որոշմամբ պարտադրելու լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակելու իր գործունեությունը՝ Կարգավորող հանձնաժողովի սահմանած ժամկետում եւ պայմաններին համապատասխան։

2. Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմելու Կարգավորող հանձնաժողով՝ նոր լիցենզիա ստանալու համար։

3. Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա պարտավոր է օտարել իրեն պատկանող լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ջրամատակարարման եւ ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման համակարգերը կամ օտարել լիցենզավորված անձի բաժնեմասը:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված գործողությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ:»:

Հոդված 13. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերությունից հանել «եւ ջրային համակարգի օգտագործման» բառերը.

2) յոթերորդ պարբերության «դրա օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով» բառերով։

Հոդված 14. Օրենսգրքի 48-րդ հոդվածի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենսգրքի 56-րդ հոդվածում «ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «, քան Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով» բառերով։

Հոդված 16. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 6-րդ կետում «ջրային համակարգի օգտագործման թույլտվության» բառերը փոխարինել «Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի» բառերով։

Հոդված 17. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ կետում «գործող ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվությունների եւ Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ կետը «Ջրային համակարգերի կառավարման մարմնին» բառերից հետո լրացնել «եւ Կարգավորող հանձնաժողովին» բառերով։

Հոդված 19. Օրենսգրքի 62-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ջրօգտագործման եւ (կամ) ջրային համակարգի օգտագործման թույլտվություններով» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվություններով եւ (կամ) Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով» բառերով։

Հոդված 20. Օրենսգրքի 73-րդ հոդվածը, 74-րդ հոդվածի 4-րդ կետը, 76-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենսգրքի 78-րդ հոդվածից հանել «եւ ջրային համակարգի օգտագործման» բառերը։

Հոդված 22. Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 79. Սակագների ձեւավորման սկզբունքները

1. Սակագների ձեւավորման սկզբունքներն են՝

1) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման եւ պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

3) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

4) հիմնավորված տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները հաշվի առնելը.

5) հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված եւ անհրաժեշտ այլ ծախսերի փոխհատուցման ապահովումը.

7) սակագների տարբերակումն ըստ սպառման ծավալի, տարվա եղանակի, օրվա ժամերի, ծառայությունների տեսակների, ինչպես նաեւ ըստ ավազանային բաժանումների՝ կախված ջրամատակարարման եղանակից.

8) անհուսալի դեբիտորական պարտքերի ողջամիտ մակարդակի ապահովումը:»։

Հոդված 23. Օրենսգրքի 79.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 79.1. Սակագների սահմանումը եւ վերանայումը

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը։

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, կամ եթե Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

3. Ջրային ոլորտում իրականացվող գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի գործունեության սակագինը ուժի մեջ է մտնում Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետից։

4. Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում։

5. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձեւ։

6. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ։

7. Լիցենզավորված անձի կողմից սակագնի սահմանման եւ վերանայման հայտը ներկայացնելու դեպքում Կարգավորող հանձնաժողովը հայտը քննարկում եւ որոշում է կայացնում հայտի փաթեթը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 80 աշխատանքային օրվա ընթացքում։

8. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել սակագինը եւ սահմանել նոր սակագին՝ իր հաստատած կարգի համաձայն՝ ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի եւ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից։

9. Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն սակագին։ Լիցենզավորված անձը կարող է կիրառել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գին, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, եւ եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին։ Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագնի իջեցման հետեւանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները։

10. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գին կիրառվելու դեպքում լիցենզավորված անձը կիրառման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է այդ մասին Կարգավորող հանձնաժողովին:

11. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում Կարգավորող հանձնաժողովը կարող է կիրառել սակագնային կարգավորման այլ ձեւեր եւ մեխանիզմներ։»։

Հոդված 24. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ջրերի պետական հաշվառում չկատարելու.»։

Հոդված 25. Օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենսգրքի պահանջներն ապահովելու համար սույն օրենսգրքով լիազորված մարմինները կարող են պահանջել պատշաճ հուսալիության երաշխիք։»։

Հոդված 26. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի յոթերորդ պարբերությունը, 5-րդ մասի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենսգրքի 121-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրամատակարարման ծառայությունները կարգավորվում են միայն սակագների մասով, եւ Կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման համար լիցենզիա չի տրամադրվում, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից ոռոգման ջրամատակարարման ծառայությունները մատուցվում են Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի հիման վրա:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում`

1) պետական մարմինները պարտավոր են իրենց իրավական ակտերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին.

2) ջրային ոլորտի օգտագործման թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են դիմել Կարգավորող հանձնաժողով` ջրային համակարգի օգտագործման թույլտվությունները Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.07.2015
ՀՕ-108