Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաեւ զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության եւ ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության եւ ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում։ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում, եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը» բառերով:

Հոդված 3. Օրենuգրքի 123-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «չափի խախտմամբ» բառերից հետո լրացնել «կամ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում» բառերով եւ նույն մասի «հիսնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-8-րդ մասերով.

«6. Սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

7. Եթե, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն եւ կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է  համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:»:

Հոդված 4. Օրենuգրքի 123.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ      3-5-րդ մասերով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

4. Եթե, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն եւ կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է  համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:»:

Հոդված 5. Օրենuգրքի 123.4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Եթե իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո վարչական իրավախախտում կատարած անձը սահմանված տեղում փակցնում է տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, եւ անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում:»:

Հոդված 6. Օրենuգրքի 123.5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4.2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով, եւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի եւ տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենuգրքի 123.6-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «Ընդհանուր օգտագործման» բառերից առաջ  լրացնել «1.» թվով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով: Այս դեպքում անձը համարվում է նախազգուշացված, եւ լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:»։

Հոդված 8. Օրենuգրքի 124-րդ հոդվածում՝

1) 21-րդ մասից հանել «, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ» բառերը.

2) 22-րդ մասից հանել «, եւ եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ» բառերը.

3) 23-րդ մասից հանել «եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ, եւ» բառերը.

4) 26-րդ մասից հանել «, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ» բառերը.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34-39-րդ մասերով.

«34. Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, եւ լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:

35. «Հոծ գիծ» (այդ թվում՝ «Կանգ-գիծ») գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջեւի կամ կողային երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

36. Ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

37. Տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

38. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթեւեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

39. Սույն հոդվածի 21-րդ եւ 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել։»:

Հոդված 9. Օրենսգրքի 126-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով.

2) 2-րդ  մասի  «հարյուրհիսնապատիկի»  բառը  փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

3) 4-րդ  մասի  «հարյուրհիսնապատիկի»  բառը  փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

4) 6-րդ  մասի  «երկուհարյուրապատիկի»  բառը  փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկի» բառով.

5) 7-րդ  մասի  «երեքհարյուրհիսնապատիկի»  բառը  փոխարինել «չորսհարյուրապատիկի» բառով.

6) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նաեւ այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի  կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչեւ նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը, այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելու հետեւանք է:»:

Հոդված 10. Օրենuգրքի 128-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ:»:

Հոդված 11. Օրենuգրքի 224-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «` ավագ տեսուչները, տեսուչները» բառերը փոխարինել «ծառայողները» բառով.

2) 2-րդ մասի 3-րդ կետի «ավագ տեսուչները, տեսուչները» բառերը փոխարինել «ծառայողները» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ 126» բառերը փոխարինել «, 126 եւ 129.2» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 283-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը.

2) 3-րդ մասի երրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը եւ  նույն նախադասությունը «լինելու փաստը» բառերից հետո լրացնել «կամ հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ գանգատարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ գանգատարկելու օրը» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով» բառերից հետո լրացնել «(եթե անձի հայտնած հասցեն տարբերվում է նրա հաշվառման հասցեից)» բառերով.

4) 4-րդ մասի երկրորդ նախադասության «անձը համարվում է պատշաճ ծանուցված» բառերը փոխարինել «որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին մասը «տուժողի կողմից» բառերից հետո լրացնել «, իսկ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ նաեւ իրավախախտումը կատարած անձի կողմից» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 287-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է գանգատարկվել նաեւ նույն էլեկտրոնային փոստով՝ գանգատն ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:»:

Հոդված 16. Օրենսգրքի 288-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում:»:

Հոդված 17. Օրենսգրքի 291-րդ հոդվածում «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով եւ «ԽՍՀՄ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված» բառերը փոխարինել «օրենքով այլ բան սահմանված չէ» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ մասում «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 305-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում» բառերը.

2) 4-րդ մասից հանել «, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ մասերով.

«Եթե կատարողական վարույթն ավարտվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի                1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով, եւ հարկադիր կատարման ներկայացված՝ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վեց ամիս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշման կայացումը կատարում է դրամական պարտավորությունները (այդ թվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող մասով):

Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործը քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից: Այդ դեպքում կայացվում է առանձին որոշում, որը հանձնվում է հասցեատիրոջը առձեռն կամ պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ:»:

Հոդված 20. Անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ին:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ին:

3. Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից, իսկ 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական ակտերի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 216.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկը կասեցվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վեց ամիս ժամկետով։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2015
ՀՕ-178