Armenian      
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) «ջրային ռեսուրսներ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ջրային ռեսուրսներ ՝ բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ` մակերեւութային եւ ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր.».

2) «ջրօգտագործում» հասկացությունը «ջրային ռեսուրսից ջուր վերցնելը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը» բառերով.

3) «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը «ջրային ռեսուրսից ջրառի» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման» բառերով.

4) «ջրային ռեսուրսների մոնիտորինգ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ջրային ռեսուրսների մոնիտորինգ ` ջրային ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված դիտարկումների (ջրաերկրաբանական, ջրաբանական, ջրաֆիզիկական, ջրաքիմիական եւ ջրակենսաբանական), դրանց արդյունքում ստացված տեղեկատվության հավաքման, մշակման, ջրային ռեսուրսների որակական եւ քանակական գնահատման ու փոփոխությունների կանխատեսման եւ ջրային ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվության տրամադրման համակարգ.».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«մակերեւութային ջրեր ` ջուր (առուներ, գետեր, լճեր, լճակներ, գերխոնավ տարածքներ, ձնածածկույթներ, սառցադաշտեր), որը հոսում է կամ հավաքվել է երկրի մակերեւույթի վրա.

ստորերկրյա ջրեր ` ջուր (արտեզյան, գրունտային, բնաղբյուր), որը գտնվում է երկրակեղեւը կազմող ապարների մեջ հեղուկ կամ գոլորշի կամ կարծր վիճակում.

ստորերկրյա քաղցրահամ ջրեր ` մինչեւ 1գ/լ հանքայնացմամբ ջրեր.

արտեզյան (ճնշումային) ջրեր ՝ երկրաբանական կառուցվածքում վերեւից եւ ներքեւից ջրամերժ ապարներով սահմանազատված, ճեղքավոր, ծակոտկեն կամ կարստային ապարների շերտի մեջ տեղադրված ստորերկրյա ջուր, որն ունի ճնշում, եւ հորատման դեպքում նրա մակարդակը կանգնում է ջրատար շերտի առաստաղից բարձր, կամ շատրվանում է.

գրունտային ջրեր ՝ երկրի մակերեւույթից առաջին ջրամերժ շերտի վրա տեղակայված ազատ մակերեւույթով գրավիտացիոն (շարժուն) ջրեր.

բնաղբյուր ՝ ստորերկրյա ջրի մշտական կամ ժամանակավոր գործող բնական ելք` երկրի մակերեւույթին կամ ջրավազանում (ստորջրյա աղբյուր).

ջրային հաշվեկշիռ ՝ որոշակի տարածքի (ավազանի) սահմաններում ջրի մուտքի եւ ելքի բաղադրիչների քանակական հարաբերակցությունը որոշակի ժամանակամիջոցում.

կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում ՝ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունքում առաջացող հոսքաջրերի եւ տեխնոլոգիական պահանջներից ելնելով` վերադարձված ջրերի օգտագործումը այլ նպատակներով.

էկոլոգիական պոտենցիալ ՝ ջրային ռեսուրսի վիճակի գնահատման չափանիշ, որն արտահայտում է տվյալ էկոհամակարգի հավասարակշռության պահպանման համար ջրային ռեսուրսի դերը, նշանակությունը եւ առանձնահատկությունը.

կապտաժ` ստորերկրյա ջրերը որոշ խորություններում կամ ուղղակի երկրի մակերեւույթի վրա բռնելու, հավաքելու ու կենտրոնացնելու համար նախատեսված կառույցներ.»:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«-ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով եւ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերից ջրօգտագործման թույլտվություններ տալու վերաբերյալ,»:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 11-րդ եւ 12-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) հաստատում է ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ ջրային համակարգերում կորուստների նորմատիվները.

12) կազմակերպում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացումը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ եւ 21-րդ կետերով.

«20) լիցենզավորում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը.

21) ջրավազանային կառավարման պլանի բացակայության դեպքում Արարատյան դաշտի հորատանցքերի հորատմամբ ջրօգտագործման թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Ջրային հաշվեկշիռը

Ջրային հաշվեկշռի մուտքի բաղադրիչներն են տվյալ տարածք մուտք գործող մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը, մթնոլորտային տեղումները եւ ջրային գոլորշիների խտացումից առաջացած ջրերը:

Ջրային հաշվեկշռի ծախսի բաղադրիչներն են գումարային գոլորշիացումը (ցամաքից, ջրակուտակներից եւ բուսականությունից), մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի արտահոսքը եւ տեխնոլոգիական գործընթացներում կորուստները:

Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, ջրավազանային կառավարման տարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին եւ19.2-րդ հոդվածներով.

«Հոդված 19.1. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը

Ջրային ռեսուրսների մոնիտորինգը պետության կողմից մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պարտադիր իրականացվող գործառույթ է, որի նպատակն է հանրապետության ջրավազանային տարածքներում ջրային ռեսուրսների վիճակի հետեւողական եւ հանրության համար հասանելի գնահատում իրականացնելը, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների որակի եւ քանակի վերաբերյալ արժանահավատ տվյալներով ապահովելը:

Ջրային ռեսուրսների մոնիտորինգի խնդիրներն են՝

1) ջրային ռեսուրսների ձեւավորման պայմանների, բնական ու մարդածին գործոնների ազդեցության հետեւանքով դրանցում կատարված փոփոխությունների բացահայտումը.

2) բացահայտված փոփոխությունների զարգացման ընթացքի գնահատումը եւ համապատասխան միջոցառումների կիրառումը.

3) շրջակա միջավայրի եւ ջրաէկոհամակարգերի փոխազդեցությունների բացահայտումը, դրանց հնարավոր փոփոխությունների (կարճաժամկետ եւ երկարաժամկետ` ոչ պակաս 10 տարվա դիտարկումների արդյունքներով) կանխատեսումը եւ պահպանությանն ուղղված միջոցառումների կիրառումը.

4) ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը եւ կառավարմանը նպաստելը.

5) ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նպաստելը:

Ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական ու համայնքային բյուջեների, կազմակերպությունների միջոցների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Ջրային ռեսուրսների մոնիտորինգը եւ հաշվառումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 19.2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը

Ջրային ռեսուրսների պետական կադաստրը (այսուհետ` պետական ջրային կադաuտր) տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեuուրuների որակական ու քանակական բնութագրերի, ջրային ռեuուրuների վրա բնական ու մարդածին ազդեցությունների, ջրային ռեuուրuների եւ ջրաէկոհամակարգերի պահպանության, օգտագործման ու վերականգնման մասին տվյալների շտեմարանի ստեղծման գործընթացները:

Պետական ջրային կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման, ինչպես նաեւ պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգով:

Պետական ջրային կադաստրը վարում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Ջրային ռեսուրսների պետական կադաստրը վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ջրային ռեսուրսների պետական կադաստրից տվյալների տրամադրումն անվճար է:»:

Հոդված 6. Օրենսգիրքըլրացնելհետեւյալբովանդակությամբ25.1-ին հոդվածով.

«Հոդված 25.1.Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը

Ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական ջրօգտագործումից կատարվող ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր:

Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է այլ անձանց կողմից իրականացվել գյուղատնտեսական կամ արդյունաբերական արտադրության նպատակներով:»:

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը

Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սույն Օրենսգրքով սահմանված լինելու դեպքում ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը ներկայացնում է Ջրի ազգային խորհրդի քննարկմանը: Այդ դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչեւ Ջրի ազգային խորհրդի դիրքորոշումը հայտնելը:

Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո՝ լիազոր մարմինը   5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը եւ դրան կից պայմանները:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-ին եւ30.2-րդ հոդվածներով.

«Հոդված 30.1. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման մերժումը

Ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, եթե՝

1) դրանովպահանջվողջրօգտագործմանթույլտվությունըչի համապատասխանում սույն օրենսգրքին կամ ջրի ազգային քաղաքականությանը կամ ջրի ազգային ծրագրին կամ ջրավազանային կառավարման պլաններին կամ դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին.

2) ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները.

3) ներկայացված թերի փաստաթղթերը չեն համալրվել համալրման մասին լիազոր մարմնի պատշաճ ծանուցման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում` լիազոր մարմինը պարտավոր է թերի փաստաթղթերի վերաբերյալ հայտատուին ծանուցել դրանք հայտնաբերելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչեւ թերի փաստաթղթերի համալրման օրը.

4) Ջրի ազգային խորհուրդը կայացրել է բացասական որոշում.

5) օրենսգրքով սահմանված ժամկետում չի վճարվել պետական տուրքը.

6) հայցվող ջրօգտագործման թույլտվության տրամադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա:

Հոդված 30.2. Ջրօգտագործման թույլտվության կասեցումը

Ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում երաշտ կամ սակավաջուր տարի հայտարարվելու դեպքում՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.

2) ջրի որակական չափորոշիչների խախտման եւ շրջակա միջավայրը պահպանելու անհրաժեշտության դեպքում.

3) բնական աղետների դեպքում՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.

4) տեխնածին վթարների հետեւանքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.

5) ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների կամ պայմանների խախտման դեպքում.

6) երբ առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտման դեպքում, նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձին տեղեկացնում է15 աշխատանքային օրվա ընթացքում հետագա գործունեությունը թույլտվության պահանջներին համապատասխանեցնելու պահանջի վերաբերյալ:

Սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ջրօգտագործման թույլտվության կասեցման հետեւանքով ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով հորատանցքերի կառուցման կամ լուծարման, ինչպես նաեւ կոնսերվացման աշխատանքների կատարման պայմաններ:»:

Հոդված 10. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 8-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին կամ ջրավազանային կառավարման պլաններին, ապա ջրօգտագործման թույլտվության ժամկետը լրանալուց հետո այն համարվում է երկարաձգված նույն ժամկետով եւ պայմաններով, իսկ օրենքին կամ այլ իրավական ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին կամ ջրավազանային կառավարման պլաններին հակասելու դեպքում լիազոր պետական մարմինը պարտավոր է ջրօգտագործման ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ հակասության մասին պատշաճ ձեւով ծանուցել ջրօգտագործողին:»:

Հոդված 11. Oրենսգրքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 34. Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը

Ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին եւ վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:

Ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ.

2) ջրօգտագործման թույլտվության գործողության կասեցման ժամկետում չեն վերացվել ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումները:

Ջրօգտագործումը ՀՏԿ-ների միջոցով իրականացնելիս սույն հոդվածով նախատեսված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ջրօգտագործման իրավունքից զրկված անձը պարտավոր է ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու օրվանից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի առաջարկությամբ իր միջոցների հաշվին լուծարել կամ կոնսերվացնել ՀՏԿ-ն:»:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1.

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը

Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով եւ դրենաժային հոսքով, ինչպես նաեւ հորատանցքերով:

Արտեզյան (ճնշումային) եւ գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:

Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժ) կառույցների միջոցով:

Առաջնահերթ օգտագործման ենթակա են մեկ եւ ավելի տարիների տեւողությամբ մշտադիտարկումների ենթարկված ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրները:

Հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են ջրօգտագործման թույլտվությամբ մասնագիտացված կազմակերպության կողմից` ջրօգտագործողի միջոցներով:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերն առաջին հերթին օգտագործվում են խմելու, առողջապահական, կոմունալ եւ կենցաղային ջրամատակարարման համար:

Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով. հորատանցքի կառուցմամբ` հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա, եւ հորատանցքի շահագործմամբ` կառուցված հորատանցքի անձնագրի հիման վրա:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը լիցենզավորման ենթակա է: Լիցենզիան տրվում է մեկ տարի ժամկետով:

Հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը եւ անձնագրի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մինչեւ տվյալ տարածքի ջրավազանային կառավարման պլանի հաստատումը արգելվում է Արարատյան դաշտում (Արարատի եւ Արամավիրի մարզեր) նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:

Հոդված 37.2. Հորատանցքերի կոնսերվացումը եւ լուծարումը

Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում:

Լուծարման ենթակա են այն հորատանցքերը, որոնք տեխնիկական անսարքության պատճառով շահագործման համար պիտանի չեն, եւ առկա է հետեւյալ պայմաններից որեւիցե մեկը.

1) հորատանցքի վերնամասը լցված է քարերով, մետաղական թափոններով, շինարարական աղբով, եւ հորի վերականգնումը հնարավոր չէ.

2) ջրերը խմելու, տնտեսական օգտագործման եւ ոռոգման համար պիտանի չեն.

3) ինքնահոս շատրվանող հորերը, որոնց ջրերը չեն օգտագործվում, հանգեցնում են շրջապատի ճահճացմանը, գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը եւ հողային ռեսուրսների աղակալմանը.

4) արտախողովակային հոսքի առկայության դեպքում, եթե վերանորոգումը հնարավոր չէ.

5) սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

Հորատանցքերի լուծարումը եւ կոնսերվացումն իրականացվում են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը:

Լուծարումը եւ կոնսերվացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 37.3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությունը

Ստորերկրյա ջրերի պահպանությունն արտաքին գործոններից պայմանավորված է ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության աստիճանով՝

1) պաշտպանված.

2) պայմանական պաշտպանված.

3) չպաշտպանված:

Պայմանական պաշտպանված կամ չպաշտպանված աստիճանի ստորերկրյա ջրերը աղտոտումից պահպանելու համար անհրաժեշտ է մշակել ստորերկրյա ջրերի լիարժեք պահպանության միջոցառումների իրականացման ծրագիր, որն էլ պետք է ներառվի տվյալ ջրավազանային կառավարման պլանում:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության հիմնական պահանջներն են`

1) ջրաերկրաբանական լիակատար եւ համալիր ուսումնասիրության հիման վրա ստորերկրյա ջրային ռեսուրսի քանակի, որակի եւ այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.

2) ստորերկրյա ջրային ռեսուրսի ինքնակամ օգտագործման արգելումը.

3) ստորերկրյա ջրային ռեսուրսի շարժի հավաստի հաշվառման ապահովումը:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերը սպառումից պահպանելու նպատակով՝

1) պարբերաբար՝ըստստորերկրյաջրայինռեսուրսների առանձնահատկության, իրականացնել ջրաերկրաբանական մոնիտորինգ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում՝ ջրաերկրաբանական ուսումնասիրություններ.

2) մշակել ստորերկրյա ջրերի սպառումը բացառող միջոցառումների իրականացման ծրագիր.

3) լուծարել կամ կոնսերվացնել ինքնաթափ չօգտագործվող ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատանցքերը:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.01.2016
ՀՕ-19