Armenian   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2016

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է.1» ենթակետով.

«է.1) դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններին եւ մարմիններին.».

2) 3-րդ կետի «ժ» բառը փոխարինել «է.1», «ժ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6.2-րդ հոդվածի 1-ին կետում՝

1) առաջին պարբերության «ելույթ ունենալը» բառերը փոխարինել «ելույթ ունենալը, հարցեր տալը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ որպես թեկնածու իր ելույթի:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 97.1-ին եւ97.2-րդ հոդվածներով.

« Հոդված 97.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների ընտրության կարգը

1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 195-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների թեկնածուներ են առաջարկվում պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:

3. Հանձնաժողովն Ազգային ժողովին առաջարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների մեկական թեկնածու:

4. Դիմումով հանձնաժողովին կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների մեկական թեկնածու:

5. Դիմումները հանձնաժողովին են ներկայացվում նրա նախագահի տեղեկացմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

6. Դիմումին կցվում են թեկնածուի՝

ա) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն չունենալու կամ դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ տեղեկանքը,

գ) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

դ) աշխատանքային կամ մասնագիտական ստաժի վերաբերյալ տեղեկանքը,

ե) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ նման ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ՝ արական սեռի թեկնածուի դեպքում,

զ) կենսագրությունը,

է) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,

ը) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:

7. Դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:

8. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների թեկնածուներ առաջարկելու մասին հարցերը քննարկվում են հանձնաժողովի դռնփակ նիստում, իսկ քվեարկությունները կատարվում են դռնբաց նիստում:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների ընտրության հարցերն առանց քվեարկության ընդգրկվում են հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում են արտահերթ:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով՝ առանձին, իսկ մյուս անդամների ընտրության հարցերը՝ համատեղ, հետեւյալ տարբերությամբ՝

ա) մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուի, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ բոլոր թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովի որոշումը.

բ) մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ նույն տեւողությամբ ելույթով հանդես են գալիս բոլոր թեկնածուները.

գ) ելույթներից հետո՝ հանձնաժողովի ներկայացուցչին եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուին, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ յուրաքանչյուր թեկնածուի տրվում են հարցեր.

դ) մտքերի փոխանակություն.

ե) եզրափակիչ ելույթներով հանդես են գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ բոլոր թեկնածուները եւ հանձնաժողովի ներկայացուցիչը.

զ) թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

12. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ անդամը չի ընտրվում, ապա այդ պաշտոնի վերաբերյալ հարցի քննարկումը համարվում է ավարտված, որից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:

Հոդված 97.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման կարգը

1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 195-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

2. Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

3. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

4. Եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:

6. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

7. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 6-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա համարվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը չի խախտել Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասի այն պայմանը, որը նշված է եզրակացությունում:

8. Եթե Ազգային ժողովի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, ապա քվեարկությունից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:»:

Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների թեկնածուների վերաբերյալ դիմումները սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում 2016 թվականի սեպտեմբերի 5-15-ը:

3. Պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս 6 անդամների մեկական թեկնածուներին Ազգային ժողովին է առաջարկում մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը: Եթե այդ ժամկետում հանձնաժողովն Ազգային ժողովին թեկնածուներից որեւէ մեկին չի առաջարկում, ապա դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:

4. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ մյուս անդամներից որեւէ մեկը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ 10 օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են այն հաշվով, որ լիազորություններն ստանձնեն 2016 թվականի նոյեմբերի 1-ից ոչ ուշ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.05.2016
ՀՕ-65