Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2016

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1 - 14.6-րդ հոդվածներով.

«Հոդված 14.1. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների հերթական նստաշրջանները եւ նիստերը

1. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ հունիսի վերջին չորեքշաբթին եւ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչեւ դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:

2. Նիստերի օրերը որոշում է ավագանին:

Հոդված 14.2. Հանրության տեղեկացումը Գյումրու եւ Վանաձորի ավագանիների հերթական նիստերի մասին

1. Գյումրու կամ Վանաձորի ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ համապատասխան համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ` կցելով օրակարգի նախագիծը: Այդ տեղեկությունները փակցվում են համայնքապետարանում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համապատասխանաբար Գյումրու եւ Վանաձորի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերում եւ հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքում:

2. Ավագանու անդամներին նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը եւ դրանց կից փաստաթղթերը տրամադրվում են նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ: Նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը եւ դրանց կից փաստաթղթերը տեղադրվում են Գյումրու եւ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում` ներբեռնման հնարավորությամբ:

Հոդված 14.3. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների նիստերը

1. Գյումրու, Վանաձորի նորընտիր ավագանիների առաջին նիստերն օրենքի ուժով գումարվում են ավագանի ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչեւ համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

2. Ավագանու նիստը հրավիրում եւ վարում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:

3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

4. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաեւ պատասխանելու հարցերին։ Ավագանու նիստերին համայնքի ղեկավարի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ եւ պատասխանել հարցերին նաեւ այլ անձինք:

Հոդված 14.4. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների արտահերթ նիստերը

1. Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ նիստեր գումարում է համապատասխանաբար Գյումրու, Վանաձորի համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից:

3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ դրանց կցված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն նաեւ համապատասխանաբար Գյումրու եւ Վանաձորի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերում:

Հոդված 14.5. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների խմբակցությունների ստեղծման կարգը

1. Գյումրու, Վանաձորի ավագանիների խմբակցություններն ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի բացման oրը` հետեւյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:

2. Խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:

3. Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին:

4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ:

5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաեւ գործունեության դադարման եւ վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է համայնքի ղեկավարը կամ ավագանու նիստը վարողը, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:

Հոդված 14.6. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների խմբակցությունների գործունեության ապահովումը

1. Գյումրու, Վանաձորի համայնքապետարանների նիստերի դահլիճներում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:

2. Գյումրու եւ Վանաձորի համայնքապետարանների նիստերի դահլիճներում կամ ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական եւ կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:

3. Խմբակցության գործավարը եւ փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ կետերով.

«1.1) սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ընտրում է համայնքի ղեկավարին.

1.2) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ.»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Գյումրու կամ Վանաձորի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը

1. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել համապատասխանաբար Գյումրու, Վանաձորի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, ինչպես նաեւ այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

2. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է համայնքի ղեկավարին, ինչպես նաեւ ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:

3. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է եւս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու:

4. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:

5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

6. Համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

7. Գործող համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց եւ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

9. Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-21.4-րդ հոդվածներով.

«Հոդված 21.1. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների լիազորությունների ժամկետը կրճատելը

1. Կառավարությունը կարող է կրճատել Գյումրու, Վանաձորի ավագանիների լիազորությունների ժամկետը, եթե`

1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.

2) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում.

3) ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։

2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 24.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

4. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստը:

5. Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո իրավունք չունի նշանակելու տեղական հանրաքվե, անվստահություն հայտնելու համայնքի ղեկավարին, կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարելու տարեկան ծրագիրը:

6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

Հոդված 21.2. Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

1. Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարել են ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել համայնքի ղեկավարին.

6) նա հրաժարական է տվել.

7) նա մահացել է:

2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

Հոդված 21.3. Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի թափուր տեղը համալրելը

1. Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Հոդված 21.4. Գյումրու եւ Վանաձորի ավագանիների լիազորությունների ժամկետը

1. Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը, որը հրավիրվում է ավագանու ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

Այս դեպքում ավագանու ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, եւ ոչ ուշ, քան վաթսունհինգ oրվա ընթացքում:»:

Հոդված 5. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը «աշխատակազմը,» բառից հետո լրացնել «Գյումրու եւ Վանաձորի համայնքի ղեկավարի ընտրության կարգը» բառերով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-24.4-րդ հոդվածներով.

«Հոդված 24.1. Գյումրու եւ Վանաձորի համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը

1. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարներն ընտրվում են համապատասխան ավագանիների կողմից, իսկ ավագանու ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

2. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարներն ընտրվում են իրեն ընտրած համապատասխան ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

Հոդված 24.2. Գյումրու եւ Վանաձորի ղեկավարի ընտրության անցկացումը

1. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը:

2. Եթե Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

3. Գյումրու, Վանաձորի ավագանիների խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու եւ համապատասխանում է համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին:

4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:

5. Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

6. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

7. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Հոդված 24.3. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների լիազորությունների դադարումը, դադարեցումը

1. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների լիազորությունները դադարում են նորընտիր համայնքի ղեկավարի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:

2. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարում են սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 24.4. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները

1. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ` համայնքի ղեկավարի ընտրությունների համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

3. Գյումրի եւ Վանաձոր համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 31.2.-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սահմանում է տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը, ապահովում քվեարկության սենյակը սահմանելու եւ քվեարկության սենյակի` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան կահավորումը.».

2) 2.2-րդ կետը «քարոզչական պաստառները» բառերից հետո լրացնել «, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.05.2016
ՀՕ-60