Գովազդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.06.2016

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«սոցիալական գովազդ՝ առեւտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)՝ մարդու իրավունքներին եւ պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության,  մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության եւ այլ բնագավառների վերաբերյալ հասարակությանը իրազեկելու նպատակով տարածվող տեղեկատվություն է, որը սույն օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետում նշված կարգով ճանաչվել է որպես սոցիալական գովազդ:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներում ու տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավոր է սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով.

«1.1. Համայնքի տարածքում կամ միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհների վրա սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում տեղական տուրքերի եւ ճանապարհային վճարի դրույքաչափերը սահմանվում են օրենքով:

1.2. Սոցիալական գովազդը, որը մինչեւ տեղաբաշխումը եւ տարածումը քննարկվել  եւ հավանության է արժանացել,  լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի կողմից կարող է տարածվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած վարչատարածքային միավորի սահմաններում: Հանրապետական հանձնաժողովը ձեւավորվում է քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվը 2 անդամով պետք է ավելի լինի պետական մարմինների ներկայացուցիչների թվից: Հանրապետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի սկզբունքները հաշվի են առնվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքային հանձնաժողովներ ձեւավորելիս: Արտաքին սոցիալական գովազդը, որը տարածվելու է մեկ համայնքի վարչական սահմաններում, կարող է որպես սոցիալական գովազդ ճանաչվել համայնքի ղեկավարի ստեղծած համայնքային հանձնաժողովի կողմից: Համայնքի ղեկավարի ստեղծած համայնքային հանձնաժողովի 3 անդամ առաջադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից, իսկ 5 անդամ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Համայնքի ղեկավարի ստեղծած համայնքային հանձնաժողովի որոշման վերաբերյալ դիմումատուին տեղեկացնում է համայնքի ղեկավարը գովազդը որպես սոցիալական ճանաչվելուց հետո՝ 3-օրյա ժամկետում:

1.3. Լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծած համայնքային հանձնաժողովները լիազոր մարմին ներկայացնում են տարեկան հաշվետվություն:».

3) 2-րդ կետի «ոչ պետական կազմակերպությունների կողմից» բառերը փոխարինել «ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից» բառերով.

4) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սոցիալական գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պայմանագրի կնքման միջոցով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 13-րդ հոդվածի 1.2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.06.2016
ՀՕ-95