Armenian      
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.06.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 78-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 78. Ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների ձեռքբերման վճարները

Ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների ձեռքբերման համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Լիազոր մարմինը թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածով նախատեսված հետեւանքների մասին:

Հայտատուն սույն հոդվածով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման հայտը բավարարելու մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածում նշված ժամկետում վճարված լինելու մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ժամկետը երկարաձգված թույլտվությունը, վերաձեւակերպված թույլտվությունը, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:

Թույլտվությունը, ժամկետը երկարաձգված թույլտվությունը, վերաձեւակերպված թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության, ժամկետը երկարաձգված թույլտվության, վերաձեւակերպված թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության, ժամկետը երկարաձգված թույլտվության, վերաձեւակերպված թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.07.2016
ՀՕ-128