Armenian      
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.06.2016

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38-րդ կետով.

«38) Սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները), եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության ձեւավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը եւ կազմը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի եւ գործարքների` որպես արտոնյալ որակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39.2-րդ հոդվածով.

«Հոդված 39.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով նշումներ պետք է կատարվեն սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները տրամադրողների եւ նշված սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ստացողների միջեւ կնքվող պայմանագրերում: Արտոնությունը գործում է մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերն արտոնյալ որակելու մասին որոշման ընդունման պահից:

Արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները) ծրագրային նպատակներին եւ դրույթներին համապատասխան չիրականացնելու դեպքում նշված ծրագրերի՝ որպես արտոնյալ որակումը կարող է փոփոխել կամ կասեցնել մասնագիտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը հանգեցնում է նշված արտոնությունների գործողության դադարման կամ կասեցման: Մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակման կասեցումը կարող է հանվել արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնությունները) ծրագրային նպատակներին եւ դրույթներին համապատասխան իրականացնելու մասին փաստեր ի հայտ գալու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն օրենքով սահմանված դեպքում մասնագիտական հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակումը երկու անգամ կասեցնելուց հետո արտոնությունների գործողությունը դադարում է:

Արտոնությունների գործողությունը դադարեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաեւ այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են նշված սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհներն ստացողները, ընդ որում` ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված` դրա գործողության ժամկետի վերջը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.07.2016
ՀՕ-136