Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.10.2016

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք)  5-րդ հոդվածի 1-ին մասը «այլ գույքային իրավունքների» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը «գրանցումից հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության մատչելիությունը

1. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվության, ինչպես նաեւ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ:

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվում են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի տեղեկատվության մաս կազմող՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Պետական գրանցման գործառույթի իրականացման արդյունքում գրանցում իրականացնող մարմնի կողմից ստեղծված, հավաքագրված, այդ թվում` գրանցման համար ներկայացված, ինչպես նաեւ անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում առկա տեղեկատվությունից` անկախ դրա նյութական կրիչի (այսուհետ` իրավական կադաստրի տեղեկատվություն),  ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առեւտրային գաղտնիք չեն համարվում`

1) գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրառման ենթակա տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

2) հողամասի եւ շինությունների կադաստրային արժեքի (զուտ եկամտի) եւ դրա հաշվարկման համար հիմք հանդիսացող տվյալները:

Սույն մասով սահմանված տեղեկությունները տրամադրվում են փաստաթղթերից քաղվածքների ձեւով:

5. Իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը փաստաթղթերից պատճենների ձեւով, ինչպես նաեւ  սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված այլ տեղեկատվությունը փաստաթղթերից քաղվածքների կամ պատճենների ձեւով տրամադրվում են`

1) հարցվող անշարժ գույքի միավորի կամ օբյեկտի նկատմամբ հարցման պահին սեփականատեր հանդիսացող անձանց կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց.

2) հարցվող անշարժ գույքի միավորի կամ օբյեկտի նկատմամբ գրանցված այլ իրավունքի սուբյեկտներին կամ այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող իրավատերերին` իրենց իրավունքների եւ սահմանափակումների ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման վերաբերյալ, կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց.

3) ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող, այդ թվում` տվյալ անձի անվամբ գրանցված կամ գույքագրված գույքի կամ գույքային իրավունքների կազմի կամ որեւէ տարածքում նման գույքի կամ գույքային իրավունքների առկայության վերաբերյալ տեղեկությունները` այդ իրավունքների իրավատերերին, գրանցված իրավունքների դեպքում` գրանցված իրավունքների սուբյեկտներին կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:

Սույն մասով նախատեսված համաձայնությունը կարող է տրվել նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձեւով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին եւ պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, դատարաններին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը եւ քրեական հետապնդման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված փաստաբաններին, Հայաստանի Հանրապետության նոտարներին, սնանկության գործով կառավարչին, որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «այլ տվյալներ» բառերից հետո լրացնել «, որոնք ներառվում են կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային շերտում ներառվում են անշարժ գույքի միավորների տեղադրությունը, սահմանները, կոորդինատները, հողամասերի մակերեսի չափի վերաբերյալ տեղեկությունները:

1.2. Կադաստրային քարտեզի տեղեկատվության թեմատիկ շերտում ներառվում են Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատակային նշանակության, գործառնական նշանակության ու հողատեսքերի, իրավունքի պետական գրանցում ստացած վերգետնյա եւ ստորգետնյա հաղորդակցությունների ցանցերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ տեղեկություններ:»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը կարող է դիմել լիազոր մարմին` վկայականի կրկնօրինակ կամ անվանափոխված վկայական ստանալու համար, որը լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:».

2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում առձեռն հանձնվում է  որակավորում ստացած անձին՝ ստանալու մասին ստորագրությամբ, իսկ առձեռն հանձնելու հնարավորության բացակայության դեպքում` փոստով պատվիրված նամակով առաքելու միջոցով.».

3)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով.

«2.1) սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված հիմքով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով.

2.2) վկայականի գործողությունը կասեցվում է սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված պարտադիր պահանջների չկատարման ձեւով խախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում.

2.3) վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե սույն մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված պարտադիր պահանջների չկատարման ձեւով խախտման օրվանից անցել է վեց ամսից ավելի.».

4) 2-րդ մասի 6-րդ կետի՝

ա. «կասեցումը եւ» բառերը փոխարինել «կասեցումը, կասեցման վերացումը եւ վկայականի գործողության» բառերով,

բ.  «կասեցման եւ դադարեցման» բառերը փոխարինել «կասեցման, կասեցման վերացման եւ վկայականի գործողության դադարեցման» բառերով,

գ. «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով.

5) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց անվանացանկը՝ վերջիններիս համաձայնությամբ:»:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը «գրանցումը» բառից հետո լրացնել «, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը եւ մերժումը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները ստեղծվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից եւ նրա սահմանած տարածքում իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում, պետական գրանցման դադարեցում, կասեցում եւ մերժում, գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրում, ինչպես նաեւ պետական գրանցման հիմնական սկզբունքներից ու խնդիրներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:»:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը կամ մերժումն իրականացնում են ի պաշտոնե պետական գրանցում կատարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք, որոնց պաշտոնների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով եւ դիմումի հետ ներկայացնի`

1) իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաեւ այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր.

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարի մուծման անդորրագիրը եւ սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վճարի մուծման անդորրագիրը:».

2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) դիմումը ներկայացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինը` կատարողական թերթի կատարումն ապահովելու նպատակով:»:

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կատարվելու է 1998 թվականի մարտի 1-ից հետո գրանցված հողամասի սահմանների փոփոխության (բաժանման, միավորման կամ ուղղման), բացառությամբ գրանցված հողամասերի սահմանների միավորման, պետական գրանցում:»:

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական գրանցման դիմումը եւ սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաեւ էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմումը եւ ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց բնօրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 4-րդ կետի «իրավահաստատող» բառը փոխարինել «ներկայացված» բառով,

բ. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) առկա է փաստաթղթերով չհիմնավորված անհամապատասխանություն ներկայացված փաստաթղթերում կամ ներկայացված եւ գրանցման մատյանում կամ գույքագրման փաստաթղթերում (գրանցված չլինելու դեպքում) առկա տվյալների միջեւ, բացառությամբ տեխնիկական սխալի հետեւանքով առաջացած դեպքերի.».

2) 3-րդ եւ 4-րդ մասերի «ծանուցումը» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «որոշումը» բառով եւ դրա հոլովաձեւերով, իսկ «5-օրյա ժամկետում» բառերը՝ «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Պետական գրանցման կասեցման ժամկետը չի կարող գերազանցել դրա գրանցման համար սույն օրենքով նախատեսված ժամկետը:»:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պետական գրանցում կատարելու վերաբերյալ տրված դիմումով գրանցումը մերժելու դեպքում դիմողին տրամադրվում է մերժման մասին որոշումը՝ մերժման պատճառների մասին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքի (դեպքերի) վերաբերյալ նշումներով: Մերժման մասին որոշումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում առձեռն չստանալու դեպքում այն դիմողին է առաքվում փոստով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Պետական գրանցման մերժման ժամկետը չի կարող գերազանցել դրա գրանցման համար սույն օրենքով նախատեսված ժամկետը:».

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ    1.1-ին մասով.

«1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում եւ հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձեւի` թղթի վրա, վավերացվում է դրանք դիմողին տրամադրած սպասարկման գրասենյակի կամ նոտարի կնիքով, ինչպես նաեւ այլ պետությունների տարածքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կնիքով:»:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «մուծման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի» բառերով.

2) 6-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միասնական տեղեկանքը գործարքներ կնքելու համար միակ փաստաթուղթն է, որով հավաստվում են սույն մասում ներկայացված տեղեկությունները, եւ որը պարտադիր է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործարքների վավերացման համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերի:».

3) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:».

4) 7-րդ մասի «քրեական հետապնդում իրականացնող» բառերը փոխարինել «դատախազության կամ քրեական հետապնդման այլ» բառերով.

5) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման պայմանները

1. Որոշակիորեն նույնականացված (միանշանակ որոշված) անշարժ գույքի միավորի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է ոչ ուշ, քան սպասարկման գրասենյակ դիմումը ներկայացվելու օրվանից հետո` երրորդ աշխատանքային օրը:

2. Անշարժ գույքի միավորը համարվում է նույնականացված, եթե դիմումի մեջ նշված է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ հասցեն կամ անշարժ գույքի գտնվելու վայրի նկարագիրը՝ տվյալ միավորի նկատմամբ իրավունք ունեցող որեւէ սուբյեկտի անվան (անվանման) հետ միաժամանակ, կամ դիմումի հետ ներկայացվել է անշարժ գույքի միավորի նշագրմամբ կադաստրային քարտեզի համապատասխան հատվածը:

3. Անձի վերաբերյալ տվյալները համարվում են նույնականացված, եթե դիմումում առնվազն նշված են `

1) ֆիզիկական անձի դեպքում՝

ա. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը եւ ծննդյան ամսաթիվը,

բ. ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի անվանումը եւ համարը,

գ. ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը.

2) իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման փաստաթղթերում առկայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:

4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:

5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումների հիման վրա տեղեկատվության տրամադրման առավել սեղմ ժամկետներ:

6. Եթե դիմումը վերաբերում է որեւէ աշխարհագրական տարածքում կամ որեւէ ընդհանուր բնութագիր ունեցող չնույնականացված անշարժ գույքի միավորների վերաբերյալ ամփոփ, վերլուծական կամ այլ բնույթի տեղեկությունների տրամադրմանը, եւ հայցվող տեղեկատվությունը նախապատրաստելու համար գրանցող մարմինը պետք է կատարի անշարժ գույքի միավորների նույնականացման եւ տեղեկությունների որոնման կամ տարբեր նյութական կրիչների վրա գտնվող տեղեկությունների համադրման աշխատանքներ, ապա նման տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է 25 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին դիմումը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացվում է դիմողը` նշելով հետաձգման պատճառները, տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը եւ տեղեկատվության տրամադրման համար վճարի չափը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նույնականացման ենթակա անշարժ գույքի միավորների քանակը:»:

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածի վերնագրում եւ 35-րդ, 39-րդ, 41-րդ,   41.1-ին հոդվածների տեքստում «չեղարկելը» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ուժը կորցրած ճանաչելը» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 18. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «որեւէ» բառը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով եւ հանել երկրորդ նախադասությունը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գործող սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման իրականացվում է`

1) գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ.

2) պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման դեպքում՝ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի դիմումի եւ իրավասու մարմնի կողմից համապատասխան ուղղումը կատարելու մասին գրության հիման վրա:»:

Հոդված 19. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Անշարժ գույքի հասցեների գրանցման առանձնահատկությունները

1. Անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների որոշումների (այսուհետ՝ հասցեավորման որոշումներ) հիման վրա անշարժ գույքի նոր հասցեներ տրամադրվելու կամ անշարժ գույքի հասցեների փոփոխության դեպքում գույքի իրավատիրոջ կամ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ իրականացվում է անշարժ գույքի հասցեի գրանցում:

2. Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումին կից ներկայացված հասցեավորման որոշման հիման վրա հասցեն գրանցվում է իրավունքի պետական գրանցման ընթացքում՝ դրա վարույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

3. Նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցումը կարող է իրականացվել նաեւ առանձին՝ առանց գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու:

4. Նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցումն իրականացվում է գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում՝ անշարժ գույքի միավորի հասցեի համար նախատեսված դաշտում նոր գրառում իրականացնելու կամ առկա գրառումը փոփոխելու միջոցով:

5. Անշարժ գույքի հասցեն համարվում է տրամադրված կամ փոփոխված` գրանցման մատյանում նոր կամ փոփոխված հասցեն գրանցելու պահից:

6. Հասցեների գրանցման արդյունքում անշարժ գույքի պետական ռեգիստրը ստեղծում եւ վարում է անշարժ գույքի հասցեների ռեեստր:

Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաեւ անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հասցեավորման կարգի պահանջներին անշարժ գույքի հասցեավորումը համապատասխանեցնելու (հասցեավորման կանոնակարգում) գործառույթի իրականացման շրջանակներում անշարժ գույքի հասցեների գրանցումը կարող է իրականացվել նաեւ անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների ներկայացմամբ:

8. Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցման հիմքով անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձանց դիմումով նրանց տրամադրվում է նոր գրանցման վկայական` հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով:»:

Հոդված 20. Օրենքի 71-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 71. Պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման վճարովիությունը

1. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների` դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաեւ անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված համապատասխան հաշվին  պետական բյուջե գանձվում է վճար՝ սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված չափով, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված անվճար պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դեպքերի:»:

Հոդված 21. Օրենքի 73-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) անշարժ գույքի օբյեկտի գրանցման դեպքում անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող ամբողջ հաղորդակցության ցանցի կամ դրա մասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար` 25000 դրամ.».

2) 1-ին մասի 5-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակումների դեպքերի» բառերով.

3) 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-11.6-րդ կետերով.

«11.1) անշարժ գույքի միավորի նկատմամբ բոլոր գրանցված սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, բացառությամբ սույն մասի 11.2-րդ կետով սահմանված դեպքերի ` 5000 դրամ.

11.2)  գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ գրանցված բոլոր սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.

11.3) անշարժ գույքի միավորի նկատմամբ բոլոր գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, բացառությամբ սույն մասի 11.4-րդ կետով սահմանված դեպքերի` 5000 դրամ.

11.4) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ բոլոր գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար ` 500 դրամ.

11.5) անշարժ գույքի միավորի կամ դրա որեւէ մասի նկատմամբ միեւնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ  տեղեկատվության տրամադրման համար՝ 1000 դրամ.

11.6) անշարժ գույքի միավորի (հողամասի եւ շինության) կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար ` 1000 դրամ.».

5) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) անշարժ գույքի վերաբերյալ սույն մասի 9-11.6-րդ կետերով չնախատեսված այլ տեղեկատվության, ինչպես նաեւ միեւնույն սուբյեկտին որեւէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝

ա. մեկից մինչեւ հարյուր միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ յուրաքանչյուր միավորի համար՝ 1000 դրամ,

բ. հարյուրից մինչեւ երկու հարյուր միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ 100000 դրամ՝ գումարած հարյուր միավորը գերազանցող յուրաքանչյուր միավորի համար՝ 500 դրամ,

գ. երկու հարյուրից մինչեւ հազար միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ 150000 դրամ՝ գումարած երկու հարյուր միավորը գերազանցող յուրաքանչյուր միավորի համար՝ 200 դրամ,

դ. հազարից ավել միավոր անշարժ գույքի կամ սուբյեկտի վերաբերյալ՝ 310000 դրամ՝ գումարած հազար միավորը գերազանցող յուրաքանչյուր միավորի համար՝ 100 դրամ:

Ընդ որում, միեւնույն սուբյեկտի կողմից սույն կետով սահմանված տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնելու ժամանակ վճարների սահմանաչափերը հաշվարկելիս հաշվի է առնվում տվյալ սուբյեկտին մեկ օրացուցային տարվա կտրվածքով պետական լիազոր մարմնի տրամադրած նմանատիպ տեղեկատվության միավորների գումարային քանակը:».

6) 1-ին մասի 14-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 14.1-ին կետով սահմանված դեպքերի» բառերով, իսկ նույն կետի «7000» թիվը փոխարինել «5000» թվով.

7) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար՝ 1000 դրամ.».

8) 1-ին մասի 15-րդ կետը «լուսապատճեններ» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով)» բառերով.

9) 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) կադաստրային հատակագծերի եւ քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի (հողամասի) համար` 100 դրամ.».

10) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-16.3-րդ կետերով.

«16.1) կադաստրային քարտեզների (հատակագծերի) թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ մեկ համայնքի (Երեւան քաղաքում` վարչական շրջանի) յուրաքանչյուր թեմատիկ շերտում (տվյալների համախմբում) ընդգրկված տեղեկատվության համար` 5000 դրամ.

16.2) անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների (Երեւան քաղաքում` վարչական շրջանների) կադաստրային քարտեզների բազային եւ թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝

ա. սկզբնական տրամադրման համար` 300000 դրամ,

բ. տրամադրված քարտեզների յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար` 50000 դրամ.

16.3) սույն մասի 16.2-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձեւը եւ դրա հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

11) 1-ին մասի 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26-րդ կետով.

«26) ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝ ամսական 5000 դրամ.».

12) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պետական գրանցման ծառայության մատուցման համար գանձվող վճարների առանձնահատկություններն են`

1) անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի գույքային իրավունքներ գրանցելու դեպքում, եթե գրանցման արդյունքում կազմվում եւ տրամադրվում է մեկ գրանցման վկայական, ապա գանձվում է պետական գրանցման մեկ` սույն օրենքով սահմանված առավելագույն բարձր վճար.

2) գույքի կամ դրա որեւէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման դեպքում, եթե այն պայմանավորված է սեփականության կամ այլ իրավունքների դադարմամբ, իրավունքի դադարման պետական գրանցման վճար չի գանձվում:»:

Հոդված 22. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 73.1-ին հոդվածով.

«Հոդված 73.1. Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման եւ այլ ծառայությունների համար գանձված վճարների վերադարձման կարգը

1. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման եւ այլ ծառայությունների համար գանձված վճարի ավել կամ սխալմամբ վճարված գումարները ենթակա են վերադարձման` պետական գրանցման կամ տեղեկատվության համար` վճարող անձի դիմումի հիման վրա` դիմումը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային oրվա ընթացքում, եթե այն ներկայացվել է վճարը կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից  երեք տարուց ոչ ուշ:

2. Վճարված գումարներն ամբողջությամբ կամ մասնակի վերադարձնելու վերաբերյալ դիմումի հետ պետք է ներկայացվի վճարումը հաստատող փաստաթուղթը, եթե այն նախկինում չէր ներկայացվել անշարժ գույքի պետական ռեգիստր կամ ներկայացվելուց հետո վերադարձվել է ներկայացնողին:

3. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման եւ այլ ծառայությունների համար գանձված վճարը ենթակա է վերադարձման`

1) մաuնակի, եթե վճարը վճարվել է ավելի, քան uահմանված է սույն օրենքով.

2) լրիվ, եթե վճարը վճարվել է սխալմամբ, կամ վճար գանձող մարմնի կողմից կասեցվել կամ մերժվել կամ դադարեցվել է համապատաuխան գործողությունների կատարումը:»:

Հոդված 23. Օրենքի 74-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 74. Պետական գրանցման եւ տեղեկատվության ժամկետները

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաեւ արագացված կարգով, որի դեպքում սույն օրենքով սահմանված վճարները բազմապատկվում են հետեւյալ գործակիցներով.

1) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում` երկու գործակցով.

2) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում` երեք գործակցով:

3) որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, պետական գրանցում կատարելու դեպքում` վեց գործակցով:

3. Իրավունքի դադարման պետական գրանցումը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Եթե իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված այլ իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմում, ապա դադարման պետական գրանցումն իրականացվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

4. Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է, եւ դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է հասցեի գրանցման վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:

Եթե սույն մասով նախատեսված հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցում կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

5. Անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է, եւ դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Եթե սույն մասով նախատեսված գրառումը կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

6. Իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:

7. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ժամանակ թույլ տրված սխալի ուղղումը կատարվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը:

8. Անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում` միասնական տեղեկանքի ձեւով) տրամադրվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններով սահմանված դեպքերի:

Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաեւ դիմումը ներկայացվելու օրվանից հետո` 2-րդ աշխատանքային օրը, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է երկու գործակցով:

Դիմողի ցանկությամբ գրանցված անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում` միասնական տեղեկանքի ձեւով) կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է վեց գործակցով:

9. Սույն հոդվածի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված աշխատանքները կարող են կատարվել նաեւ արագացված կարգով՝ սույն  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին համապատասխան:

10. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 8-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դիմումները կարող են ներկայացվել մինչեւ աշխատանքային օրվա ավարտից երկու ժամ առաջ:

11. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 15-25-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, իսկ դիմողի ցանկությամբ` նաեւ դիմումը ներկայացվելու օրվա հաջորդ աշխատանքային օրը` տեղեկատվության վճարի նկատմամբ կիրառելով երկու գործակիցը:

12. Սույն հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկը սկսվում է դիմումի մուտքագրման պահից:»:

Հոդված 24. Օրենքի 75-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով սահմանված արտոնությունները չեն տարածվում սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ արագացված կարգով իրավունքների պետական գրանցման վրա:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Ֆիզիկական անձինք կամ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի կամ գույքային իրավունքների մասին հայցվող՝ սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-12-րդ եւ 15-րդ (մինչեւ    10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) կետերով սահմանված տեղեկության համար ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:

Սույն մասով սահմանված արտոնությունները չեն տարածվում սույն օրենքի 74-րդ հոդվածի 8-րդ եւ 11-րդ մասերով սահմանված՝ արագացված կարգով տեղեկատվության տրամադրման վրա:».

3) 4-րդ մասի՝

ա. «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատախազությանը եւ քրեական հետապնդման այլ» բառերով,

բ. «կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին» բառերով,

գ. «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով,

դ.  «սահմանված կարգով տրամադրված» բառերից հետո լրացնել «տեղեկատվությունը, ինչպես նաեւ» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը այլ անձանց տրամադրվում է անվճար միայն «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 8-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ այլ օրենքով սահմանված դեպքերում:»:

Հոդված 25. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 76-րդ հոդվածով.

«Հոդված 76. Անցումային դրույթներ

Սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը չի տարածվում մինչեւ 1999 թվականի մայիսի 6-ը կնքված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ եւ սահմանափակումներ հաստատող գործարքների կամ պայմանագրերի վրա: Նշված փաuտաթղթերը, անկախ կնքման կամ հաuտատման ժամկետից, հիմք են համարվում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` իրավունք ձեռք բերած իրավատերերի կողմից uահմանված կարգով ներկայացվելու դեպքում:»:

Հոդված 26. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

«Հոդված 26.1. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթի համար դիմումների ընդունումը եւ այդ վարույթի իրականացման արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը լիազորված օպերատորի կողմից

1. Գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների, բացառությամբ իրավասու մարմինների կողմից քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության կամ վարչարարության կարգով կիրառված սահմանափակումների, պետական գրանցման, գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման նպատակով ներկայացվող դիմումների ընդունման, ինչպես նաեւ այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման արդյունքում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց կողմից կազմված վարույթի ավարտական փաստաթղթերը դիմողներին տրամադրելու գործառույթների իրականացման լիազորությունները կարող են վերապահվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորներին` անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Սույն մասով նախատեսված օպերատորի կողմից լիազորությունների իրականացման կարգը եւ պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտք գործելու համար նախատեսված մուտքի անվան տրամադրման համար վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորների կողմից անշարժ գույքի պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտքագրված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների եւ այդ փաստաթղթերի բնօրինակների համապատասխանության ապահովման պարտականությունը կրում է անշարժ գույքի պետական գրանցման ավտոմատացված համակարգ այդ փաստաթղթերը մուտքագրող օպերատորը:»:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.11.2016
ՀՕ-166