Russian    
Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին   (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.11.2016

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22) տեղեկություններ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ11-րդ մասով.

«11. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում իրավաբանական անձի նախնական գրանցման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, եթե առկա չեն 36-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերը, ապա պետական գրանցումն իրականացնող մարմինը եռօրյա, իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա ժամկետում իրականացնում է իրավաբանական անձի նախնական գրանցում, տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը եւ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը, ինչպես նաեւ տրամադրում է նախնական գրանցման վերաբերյալ քաղվածք: Ռեդոմիցիլացման նախնական գրանցման հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է շարունակականության նախնական փաստաթուղթ։ Օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման պետական գրանցում՝ որպես ռեդոմիցիլացման պահ նշելով՝

1) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը կամ

2) իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահը, եթե իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից ներկայացված է ստորագրված հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցումից սկսած մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման պահը գործարքներ չկնքելու վերաբերյալ։»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 8.1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՈՒՄԸ


Հոդված 36.1. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում
 

1. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է՝

1) նախնական գրանցման դիմում, որը պետք է ներառի՝

ա. իրավաբանական անձի առկա անվանումը եւ նշում նախընտրելի ֆիրմային անվանման վերաբերյալ (նոր անվանման նշումը համարվում է անվանման հայտի ներկայացում),

բ. հիմնական գործունեության տեսակը՝ ըստ գրանցումն իրականացնող մարմնի ներկայացրած դասակարգման,

գ. այն իրավազորությունը, որի ներքո օտարերկրյա իրավաբանական անձը գրանցված է,

դ. այն կազմակերպաիրավական ձեւը, որը ռեդոմիցիլացման արդյունքում համապատասխանում է իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձեւին իր նախկին գրանցման իրավազորությունում.

2) իրավաբանական անձի՝ օրենքով սահմանված իրավասու մարմնի՝ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին որոշումը կամ արձանագրությունը կամ դրա քաղվածքը, որը, ի լրումն սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ հետեւյալի մասին.

ա. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման վերաբերյալ,

բ. դրույթներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձեւի ընտրության վերաբերյալ,

գ. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվանման վերաբերյալ,

դ. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ.

3) քաղվածք տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը կամ դրանց համապատասխան քաղվածքները.

4) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները, ինչպես նաեւ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

5)պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

6) ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ընդունված կանոնադրությունը՝ առնվազն երկու օրինակից.

7) եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն մասնակից իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը եւ պետական գրանցման համարը.

8) եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա ներկայացնում է նաեւ քաղվածք տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից կամ մասնակից օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները), եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը (սույն կետը չի տարածվում այն ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձանց վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելուց հետո ունենալու են այնպիսի կազմակերպական-իրավական ձեւ, որի մասնակիցների կամ հիմնադիրների ցուցակը չի վարվում գրանցում իրականացնող մարմնի կողմից).

9) մինչեւ ռեդոմիցիլացումը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի գործող կանոնադրության օրինակը:

2. Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման գրանցման նպատակով վերը նշված տվյալները, տեղեկությունները, պատշաճ վավերացված եւ հայերեն թարգմանված փաստաթղթերը գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, ապա գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում եւ տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:

Նախնական գրանցման դիմումի հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինն իրավաբանական անձին տրամադրում է շարունակականության նախնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ։

3. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման համար օտարերկրյա իրավաբանական անձը դիմումին կից ներկայացնում է`

1) օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթ.

2) ըստ անհրաժեշտության` օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը նախնական գրանցման պահից գրանցելու համար ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի լիազոր մարմնի հայտարարությունն առ այն, որ իրավաբանական անձը ռեդոմիցիլացման նախնական գրանցման վերաբերյալ փաստաթուղթն ստանալուց հետո չի իրականացրել եւ չի իրականացնի որեւէ գործարք մինչեւ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցումը։

4. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմինը գրանցամատյանում իրականացնում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում եւ տրամադրում է շարունակականության փաստաթուղթ:
 

Հոդված 36.2. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացումը
 

1. Հայաստանի Հանրապետության՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը մինչեւ ռեդոմիցիլացումը կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դիմում ռեդոմիցիլացման մտադրության մասին.

2) ռեդոմիցիլացման վերաբերյալ իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը, որը պետք է դրույթներ պարունակի այն օտարերկրյա պետության մասին, որտեղ իրավաբանական անձը պատրաստվում է ռեդոմիցիլացվել, ինչպես նաեւ ռեդոմիցիլացման կապակցությամբ իրավաբանական անձի պարտատերերին ծանուցելու ժամկետի վերաբերյալ, եթե այդ ժամկետը գերազանցում է երեք ամիսը.

3) օրենքով սահմանված կարգով պարտատերերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) ծանուցումն իրականացնելու վերաբերյալ ապացույցները.

4) պետական տուրքի վճարման ապացույցը.

5) օտարերկրյա օրենսդրությանը համապատասխան՝ տվյալ երկրում ռեդոմիցիլացման հնարավորության վերաբերյալ փաստաթուղթ։

2. Հայաստանի Հանրապետության՝ օտարերկրյա պետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը ռեդոմիցիլացման գրանցման նպատակով գրանցում իրականացնող մարմին է ներկայացնում`

1) դիմում ռեդոմիցիլացման մասին, որը պետք է ներառի`

ա. իրավաբանական անձի անվանումը եւ գրանցման համարը,

բ. տեղեկություններ այն պետության մասին, որտեղ ռեդոմիցիլացվում է իրավաբանական անձը,

գ. տեղեկություններ ռեդոմիցիլացման արդյունքում ձեռք բերվող կազմակերպական-իրավական ձեւի եւ իրավաբանական անձի անվանման մասին,

դ. ռեդոմիցիլացված կազմակերպության՝ օտարերկրյա պետությունում գործունեության կամ գրանցման հասցեն, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստը եւ հեռախոսահամարը՝ առկայության դեպքում,

ե. օտարերկրյա պետության գրանցումն իրականացնող մարմնի անվանումը, հասցեն.

2) պատշաճ վավերացրած եւ հայերեն թարգմանված պաշտոնական փաստաթուղթ օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնից՝ տվյալ երկրում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հնարավորության մասին.

3) քաղվածք օտարերկրյա պետության առեւտրային գրանցամատյանից կամ շարունակականության փաստաթուղթ կամ օտարերկրյա պետությունում իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հավաստող այլ համազոր փաստաթուղթ.

4) պարտավորությունները վաղաժամկետ կատարելու պահանջ ներկայացրած պարտատերերից տեղեկանք, պայմանագիր կամ այլ փաստաթուղթ՝ պարտավորությունները ամբողջությամբ կատարած լինելու վերաբերյալ, կամ համապատասխան դատական ակտ.

5) տեղեկանք Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից սնանկության վարույթում չգտնվելու եւ սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ.

6) տեղեկանք Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններից՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ.

7) տեղեկանք Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, որ կազմակերպությունը չի հանդիսանում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություն, կամ առկա չէ տվյալ իրավաբանական անձի մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունենալու վերաբերյալ վարչական վարույթ.

8) տեղեկանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից այն մասին, որ կազմակերպությունը չի հանդիսանում կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն, կամ առկա չէ այդ հարցի վերաբերյալ հարուցված եւ չավարտված վարչական վարույթ.

9) օրենքով սահմանված այլ փաստաթղթեր։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-9-րդ կետերում նշված փաստաթղթերը դիմող իրավաբանական անձի կողմից չներկայացվելու դեպքում գրանցում իրականացնող մարմինը դիմում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, նշված փաստաթղթերով հավաստվող հանգամանքների վերաբերյալ հարցում է իրականացնում համապատասխան մարմիններին։ Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով։ Նշված մարմինների կողմից համապատասխան հարցումների վերաբերյալ պատասխան է տրվում տասնօրյա ժամկետում։ Սույն մասով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ մարմնի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ համապատասխան պարտավորությունների բացակայության հավաստում։

Հոդված 36.3. Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկանքը
 

1. Գրանցումն իրականացնող մարմինը պարտավոր է անձի դիմումի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած նմուշային ձեւի տեղեկանք՝ իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման՝ օրենսդրությամբ սահմանված հնարավորության վերաբերյալ։

2. Նշված տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում։

Հոդված 36.4. Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացման գրանցումը

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո, եթե առկա չեն սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը, ապա գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրանցում, իսկ օտարերկրյա պետությունում տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ ապացույցի ներկայացման դեպքում եռօրյա (իսկ ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա) ժամկետում իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում։ Ռեդոմիցիլացման վերաբերյալ հանրամատչելի տեղեկություններն են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը, գտնվելու վայրը, ռեդոմիցիլացման երկիրը, կոնտակտային տվյալները։»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ռեդոմիցիլացման նպատակով դիմել է այն պետության իրավաբանական անձ, որը նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների ցանկում, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության տարածքում։»:

Հոդված 5. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը «ձեւավորման կամ փոփոխության դեպքում առեւտրային կազմակերպության» բառերից հետո լրացնել«(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացված)» բառերով։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.11.2016
ՀՕ-207