Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 190.1-ին հոդվածով.

«Հոդված  190.1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը

1. Ինսայդերի կողմից դիտավորությամբ ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք գնելը կամ վաճառելը կամ ներքին տեղեկությունների ապօրինի տրամադրումը երրորդ անձանց, որի արդյունքում ստացել է զգալի չափով շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը`

1) որի արդյունքում ստացել է խոշոր չափի շահույթ,

2)  որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ չորսից յոթ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը`

1) որի արդյունքում ստացել է առանձնապես խոշոր չափի շահույթ,

2) որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

3) որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում եւ սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն հոդվածում եւ սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն հոդվածում եւ սույն օրենսգրքի 190.2-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի քառասունհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 2. Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 190.2-րդ հոդվածով.

«Հոդված 190.2. Գնային չարաշահումը

1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4 կետերով նախատեսված արարքներից որեւէ մեկի կատարումը, որը առաջացրել է զգալի չափով վնաս`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) առաջացրել է խոշոր չափի վնաս,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս,

2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.12.2016
ՀՕ-212